Օրագրից

Օրագրից (1971-1996)

26.4.1992. Հիշում եմ նաև մի կոնֆերանս, որը կայացավ 70-ական թվականներին Դյուսսելդորֆում: Դա փիլիսոփաների կոնֆերանս էր: Այդ ժամանակ Ակադեմիայում սկսում էր ամրանալ այն տեսակետը, որ միայն պրոֆեսիոնալ փիլիսոփաների միջոցով (մարքսիստների միջոցով) խորհրդային փիլիսոփայությունը չի կարող հեղինակություն ձեռք բերել աշխարհում: Այդ պատճառով ակադեմիկոս Ֆեդոսեևը, որը որպես Ակադեմիայի փոխպրեզիդենտ Մոսկվայի Ակադեմիայում ղեկավարում էր փիլիսոփայական գիտությունները, այն գիծն էր վարում, որ լինի փիլիսոփաների և բնագետների դաշինք: Ֆեդոսեևը գիտեր, որ ինձ հետաքրքրում էն բնագիտության ընդհանուր խնդիրները, և երբ 70-ական թվականներին կայացավ փիլիսոփաների համագումարը Դյուսսելդորֆում, խորհրդային պատվիրակության մեջ մտցրին մի շարք բնագետների, այդ թվում և ինձ: Ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են անցկացվում փիլիսոփաների համագումարները, և ես համաձայնվեցի գնալ: Իմ ելույթում նշեցի, որ վաղուց արդեն անցել է տիեզերածնական վարկածների ժամանակաշրջանը, և որ այսօրվա աստղաֆիզիկան, դիտողական ճանապարհով ուսումնասիրելով տիեզերքում տեղի ունեցող փոփոխությունները, փնտրում է այդ փոփոխությունների մեջ գոյություն ունեցող կապերը և վերականգնում է «շղթաներ», որոնք հետագայում տեղավորվում են էվոլյուցիայի առանձին հատվածների պատկերների մեջ: Այդպես է առաջանում էվոլյուցիայի նոր, ավելի բարդ պատկերը, որը շատ ավելի հուսալի և կոնկրետ հիմքեր ունի, քան անցյալի քիչ թե շատ կամայական և հիմնականում անհաջող տիեզերածնական տեսությունները:

Ամերիկայում լույս է տեսնում տարեգրքերի շարք` նվիրված աստղագիտության առավել կարևոր արդյունքներին: Ութսունական թվականների սկզբներին այս շարքի հրատարակչությունը որոշել էր իր հատորներից մեկի սկզբում տալ իմ գործունեության ամփոփումը: Ոգևորվեցի և գրեցի մի կարճ ամփոփում, որը հրատարակվեց որպես նշված հատորներից մեկի ներածություն:

Իմ հայացքները շատ խնդիրներում տարբերվում էին այն ժամանակվա տարածված տեսակետներից: Այժմ աստղաֆիզիկան ավելի մեծ չափով է յուրացրել էվոլյուցիոն գաղափարները: Այժմ կարելի է պնդել, որ ակնհայտ փաստ է աստղաֆիզիկայի նոր բովանդակությունը` որպես գիտություն տիեզերքի զարգացման մասին: Դա այն է, ինչին ես ձգտել եմ սկսած երեսնական թվականներից, և որի արդյունքն են եղել հետևյալ աշխատանքները.

  • բաց աստղակույտերի քայքայման պատկերացման մշակումը,
  • կրկնակի աստղերի քայքայման բացահայտումը,
  • Գալակտիկայի տարիքի գնահատումը,
  • աստղասփյուռների հայտնաբերումը,
  • գալակտիկաների միջուկների ակտիվ դերի բացահայտումը և այլն:

Այսպիսին է իմ կյանքի ընթացքում լուծված գլխավոր գիտական խնդիրը:

Նոր, ավելի խոշոր խնդիրների լուծման համար պետք է սպասել նոր փաստերի կուտակման: Այսօր այդ կուտակումն ընթացքի մեջ է, և աստղաֆիզիկոսների նոր սերունդը նրանց ուսումնասիրության հիման վրա կկատարի նոր գիտական ամփոփումներ:

28.4.1992. Քանի որ մինչև 1985 թվականը Գերագույն Խորհրդի որոշումները կանխորոշված էին և ընդունվում էին միաձայն, պատգամավոր լինելը կապված չէր պարլամենտական պայքարի հետ: Սակայն 1985 թվականից հետո պատգամավորի դրությունը դարձավ ավելի պատասխանատու, մանավանդ Ղարաբաղի խնդրի սրման կապակցությամբ: Հայերը համարում էին և մինչև այժմ էլ համարում են, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է: Այդ մասին եղավ նաև Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշում, սակայն Ադրբեջանը դեմ էր այդ որոշմանը:

Մ. Ս. Գորբաչովը փորձեց հավաքել ադրբեջանցիներին և հայերին, Գերագույն Խորհրդի պատգամավորներին` համաձայնության հասնելու: Ինքը` Գորբաչովը, միշտ ներկա էր այդ հավաքներին: Մինչև 1989 թվականը կայացան մի քանի այդպիսի հանդիպումներ, բայց մենք ոչ մի համաձայնության չեկանք:

1990 թվականի սեպտեմբերի սկզբներին Հայաստանի հինգ պատգամավորներ հացադուլ հայտարարեցին: Ես այցելեցի նրանց «Մոսկվա» հյուրանոցում և միացա նրանց հացադուլին: Մոսկվայի թերթերը լռում էին մեր հացադուլի մասին, բայց մամուլը տեղյակ էր: Իմ հացադուլը տևեց ինը օր: Այդ ժամանակ լրացավ իմ ութսուներկու տարին: Ամեն օր գալիս էին հեռագրեր Հայաստանից, Միության և արտասահմանի գիտնականներից, որոնք համոզում էին, որ իմ տարիքում ես չպետք է վտանգի ենթարկեմ իմ առողջությունը: Ինձ մոտ եկան նաև Միության Գերագույն Խորհրդի պատգամավորները, բերեցին նամակ Գորբաչովից, որը շնորհավորում էր իմ ծննդյան օրը և խնդրում դադարեցնել հացադուլը: Հացադուլի վերաբերյալ անհանգստացած էր նաև Համամիութենական Ակադեմիան, և ես համաձայնվեցի այցելել Ակադեմիայի շենքը, որտեղ հավաքվել էին իմ մի քանի ակադեմիկոս-բարեկամներ: Ես զիջեցի միայն Վեհափառի հորդորանքին և իններորդ օրը «Մոսկվա» հյուրանոցից տեղափոխվեցի «Ուզկոյե» առողջարան, որտեղ ինձ սպասում էր Վերա Ֆյոդորովնան:

Մի քանի օր անց ես ու Վերան վերադարձանք Երևան: Օդանավակայանում ինձ բավականին շատ մարդիկ էին դիմավորում, այդ թվում նաև ՀՀՇ-ի ներկայացուցիչները: Մոտավորապես այդ ժամանակից սկսած Հայաստանում վերացվեց կոմունիստների ղեկավարությունը, և իշխանությունը անցավ ՀՀՇ-ի ձեռքը:

2.5.1992. Ավելի քան մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Հայաստանը հայտարարեց իր անկախությունը, և համարյա իննը ամիս այն հանրաքվեից հետո, երբ ժողովուրդը անմիջապես հաստատեց իր անկախությունը: Այդ ընթացքում մեր անկախությունը ճանաչվեց մի քանի տասնյակ պետությունների կողմից, իսկ մի քանի երկրների հետ` այդ թվում և ԱՄՆ-ի, հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: Ավելին, Ռուսաստանը ցանկանում է բացել իր դեսպանությունը Երևանում: Իրանը վատ չի վերաբերվում մեզ: Սակայն մեր արևելյան և արևմտյան հարևանները այլ կերպ են նայում: Այսպիսով, կարելի է ասել, որ մենք գտնվում ենք քաղաքական մի նեղուցում, որը ստեղծում է մեծ տնտեսական դժվարություններ:

Ներքին բացասական երևույթները, այդ թվում մինչև բավականին բարձր շերտերի հասնող կաշառակերությունը, հասցրել են այն բանի, որ շատերը կորցրել են ազնիվ և պատիվ ունեցող մարդու դեմքը: Ոչ ոք չի զբաղվում երիտասարդության բարոյական դաստիարակության խնդրով: Ահա այն խնդիրը, որով ավագ սերնդի ներկայացուցիչներս պետք է ավելի լուրջ զբաղվենք:

26.10.1992. Անկախությունը դարձել է իրականություն, բայց կյանքը վերջին ամիսներին բավական դժվարացել է: Սակայն պետք է ասել, որ փոփոխությունների համար պետք է վճարել դրանց գինը: Համոզված եմ, որ դժվարությունները տևելու են ոչ թե մեկ տարի, այլ գուցե տասնյակ տարիներ: Դա անխուսափելի է:

5.7.1993. Բյուրական: Անցած ամիսների ընթացքում իմ որդու` Ռուբենի նախաձեռնությամբ ամերիկյան «Ալերտոն պրես» հրատարակչությունից ստացվեց համաձայնություն` հրատարակելու իմ աշխատությունների ընտրանին անգլերեն լեզվով: Հոդվածների ընտրության հարցում ինձ օգնեց Ռուբենը: Շատ աշխատություններ հենց սկզբից տպագրվել էին անգլերեն տարբեր ժողովածուներում և ամսագրերում: Մնացածները ես և Ռուբենը թարգմանեցինք և խմբագրեցինք այս տարվա փետրվարին:

15.7.1993. Այս երկու օրը բավականաչափ կարդում էի մեր հայ բանաստեղծների ոտանավորները: Այս անգամ կարդում էի Տերյանի և Չարենցի երկերը: Պետք է ասեմ, որ մինչև վերջերս իմ մեջ արմատացած էր այն կարծիքը, որ Տերյանն ավելի բարձր է, քան Չարենցը: Բայց այժմ եկա այն համոզման, որ չարաչար սխալվել եմ: Տերյանը քնարերգու է: Այդպիսի լիրիկներ յուրաքանչյուր ազգ XIX-XX դարերում ունեցել է մի քանիսը: 0րինակ, Ռուսաստանն ունեցել է Բլոկ, Անդրեյ Բելի, Բալմոնտ, Եսենին և այլն: Յուրահատուկ է Չարենցը. նա նման չէ ոչ մի ուրիշ խոշոր բանաստեղծի:

19.9.1993. Ընտրանին, որն անվանել եմ «A life in Astrophysics», ավարտված է: Երեկ ես և Վերա Ֆյոդորովնան Բյուրականում նշեցինք իմ 85-ամյակը: Բացի դրանից, առավոտյան աստղադիտարանի աշխատակիցները ինձ հրավիրեցին թեյի գլխավոր շենքում:

5.6.1994. Մի երկու շաբաթ սրանից առաջ նշվեց Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի 50-ամյակը:

Այդ հիսուն տարիներից քառասունվեցի ընթացքում ես եղել եմ Ակադեմիայի նախագահը, և այդ հոբելյանը ինձ համար մեծ նշանակություն ուներ: Հոբելյանին հատուկ պատվիրակություն էր եկել Ռուսաստանի Դաշնության Ակադեմիայի անունից: Ջերմ ողջույններ էին ստացվել այլ հանրապետություններից, մասնավորապես Ուկրաինայի Ակադեմիայի նախագահ Պատոնից, որի հետ վերջին տարիների ընթացքում բավականին մտերմացել էի:

Կարդացի զեկուցում Հայաստանում ճշգրիտ գիտությունների զարգացման մասին: Տեղի ունեցավ նաև համերգ Երևանի Օպերայի դահլիճում և ընթրիք: Սակայն ես այնքան էի հոգնել, որ չկարողացա մասնակցել եզրափակիչ ընթրիքին:

1.4.1995. Այս երկու օրվա ընթացքում պետք է ընտրվի նոր կաթողիկոս: Շատերը անտարբեր են ընտրության արդյունքի նկատմամբ, սակայն ես հասկանում եմ, որ այդ ընտրությունները մեր ժողովրդի համար շատ մեծ նշանակություն ունեն: Չէ՞ որ հայերս չունենք ոչ մի այլ ղեկավար, որը միավորի մեր ամբողջ աշխարհացրիվ ժողովուրդը:

Ես հավատացյալ չեմ, բայց բարձր եմ գնահատում ամեն մի երևույթ, որ նպաստում է հայ ազգի միասնությանը և մեր ժողովորդի ներքին խաղաղությանը: Ցանկանում եմ, որ ընտրվի մի այնպիսի թեկնածու, որ ակտիվորեն գործի այդ ուղղությամբ:

4.4.1995. Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել կաթողիկոսական ընտրությունների արդյունքը: Ընտրված է Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Իմ կարծիքով, հայերի մեջ ուժեղանում է համազգային և պետական զգացմունքը: Տա Աստված, որ այդպես էլ շարունակվի: Իսկ մենք մեզ շնորհավորենք նոր հոգևոր առաջնորդ ձեռք բերելու կապակցությամբ:

Իմ մեջ գնալով ուժեղանում է գիտակցությունը, որ մեր ժողովուրդի միասնականության համար կրոնը շատ դրական դեր է խաղում, մինչև անգամ մեր «անաստված» ժամանակներում:

7.4.1995. Չեչնիայում ապստամբությունը շարունակվում է, բայց հիմնականում կազմակերպված դիմադրությունը հաղթահարված է: Ես ռուսների կողմն եմ: Եվ ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել, եթե այսօր, ինչպես և անցյալում, ռուսական զորքերի ներկայությունն է, որ Հայաստանում երաշխավորում է ոչ միայն մեր պետականությունը, այլև մեր գոյությունը: Շնորհիվ ռուսների մենք իշխում ենք Ղարաբաղում, Լաչինում և Քելբաջարում:

8-9.5.1995. Մայիսի 9-ին Ղարաբաղում կայանալու էր տոնակատարություն` նվիրված Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 50-ամյակին և Շուշիի ազատագրման երրորդ տարեդարձին: Ինձ և իմ դուստր` Կարինեին առաջարկեցին գնալ Ղարաբաղ` Հայաստանի պատվիրակության կազմում: Մեկնեցինք 8-ին և վերադարձանք ամսի 9-ի երեկոյան:

Այցելությունը շատ հետաքրքիր էր:

Հաղթանակի կապակցությամբ մեզ ցույց տրված զորահանդեսը շատ տպավորիչ էր: Բացի դրանից, մեզ ուղղաթիռով տարան Գանձասար և ցույց տվեցին այնտեղի հոյակապ հսկայական վանքը: Դա ևս ինձ վրա մեծ տպավորություն գործեց:

Ամենաուրախալի տպավորություններից մեկը նաև էքսկուրսիան էր դեպի սարեր և այնտեղ ընդհանուր ճաշկերույթը բաց օդում:

24.5.1995. Այսօր Մոսկվայից մեզ մոտ այցելության եկավ մեր որդին` Ռաֆայելը: Շատ ուրախացանք: Նա համարյա տաս օր կմնա այստեղ:

27.8.1995. Հունիսի առաջին տասնօրյակից մինչև օգոստոսի վերջը մենք գտնվում ենք Բյուրականում: Այստեղ կյանքը նորմալ էր: Տեղի ունեցան հետևյալ նորությունները:

Հուլիսի 3-4-ին եկան Մոսկվայից իմ թոռը` Վերոչկան, և նրա ամուսինը` Սերգեյը, որոնք երեք օր մնացին Բյուրականում:

Հուլիսին ես հիվանդացա, և ուզում էին ինձ վիրահատել: Ես վճռականապես հրաժարվեցի վիրահատությունից և կարողացա առողջանալ:

Վերա Ֆյոդորովնան ունեցավ ստամոքսի զննում: Նրան նույնպես տարան հիվանդանոց, մի շաբաթ` օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 11-ը, նա մնաց հիվանդանոցում, և Հեղուշը նրա հետ էր: Աշտարակի հիվանդանոցի բժիշկները և առանձնապես մեր ծանոթ բժիշկ Րաֆֆին մեծ ուշադրությամբ էին վերաբերվում նրան: Շուտով Վերա Ֆյոդորովնան վերադարձավ տուն և այստեղ մի շաբաթ ևս պառկած էր: Այժմ դրությունը բարելավվել է, և նա ման է գալիս տանը և այգում:

