կյանքի դրվագներ

Այստեղ ներկայացուած են Վիկտոր Համբարձումեանի յուշերը, որ վերաբերում են իբրեւ գիտնական եւ պետական գործիչ նրա բազմաբովանդակ գործունէութեանը: Հեղինակի կողմից «Կեանքի դրուագներ» անուանուած յուշերը հրատարակուել են յետմահու:

Թիֆլիս (1908-1924)

Ծնվել եմ Թիֆլիսում 1908 թվականի սեպտեմբերի 5-ին (հին տոմարով): Հայրս Բասարգեչար (այժմ Վարդենիս) գյուղի բնակիչ Ասատուր Հարությունի Համբարձումյանի որդին էր, ծնվել էր Բասարգեչարում: Հորս ծննդյան տարվա վերաբերյալ անորոշություն կա: Ինքը համարում էր, որ ծնվել է 1880 թվականին, սակայն փաստաթղթերը որպես ծննդյան թվական նշում են 1883-ը: Բացատրում էր, որ ծնողների կամքն էր այդպես: Սկզբնական կրթությունը հայրս ստացել էր գյուղական դպրոցում: Դպրոցը գտնվում էր Մեծ Մազրա գյուղում, և նա ամեն օր Բասարգեչարից այնտեղ էր հասնում ոտքով: Պապիս` Ասատուրին լավ եմ հիշում: Սակայն հարազատ տատս շուտ էր մահացել և պապա-Ասատուրը (ինչպես նրան անվանում էինք մենք` թոռներս) հետագայում նորից էր ամուսնացել: Խորթ տատս անչափ բարի կին էր, և մենք` Ասատուրի թոռներս, ընկալում էինք նրան որպես իսկական հարազատ տատ: Պապա-Ասատուրը մահացավ 1916 թվականին Բասարգեչարում: Այդ ժամանակ մենք բնակվում էինք Թիֆլիսում: Ստանալով Ասատուրի հիվանդության հեռագիրը, հայրս մեկնեց Բասարգեչար, բայց ներկա եղավ միայն վերջին ժամերին, երբ պապս արդեն կորցրել էր գիտակցությունը:

Իմ հայրիկիս` Համազասպ Ասատուրի որդի Համբարձումյանին ես պարտական եմ ամեն ինչով:

Երբ ես երեք կամ չորս տարեկան էի, հայրս նկատեց, որ ես արագ և հեշտությամբ կարողանում եմ մտքում լուծել պարզ թվաբանական խնդիրներ: Պատմում են, որ ինձ համար դժվար չէր մտքում բազմապատկել նույնիսկ երկնիշ թվեր:

Հայրս ամեն կերպ խրախոսում էր իմ հետաքրքրությունն այդպիսի վարժությունների նկատմամբ: Նա շատ էր ոգևորվում և փորձում էր ինձ նաև հանրահաշվի խնդիրներին ծանոթացնել դեռ 5-6 տարեկան հասակում: Բոլոր ծանոթների առաջ ինձ շատ էր գովում: Նրա կարծիքով, առկա էին մաթեմատիկական տաղանդի բոլոր նշանները: Թվաբանական գործողություններ կատարելը դուր էր գալիս ինձ: Դպրոց ընդունվելուց հետո պարզ դարձավ, որ ես թվաբանությունից ավելի ուժեղ էի, քան մյուս աշակերտները:

Հայրս պահանջում էր, որ ես մասնագիտանամ մաթեմատիկայի ասպարեզում: Երբ մեծանալով ես տարվեցի աստղագիտությամբ, սերը դեպի մաթեմատիկան մնաց:

Երբ 1924 թվականին ավարտեցի միջնակարգը, ինձ և Գոհարիկին (քրոջս) հայրս նստեցրեց գնացք և ուղարկեց Լենինգրադ (ներկայիս Սանկտ-Պետերբուրգ): Հայրս մի քիչ դժգոհեց, որ Լենինգրադի համալսարանում ես որպես մասնագիտություն աստղագիտությունն ընտրեցի, բայց քանի որ երկու մասնագիտություններն էլ մտնում էին մի բաժանմունքի մեջ, ի տարբերություն, ասենք, Մոսկվայի համալսարանի, որտեղ աստղագետները սովորում են ֆիզիկոսների հետ միասին, նա համակերպվեց իմ ընտրության հետ:

Լենինգրադի համալսարանի ընտրությունը պատահական չէր: Բանն այն է, որ հայրս ավարտել էր Պետերբուրգի համալսարանը 1907 թվականին` այդ համալսարանի ամենաբուռն ծաղկման շրջանում: Նա սովորել էր իրավաբանական ֆակուլտետում, որը համալսարանի շատ ուժեղ բաժիններից էր: Հայրս հաճախ հայտարարում էր, որ Պետերբուրգի համալսարանը իր ուսանողության ժամանակ ավելի ուժեղ էր, քան եվրոպական շատ համալսարաններ: Հավանաբար այդ կարծիքը հետևանք էր հատուկ մի հանգամանքի. իրավունքի և բարոյականության տեսության ընդհանուր դասընթացը կարդում էր իրավունքի հանճարեղ տեսաբան պրոֆեսոր Լև Պետրաժիցկին:

Հայրիկիս դասընկերները պատմում էին, որ նա այնքան էր ոգևորվում Պետրաժիցկու տեսությամբ, նրա դասախոսություններով և այնքան էր հուզվում ու հիանում, որ դասախոսությունները լսում էր հոտնկայս: Պետրաժիցկու որոշ դասընթացները (օրինակ` իրավունքի ընդհանուր տեսությունը) հայրս լսել է երկու, երեք անգամ` հանձնելով համապատասխան քննությունը անձամբ Պետրաժիցկուն: Պետրաժիցկին նրա համար աստված էր: Երեխա ժամանակվանից հիշում եմ, որ մեր տանը միշտ կային բացիկներ` Պետրաժիցկու պատկերով:

Լև Պետրաժիցկին ազգությամբ լեհ էր և հեղափոխությունից հետո Պետերբուրգից տեղափոխվեց Վարշավա: Այնտեղ նա իր գրքերը վերահրատարակեց լեհերեն լեզվով: Մահացավ երեսնական թվականներին:

Հիսունական թվականների վերջում հայրս հանձնարարեց Հայաստանի Ակադեմիայի աշխատակիցներից մեկին, որը գործուղվում էր Լեհաստան, որ նա այցելի Պետրաժիցկու գերեզմանը և ծաղիկներ դնի այնտեղ: Որքան գիտեմ, այդ հանձնարարությունը կատարվել էր:

Վաթսունական թվականներին ես եղա Լեհաստանում: Վարշավայում կնոջս հետ այցելեցի Պետրաժիցկու գերեզմանը: Լեհ աստղագետներին մանրամասն բացատրեցի, թե ինչու է ինձ հետաքրքրում Պետրաժիցկին: Իրոք, զարմանալի է, որ իր հայրենիքում նույնիսկ ոչ բոլոր մասնագետները գիտեն նրա անունը և չեն գիտակցում, որ Պետրաժիցկիով կարելի է նույնքան հպարտանալ, որքան նրանք հպարտանում են Կոպեռնիկոսով:

Հիմա ևս, եթե իմ թոռներից մեկը գնալու լինի Վարշավա, անպայման կհանձնարարեմ այցելել Պետրաժիցկու գերեզմանը: Որքա՜ն էր հայրս պատմել նրա մասին:

Հայրս տաքարյուն, հեշտությամբ հուզվող, անհանգիստ (համեմատած, օրինակ, ինձ հետ) մարդ էր: Մենք համարում էինք, որ նա չափազանց հեշտ կարող է խաբվել, ասում էինք, որ երեխան էլ կարող է նրան խաբել: Շրջապատից շատերին չէր հավանում և չէր թաքցնում իր բացասական կարծիքը: Այդ հատկությունը, սակայն, հորս կյանքում դժվարությունների էր բերում: Հակառակորդներ հեշտությամբ էր վաստակում, և հաճախ գործը հասնում էր դատարան: Լինելով իրավաբան` նա չէր խուսափում որևէ հակասության դեպքում դատարան դիմելուց: Հետագայում ինձ հաջողվեց համոզել հորս, որ ավելի լավ է խուսափել դատարաններից: Իր կյանքի վերջին տարիներին, տարվելով հույն դասականների թարգմանությամբ հունարենից հայերեն, նա դատարան բոլորովին չէր դիմում:

Երիտասարդ ժամանակ հայրս սիրում էր թղթախաղը, և լինում էին դեպքեր, երբ տանուլ էր տալիս մինչև վերջին կոպեկը: Սակայն պետք է խոստովանեմ, որ նման դեպքերը հազվադեպ էին:

Հայրս շատ աշխատասեր էր: Աշխատանքը նրան խիստ ոգևորում էր: Հիշում եմ, որ հունարենից մի որևէ դասականի թարգմանելիս նա կարող էր նստել ամբողջ գիշերներ` զբաղվելով այդ գործով:

Հայրս ընտանեսեր մարդ էր: Երբ իմ ընտանիքը քաղաքից քաղաք էր տեղափոխվում (Լենինգրադից Ելաբուգա, Ելաբուգայից Երևան), նա հետևում էր մեզ և աշխատում էր բնակարան ունենալ մեզնից ոչ հեռու: Առանձնապես սիրում էր իմ ավագ դստերը, իր թոռանը` Կարինեին: Նրա համար Կարինեից ավելի սիրելի էակ աշխարհում չկար:

Կյանքի վերջին տարիներին հայրս Երևանի համալսարանում հույն դասական և այլ գրականություն էր դասախոսում այնպիսի մի հրաբխային ոգևորությամբ, որ մինչև օրս առասպելներ են պատմվում ուսանողության մեջ:

Հայրս շատ գրքասեր էր: Իր մահից հետո նրա գրադարանը մայրիկս նվիրեց Հայաստանի Ակադեմիայի գրադարանին:

Մայրս` Հռիփսիմեն Ցխինվալի քահանայի` Տեր-Սահակ Խախանյանցի դուստրն էր: Նա ծնվել էր 1885 թվականին: Ինչպես բոլոր «կարգին» հայ կանայք, մայրս հիմնականում զբաղվում էր տան գործերով:

Մայրս առանձնապես շատ էր հետևում տան և երեխաների մաքրությանը: Հիշում եմ, որ իմ լվացվելու պահերին միշտ կանգնում էր կողքիս: Ուզում էր, որ լավ, մաքուր լվացվեմ: Տանից դուրս քիչ էր լինում: Երբ ամբողջ ընտանիքով գնում էինք թատրոն (այդպիսի դեպքերը հազվադեպ էին), նա էլ էր անպայման գալիս և հետո հաճախ վերհիշում առանձին ծիծաղելի պահեր ու արտահայտություններ:

Սիրում էր պատմել իր ամուսնության հանգամանքների մասին: Ինձ հայտնի է հետևյալը. 1905 թվականին հայրս, որ այն ժամանակ Պետերբուրգի համալսարանի ուսանող էր, գտնվում էր Թիֆլիսում, քանի որ հեղափոխական դեպքերի պատճառով համալսարանը կանոնավոր չէր աշխատում:

Հայրս որոշում է ամուսնանալ: Ընկերները խորհուրդ էին տվել գնալ Ցխինվալ և այնտեղ ծանոթանալ մի ինչ-որ որոշակի աղջկա հետ: Ցխինվալում պատահաբար հյուրընկալվում է տեղի քահանայի` Տեր-Սահակի տանը: Այնտեղ, տեսնելով Տեր-Սահակի դուստր Հռիփսիմեին` նա հրապուրվում է և ամուսնանալու մտադրության մասին հայտնում նրա հորը` Տեր-Սահակին:

Համազասպ Համբարձումյանի վճռականությունն այս հարցում շատ է զարմացնում Տեր-Սահակին և կասկածներից ազատվելու նպատակով Տեր-Սահակը որոշում է հեռագրել Պետերբուրգի համալսարան, թե արդյո՞ք Համազասպ Համբարձումյանը նրանց ուսանողն է: Ստանալով դրական պատասխան` Տեր-Սահակը տալիս է իր համաձայնությունը: Պետերբուրգի կայսերական համալսարանի ուսանողի հեղինակությունը մեծ էր: Հարսանիքը տեղի է ունեցել Թիֆլիսում:

1906 թվականից հայրս շարունակում է ուսումը Պետերբուրգի համալսարանում և այն ավարտում է 1907 թվականին: Մի անգամ նրա պատկառելի կայսերական ավարտման դիպլոմը ընկավ իմ ձեռքը, բայց այժմ չգիտեմ, թե որտեղ է այն:

Առհասարակ, կյանքումս անուշադիր եմ եղել կարևոր փաստաթղթերը պահպանելու նկատմամբ: Ինքս, օրինակ, երբ 1928 թվականին ավարտեցի նույն Լենինգրադի համալսարանը և պաշտպանեցի դիպլոմային աշխատությունս, դիպլոմը համալսարանից չվերցրեցի: Սակայն 1978 թվականին, երբ լրացավ իմ համալսարանն ավարտելու հիսուն տարին, այցելելով Լենինգրադ` համալսարանից ստացա այն: Համալսարանում շատերը գիտեին, որ 1940 թ-ից մինչև 1944 թվականը ես աշխատել էի որպես Լենինգրադի համալսարանի գիտական գծով պրոռեկտոր, և ինձ համար դժվար չէր դիպլոմ ստանալ գոնե այդ տարիներին: Զարմանում էին, թե ինչու այդպես չեմ վարվել: Այնպես որ դիպլոմիս մեջ հիմա նշված է, որ այն դուրս է գրված 1928 թվականի հունիսին, բայց հանձված է միայն 1978 թվականի հունիսին:

Հայրս մահացավ 1965 թվականին Բյուրականում: Մայրս նրանից հետո ապրեց յոթ տարի: Երկուսն էլ թաղված են Բյուրականի աստղադիտարանի գերեզմանոցում` իրար կողքի:

Մեր ընտանիքը (հայրս, մայրս և մենք` երեք երեխաներս) ձգտում էր ամառները Թիֆլիսից գնալ Բասարգեչար: Հարազատ գյուղը սքանչելի ամառանոց էր: Դա մեզ հաջողվել է մի քանի անգամ, բայց իմ ամենավաղ հիշողությունները կապված են 1914 և 1916 թվականների ամառների հետ:

1916 թվականին մենք ամբողջ ընտանիքով բարձրացանք նաև Բասարգեչարի սարը (յայլան, ինչպես ասում էինք մենք) և այնտեղ մնացինք 2 թե 3 օր: Բասարգեչարից սար գնալու ճանապարհին սայլը կոտրվեց: Ստիպված գիշերեցինք Դաշքենդ գյուղում և միայն մյուս օրը շարունակեցինք մեր ճանապարհը: Դաշքենդում գիշերեցինք մի ծանոթ թուրքի տանը: Պետք է ասել, որ այդ թուրքը (ինչպես այժմ ասում ենք` ադրբեջանցին) արտակարգ սիրալիր հյուրընկալեց մեզ: Սարն ինձ վրա մեծ տպավորություն գործեց իր օդի բուրմունքով և Քեյթի-սարի վեհությամբ:

1917 թվականի սեպտեմբերի 1-ին ես ընդունվեցի Թիֆլիսի 3-րդ գիմնազիան: Ուսուցումը ռուսերեն լեզվով էր: Բայց հայերենը լավ էր դրված: Բացի հայոց լեզվից, հայերենով էինք անցնում նաև Հայաստանի պատմությունը և Հայաստանի աշխարհագրությունը:

Մեր ընտանիքում հայոց լեզուն սրբություն էր: Երբեք չեմ մոռանա մեր «պարոնին»` հայոց լեզվի և պատմության ուսուցչին, որը հայոց լեզվի լավագույն ուսուցիչներից էր Թիֆլիսում: Անունը Հայկ էր, ազգանունը` Հովակիմյան: Հիշում եմ նրան այնպես, ինչպես պետք է հիշել սրբերին:

1921 թվականից սկսած` ես ավելի ու ավելի էի տարվում աստղագիտությամբ: Իհարկե, իմ ընթերցած գրքերի մեծ մասը հանրամատչելի էին, սակայն Մեսյեի ատլասի ռուսերեն հրատարակության օգնությամբ ծանոթացա աստղային երկնքին: Ոգևորությունս անչափ մեծ էր: Մի քանի ամսում կարդացի բազմաթիվ գրքեր: Կարճ ժամանակում տիրապետեցի այդ գիտության շատ հարցերին: Հայրս նկատեց դա եւ ինձ գովում էր բոլորի առջև: Ես գիտակցում էի, որ տիրապետում եմ միայն արդյունքներին: Տասներեք տարեկան հասակում սկսեցի կարդալ նաև հետազոտական ապարատին նվիրված գրքեր:

Թիֆլիսում կար աստղագիտության գիտակ մի շատ լավ ուսուցիչ, որի անունն էր Նիկոլայ Իգնատևիչ Սուդակով: Տասական թվականների սկզբին նա ավարտել էր Մոսկվայի համալսարանը և ստացել աստղագետի մասնագիտություն: Սուդակովը դասավանդում էր չորրորդ գիմնազիայում: Այդ պատճառով 1921 թվականին ես երրորդ գիմնազիայից տեղափոխվեցի չորրորդը: Աստղագիտության հիմունքներին տիրապետելիս Սուդակովից ես մեծ օգնություն ստացա: Երբ ես, ավարտելով դպրոցը, գնացի Լենինգրադ, Սուդակովը ինձ հետ մի նամակ ուղարկեց Ակադեմիայի թղթակից-անդամ Կոստինսկու անունով, որտեղ երաշխավորում էր ինձ` որպես գիտությանը լուրջ վերաբերվող երիտասարդի: Սուդակովը մահացավ, երբ ես արդեն ավարտել էի Լենինգրադի համալսարանը: Ես ինձ պարտական եմ զգում նրան, շատ պարտական:

Չորրորդ գիմնազիայում ես սովորեցի երեք տարի: Ազգային կազմը խառն էր: Հայերը չէին գերակշռում, ինչպես երրորդ գիմնազիայում, բայց այստեղ ևս շատ էին: Առանձնապես լավ էր դրված ռուսաց լեզուն: Հայոց լեզվի ուսուցիչը թուլակամ մարդ էր, և երեք տարում իմ առաջընթացը համեստ էր:

Վերջին` յոթերորդ դասարանում մեզ Խորհրդային Սահմանադրություն էր դասավանդում մի ոմն Էգնատաշվիլի: Ասում էին, որ նա Ստալինի խորթ եղբայրն էր. Ստալինի իսկական հայրը ազնվական Էգնատաշվիլին էր, իսկ իմ ուսուցիչ Էգնատաշվիլին նույն Էգնատաշվիլու օրինական որդին էր: Չգիտեմ, որքանով է դա համապատասխանում իրականությանը:

Հիշում եմ, որ Թիֆլիսում ապրած ժամանակ մեր ընտանիքը սերտ բարեկամության մեջ էր իմ հայրիկի համալսարանական ընկեր Արամ Տեր-Գրիգորյանի ընտանիքի հետ: Նրա կինը` տիկին Հայկանուշը, հետագայում (Արամի մահից հետո) երկար տարիներ աշխատեց Պետհրատի ապարատում: Արամ Տեր-Գրիգորյանը Վահան Տերյանի հարազատ եղբայրն էր: Վահան Տերյանը այդ տարիներին ապրում էր Մոսկվայում, բայց այցելում էր Անդրկովկաս: Լավ հիշում եմ, ինչպես մի օր հնչեց մեր բնակարանի մուտքի զանգը: Մայրս բացեց դուռը. Վահան Տերյանն էր` հայրիկիս էր փնտրում: Հայրիկս տանը չէր: Տերյանը հեռացավ և մայրիկս ինձ ասաց, որ Վահան Տերյանն էր: Ես կարողացա պատշգամբից տեսնել հեռացող Տերյանի միայն մեջքը: Դա, ըստ երևույթին, 1915 թվականին էր կամ, ավելի հավանական է, 1916 թվականին: Ես արդեն գիտեի, որ Տերյանը հայտնի բանաստեղծ է:

Այժմ ես պարծանքով եմ ասում, որ գրողներից տեսել եմ Հովհաննես Թումանյանին, հետագայում հաճախ հանդիպել եմ Ավետիք Իսահակյանին (վերջինիս` Երևանում բնակություն հաստատելուց հետո), լավ ծանոթ էի Դերենիկ Դեմիրճյանի հետ: Բայց Վահան Տերյանին տեսել եմ միայն մեջքից, թեև նրա եղբոր ընտանիքի անդամների հետ անց ենք կացրել բազմաթիվ ժամեր:

Հիշում եմ` ինչպես 1920 թվականին մեր երկու ընտանիքները միասին Կոջորում մի ամառանոց վարձեցին և այնտեղ անցկացրին ամառը: Համարյա ամեն օր Տեր-Գրիգորյանների ընտանիքի հետ միասին էինք ճաշում: Մեր երկու ընտանիքները շատ մտերմացան: Արամի խելացի և ազնիվ դուստրը` Սեդան, իմ հասակակիցն էր, և մենք ընկերացանք: Հետագայում` Կոջորից Թիֆլիս վերադառնալուց հետո մեր ընտանիքների մտերմությունը շարունակվեց: Հորս մոտ հաճախ էր գալիս նրա ընկեր Պողոս Աբելյանը: Ամուրի էր: Մեր տանը խոսում էր գլխավորապես քաղաքական հարցերի մասին: Խորհրդային իշխանության հաստատվելուց հետո նա Թիֆլիսից տեղափոխվեց Հայաստան և մամուլում հոդվածներ էր տպագրում տնտեսագիտության հարցերի վերաբերյալ: 1924 թվականից հետո, երբ տեղափոխվեցի Լենինգրադ, նրան այլևս չհանդիպեցի:

Թիֆլիսի հիշողություններից ուզում եմ այստեղ երկու դեպք պատմել:

Հիշում եմ 3-րդ գիմնազիայում կայացած մի ցերեկույթ (1918 թվականին): Թեև այդ ժամանակ գիմնազիան համարյա ամբողջապես բաղկացած էր ռուսալեզու դասարաններից, ցերեկույթում ներկայացնում և խոսում էին միայն հայերեն: Ես սիրում էի հայերեն ոտանավորներ արտասանել: Ձայնս էլ բավականաչափ զիլ էր, և այդ պատճառով ինձ հանձնարարված էր արտասանել Հովհաննես Հովհաննիսյանի «Արտավազդը»: Ըստ երևույթին, մեծ ոգևորությամբ արտասանեցի:

Ցերեկույթին ներկա էր նաև Հովհաննես Թումանյանը, որն ապրում էր մեր գիմնազիայից ոչ հեռու (Վոզնեսենսկայա փողոցում): Նստած էր երկրորդ կարգում: Ասացին, որ Հովհաննես Թումանյանն ինձ իր մոտ է կանչում: Ես մոտեցա. նա գովեց և համբուրեց ինձ: Հարցրեց` արդյո՞ք ես Համազասպի որդին եմ: Կյանքումս շատ պարգևներ և շքանշաններ եմ ստացել: Բայց մինչև այսօր ես ամենից շատ հպարտ եմ Հովհաննես Թումանյանի այդ պարգևով, այդ գովասանքով: Ափսոս, շուտ հեռացավ կյանքից: Երանի՜ մեր ժողովուրդը միշտ այդպիսի Հայր ունենար:

Թիֆլիսում գործում էին հայ գրողների միությունը և հայկական բարեգործական ընկերությունը: Հայրս գրողների միության քարտուղարն էր: Կար նաև վրաց գրողների միություն, որտեղ պոեզիայի բնագավառում իշխում էր սիմվոլիստների մի խումբ` Գրիգորի Ռոբակիձեի գլխավորությամբ: Հայ գրողները որոշեցին իրենց միության նիստում լսել հորս զեկուցումը վրաց նորագույն պոեզիայի վերաբերյալ: Առիթն այն էր, որ հենց այդ ժամանակ Թիֆլիսում լույս էր տեսել վրաց սիմվոլիստների բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունների ժողովածուն, որը հայրս մանրամասնությամբ ուսումնասիրել էր:

Հայրիկիս կարծիքն այն էր, որ ֆուտուրիզմը, ծայրահեղ սիմվոլիզմը և այլ հոսանքները անկումային երևույթներ են համաշխարհային գրականության մեջ: Բայց նա չէր ժխտում վրաց սիմվոլիստների շնորհքն ու տաղանդը: Երեկույթին բոլորը հետևում էին հետաքրքրությամբ: Ելույթ ունեցավ նաև Պաոլո Յաշվիլին: Չնայած խիստ վիճաբանություններին` մթնոլորտը շատ ջերմ էր: Երևում էր, որ երկու ազգերն իրար հարգում են, իսկ անհամաձայնություններն ավելի շուտ տեսական բնույթ էին կրում:

1919 թվականին Թիֆլիսի Վոզնեսենսկայա փողոցում` Հովհաննես Թումանյանի տան առջև, աշակերտներով ճանապարհ դրեցինք հայ ժողովրդական հերոս Անդրանիկին : Անդրանիկը դուրս եկավ Հովհաննես Թումանյանի տնից և ողջունեց բազմահազար աշակերտներին: Նրա հետ էին նաև նրա թիկնապահները: Մեզ համար պարզ չէր, թե Անդրանիկն ինչու է մեկնում արտասահման: Չգիտեինք, որ նա վերջնական հրաժեշտ է տալիս այս աշխարհամասին: Մենք գլխի չէինք ընկնում, որ այդ տարիքի մարդն այլևս չի կարող մնալ կամավորների, թեկուզ և մեծ խմբի հրամանատար: Տխուր վերադարձանք տները:

Դպրոցն ավարտելով քույրս` Գոհարը, և ես որոշեցինք, որ բարձրագույն ուսում ստանալու համար կգնանք Լենինգրադ: Նույն տարվա օգոստոսյան մի օր մեր ծնողները մեզ երկուսիս պատրաստում էին Լենինգրադ գնալու: Գորիից ժամանել էր Տեր-Սահակը: Նա և ծնողներս մեզ հետ եկան կայարան: Սակայն Մոսկվա մեկնող գնացքի համար տոմսեր չկային: Ստիպված էինք նստել մի գնացք, որը տանում էր միայն մինչև Ռոստով: Ռոստովում ևս մարդատար կարգում տեղ չճարեցինք և ստիպված էինք նստել բեռնատար գնացքի վագոններից մեկը: Այնտեղ բացի այլ ուղևորներից կային մի քանի ուսանողներ, որոնք արձակուրդներից Լենինգրադ կամ Մոսկվա էին վերադառնում: Մեր ճանապարհը մինչև Մոսկվա տևեց ևս երեք օր, բայց միջավայրը շատ հաճելի էր: Ուսանողները ռուսական ժողովրդական երգեր էին երգում: Մենք էլ ահագին բան սովորեցինք, տեսանք կյանքը: Չէ՞ որ մինչ այդ և՛ ես, և՛ Գոհարիկը ապրում էինք ընտանիքում` մեր ծնողների հետ: Այստեղ ես առաջին անգամ առնչվեցի ռուս հասարակ գյուղացիների հետ: Նրանցից մեկը շատ ծեր էր և կրկնում էր. «Я барыне ручку целовал»: Այսպես սկսվեց իմ կյանքի երկրորդ փուլը: Այն անցավ Ռուսաստանում, գլխավորապես` Լենինգրադում:

Մի քանի խոսք իմ քրոջ և եղբոր մասին:

Տանը քրոջս միշտ Գոհարիկ էին անվանում: Նա ինձնից մեկ տարով մեծ էր: Լենինգրադում նրան չհաջողվեց 1924 թվականի օգոստոսին համալսարան ընդունվել (գործուղում չկար համապատասխան կուսակցական կազմակերպությունից): Բայց 1925 թվականին նա ընդունվեց առաջին կուրս: Նա սովորում էր համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում և ավարտեց 1929 թվականին:

Նրա հետ էին սովորում մի շարք փայլուն ուսանողներ: Նրանցից առնվազն երկուսը (Ս. Լ. Սոբոլևը և Ս. Ա. Խրիստիանովիչը) դարձան ակադեմիկոսներ: Ավարտելուց մեկ կամ երկու տարի անց Գոհարիկը սկսեց բարձրագույն մաթեմատիկա դասավանդել Լենինգրադի ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտում: Ասպիրանտուրա ընդունվեց ակադեմիկոս Ս. Ն. Բերնշտեյնի մոտ, որտեղ մասնագիտանում էր հավանականությունների տեսության և վիճակագրության ուղղությամբ: Բերնշտեյնի ղեկավարությամբ նա ավարտեց ասպիրանտուրան և դարձավ գիտությունների թեկնածու: Հետագայում դարձավ Երևանի բուհերի (պոլիտեխնիկական ինստիտուտ, ԵՊՀ) դոցենտ:

Պատերազմի տարիներին նա մեզ հետ գտնվում էր Ելաբուգայում: Ամուսնացավ 1939 թվականին Հովհաննես Պետրոսյանի հետ և ունեցավ որդի (Լևոն): Մահացավ 1979 թվականին:

Գոհարիկը և ես ունեինք Լևոն անունով կրտսեր եղբայր: Ինձնից փոքր էր երկու տարով: Միջնակարգն ավարտելուց հետո Լևոնին չհաջողվեց բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել: Նրա համար Լենինգրադում ընդունվելը կրկնակի դժվար էր, քանի որ միջնակարգում սովորել էր հայերեն, իսկ Լենինգրադում պահանջվում էր ընդունելության քննությունները հանձնել ռուսերեն: Նրան հաջողվեց գրավիմետրիստների կարճատև դասընթացներ լսել և դառնալ գործնական գրավիմետրիստ: Աշխատում էր Լենինգրադի աստղագիտական ինստիտուտի գրավիմետրիկ արշավախմբերում: Սակայն 1933 թվականին նրա կյանքը ընդհատվեց: Արշավախմբից հեռագրեցին, որ հիվանդացել է: Հետո պարզվեց, որ հեռագիրը թաքցնում էր փաստացի վիճակը. այն ուղարկված էր Լևոնի մահից հետո: Հայրս գնաց եղբորս փրկելու, բայց գտավ միայն դիակը, որը և բերեց Լենինգրադ:

Մի քանի տարի անց միայն մեզ հայտնի դարձան նրա մահվան պարագաները: Նա տափաստանում (Գուրևի մարզում) գիշերը բեռնատար մեքենայով հետապնդելիս էր եղել գայլերին: Մի կտրուկ շրջադարձի ժամանակ մեքենայի դուռը բացվել է, և եղբայրս ընկել է դուրս: Ստացել է ճակատի վերք և մահացել: Որոշել են մեզ չհայտնել մահվան իսկական պատճառը: Այդ մասին մեզ պատմեցին արդեն պատերազմից հետո, Աբրամցևո ամառանոցում հանգստացող ակադեմիկոսներից մեկի ընտանիքում:

Այդքան տարիներ անց մենք չշարունակեցինք մեր հարցուփորձը:

https://teknonebula.info/