Օգոստոսի վերջերին մեզ հասավ հայտնի հնդիկ (ամերիկայում ապրող) աստղագետ Չանդրասեկհարի մահվան լուրը: Որքան ես գիտեմ, նա ինձնից երկու տարով երիտասարդ էր: Մենք իրար հետ շատ լավ հարաբերությունների մեջ էինք: Բայց ինչ արած: Երբ մարդու տարիքը մոտենում է 90-ի, նա պետք է հաշտվի իր ծանոթների և բարեկամների մահվան երևույթի հետ: Այս դեպքում է, երբ մարդ մտածում է, որ ավելի լավ է ունենալ այս երկրագնդի վրա ավելի կարճ սեփական կյանք: Բայց ով գիտի, որն է լավը:

Օգոստոսի 20-ին լուր ստացանք, որ Լենինգրադում ծնվել է իմ 8-րդ ծոռը` Միքայելը:

26.10.1995. Վերա Ֆյոդորովնայի մահը տեղի ունեցավ 1995 թվականի սեպտեմբերի 20-ին Աշտարակի հիվանդանոցում: Նրան թաղեցինք Բյուրականի աստղադիտարանի գերեզմանոցում: Այժմ անցել է նրա մահից մոտ մեկ ու կես ամիս, բայց, չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ դա պատահել է շատ և շատ վաղուց:

Երբ մտածում եմ Վերա Ֆյոդորովնայի մահվան մասին, կյանքը ինձ ինչ-որ տարօրինակ երևույթ է թվում, կորցրել է զգալի չափով իր նախկին իմաստը: Միևնույն ժամանակ որդիներս (Ռաֆիկը, Կարինեն, Ռուբենը և Հեղուշը) ամեն ինչ արեցին` թեթևացնելու իմ ստացած հարվածը:

5.11.1995. Յուրան և Կարինեն ինձ տարան Աշտարակի շրջակայքում զբոսնելու: Եղանք այնպիսի տեղերում, որտեղ նախկինում երբեք չէի եղել: Վերադարձանք լավ տպավորություններով, բայց բավականին հոգնած: Ռուբենը իմաց է տվել, որ այսօր գալու է, և սպասում եմ նրան:

7.11.1995. Այսօր մեկ ամիս և 17 օր է անցել Վերա Ֆյոդորովնայի մահվան օրվանից: Էլի ամեն ժամ զգում եմ նրա բացակայությունը:

9.11.1995. Շարունակում ենք մեր սովորական կյանքը Բագավանում: Բացի Յուրայից և Կարինեից, մեզ հետ են Մաշան` Կարինեի աղջիկը, և նրա որդին` Սլավիկը:

10.11.1995. Ցերեկը եկավ Ռուբենը: Նա պատմեց իր նոր աշխատանքի մասին, որը կապված է, այսպես կոչված` Հիլբերտի 4-րդ պրոբլեմի հետ: Հարցը վերաբերում է մաթեմատիկայի չլուծված, դժվար պրոբլեմներից մեկին:

17.11.1995. Այսօր գնացինք Էջմիածին: Վաղո՜ւց է, որ չէի եղել Էջմիածնում: Փաստորեն մեր տան ամբողջ կազմը` Յուրան, Կարինեն, Մաշան, Սլավան և ես գնացինք մեքենայով: Եղանք մայր տաճարում, ինչպես և ս. Հռիփսիմեի վանքում: Վերջինը ամեն անգամ ինձ վրա հրաշալի տպավորություն է գործում: Հաջողվեց նաև լինել Էջմիածնի թանգարանում: Պետք է, ըստ երևույթին, ավելի հաճախ այցելել Էջմիածին:

1.12.1995. Այցելեցի Բյուրական: Այստեղ ամեն ինչ նորմալ է: Ծանոթացա ստացված գիտական ամսագրերի բովանդակության հետ: Առայժմ որևէ ցնցող հաղորդում չգտա:

4.12.1995. Մեզ մոտ` այստեղ` Բագավանում` բնակարանի ներսում, մոտ 20 աստիճան է: Իհարկե, այդ ջերմությունը ապահովվում է երկաթե վառարանի շնորհիվ, բայց դրված են նաև երկու էլեկտրական տաքացուցիչներ:

12.12.1995. Գիտակցում եմ, որ շուտով 1995 թվականը ավարտվելու է: Բայց առաջ ժամանակի այս ընթացքը ինձ համար հետաքրքիր էր և հաճելի: Իմ ապրումները բաժանում էի Վերա Ֆյոդորովնայի հետ: Այժմ, երբ նա չկա, այդ ընթացքը իմ մեջ չի առաջացնում ոչ մի ոգևորություն: Սպասում եմ տաք եղանակների, որ հաճախ այցելեմ նրա գերեզմանը:

19.12.1995. Ամսի 17-ին կայացած Ռուսաստանի Դումայի ընտրությունները նպաստավոր էին կոմունիստների համար: Նրանք ստացան բոլոր ձայների 22%, և դուրս եկան առաջին տեղը: Այս փաստը խոսում է այն մասին, որ կոմունիստական գաղափարը ոչ թե փաթաթված է Ռուսաստանի ժողովրդի վզին, ինչպես պնդում են կոմունիստների հակառակորդները, այլ կապված է ռուս ժողովրդի հիմնական ձգտումների և տրամադրությունների հետ: Պարզ դարձավ, որ Ռուսաստանի ժողովուրդը դեմ է իր այսօրվա «դեմոկրատական» կառավարության գործելակերպին: Սակայն հակառակ ամբողջ աշխարհում ընդունված կանոնների` այսօրվա Ռոսաստանի կառավարությունը մտադիր չէ հեռանալ և բարբաջում է ինչ-որ կոալիցիայի մասին, որի մեջ կարող են մտնել և կոմունիստները: Այդպիսին է հակակոմունիստների, դեմոկրատների փտած գաղափարախոսությունը: Բայց պետք է խոստովանել, որ կոմունիստների ղեկավարների թվում չկա շատ պայծառ որևէ անձնավորություն:

21.12.1995. Այսօր իմ թոռան` Մաշայի հետ ման եկանք շրջապատում մոտ մեկ ժամ: Ցուրտ էր, բայց ոչ շատ ուժեղ ցուրտ: Առայժմ ձյուն չի գալիս: Երեկ լրացավ երեք ամիս Վերա Ֆյոդորովնայի մահվան օրվանից: Կարինեն գտավ մի մեծ չափի Վերա Ֆյոդորովնայի լուսանկար և տեղավորեց գրքերի պահարաններից մեկում, այնպես որ կարելի կլինի ցանկացած պահին տեսնել նրա պատկերը:

10.1.1996. Այսօր լավ, արևոտ եղանակ է: Դրսում նախկինում եկած ձյունը հալվում է: Ցավոք սրտի, էլեկտրականությունը առավոտվանից կտրել են: Սակայն բնակարանում առայժմ համեմատաբար տաք է: Կարինեն և Յուրան տաքացնում են սենյակները` վառելով վառարանը: Էլեկտրականությունը երեկոները ստացվում է կանոնավոր ձևով, բայց լինում է, որ կտրում են կես ժամով և մինչև մեկ ու կես ժամ:

7.2.1996. Իմ որդուց` Ռաֆիկից մի շատ կարևոր նորություն ստացվեց: Նա տղա թոռ է ունեցել: Այդ երևույթը կարևոր է նրանով, որ ուրիշ անմիջապես և ուղղագիծ ուղղությամբ շարունակող տղա-ծոռ ես չեմ ունեցել: Սիրտս ուրախացավ և երջանիկ է: Ես կցանկանայի, որ կրի մեր նախնիներից մեկի անունը: Այստեղ կա երեք հնարավորություն` Համազասպ, Ասատուր և Գոռ: Այս վերջին անունը հիշվում է իմ հայրիկի հիշողությունների մեջ` որպես այն մարդու անունը, որը Դիադինից (Թուրքիա) բերեց յուր ընտանիքը Բասարգեչար: Այդ ընտանիքի կազմում եղել է այն Համբարձումը, որից մեր ընտանիքը ստացավ իր ազգանվանումը:

26.2.1996. Հետաքրքիր երևույթներ տեղի ունեցան Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում: Այնտեղ հարց բարձրացվեց երկաստիճան ակադեմիական կոչումների վերացման և դրանք միաստիճան կոչումով փոխարինելու մասին: Պարզվեց, որ ակադեմիկոսների մեծամասնությունը հակված է հեշտությամբ փոխելու եղած կոչումների համակարգը: Ես շատ վճռական կերպով արտահայտվեցի այդպիսի որոշման դեմ:

Խնդիրն այն է, որ մեր փոքր երկրում հաճախ մեծ նշանակություն են ձեռք բերում ընկերական և ընտանեկան կապերը: Հետևաբար, եթե տվյալ կոլեկտիվի կազմի մեջ թուլացել են պահանջները, ապա այդ կոլեկտիվի անդամ լինելը դառնում է հեշտությամբ հասանելի մի նպատակ շատերի, այդ թվում և անարժան մարդկանց համար: Այս վերջին հիսուն տարվա ընթացքում հաջողվում էր պաշտպանել Ակադեմիան նման վտանգներից: Այդ չի նշանակում բոլորովին, որ թղթակից-անդամների թվում չկան ակադեմիկոսության արժանի մարդիկ: Բայց երկաստիճան ընտրությունները բավականաչափ պաշտպանեցին մեզ անարժան մարդկանց սողոսկումներից:

Ակադեմիայի փետրվարյան նիստերից մեկում քննարկվեց մեկ աստիճանային համակարգի հարցը: Ես խիստ դեմ էի այդ նորամուծությանը, սակայն այդ որոշումն ընդունվեց:

12.3.1996. Այս կյանքի բարդ իրադրության մեջ ինձ շատ է մխիթարում իմ ծոռան` Սլավիկի գոյությունը: Նա 6 տարեկան է, բայց լավ է հասկանում այն ամենը ինչ վերաբերում է մարդկանց կյանքին: Բայց նա բոլորովին անտարբեր է դեպի քանակական խնդիրները, նրան բոլորովին չեն հետաքրքրում մաթեմատիկայի պրոբլեմները: Նա շատ ընդունակ է լեզուների նկատմամբ: Հիանալի խոսում է հայերեն և ռուսերեն: Առանց որևէ դժվարության անցնում է մեկ լեզվից մյուսին: Միայն ինձ հետ միշտ խոսում է հայերեն, քանի որ գիտի իմ տրամադրվածությունն այդ հարցում:

5.4.1996. Երեկ եղա Բյուրականում: Գնացինք մեր ընտանիքի գերեզմանատունը: Այն քարը, որ դրվել է Վերա Ֆյոդորովնայի գերեզմանի վրա իմ որդու` Ռուբենի պատվերով հոյակապ է: Քարի վրա հայերեն և ռուսերեն տառերով գրված է Վերա Ֆյոդորովնայի անունը և ազգանունը: Կատարված է այնպիսի շնորհքով, որ ինչ-որ չափով մխիթարեց և հանգստացրեց իմ հոգին:

14.5.1996. Վերջին գիշերները երազում վերադառնում եմ դեպի իմ անցած կյանքի փուլերը: Զարթնելով շատ եմ մտածում իմ կյանքի մասին: Իսկ իմ անցյալ կյանքում մեծ դեր էր խաղում հայրս: Այժմ գիտակցում եմ, որքան նա ինձանից ավելի ընդունակ և միևնույն ժամանակ գործունյա մարդ էր: Նա չէր կարող հաշտվել, գոնե հեշտությամբ հաշտվել իր շրջապատում կատարվող անարդարությունների հետ: Հենց այդ էր պատճառը, որ նա կյանքում հանդիպեց շատ դժվարությունների: Սակայն իր կյանքի վերջին քսանամյակում, երբ նա ապրում էր Երևանում, նրա բնավորության ավելի հանգիստ գծերը հաղթեցին, և նրա կյանքը անցնում էր առանց ալեկոծումների: Բայց իր ավելի երիտասարդ տարիներին (մինչև 45 տարեկանը) նա իզուր կորցրեց շատ ժամանակ տարբեր կոնֆլիկտների վրա: Կրկնում եմ, որ նա ինձնից շատ ավելի ընդունակ էր և կարող էր շատ ավելի խոր հետք թողնել ազգային մշակույթում:

https://teknonebula.info/