Լենինգրադ

Լենինգրադ (1924-1941)

1924 թվականին համալսարան ընդունվելը դժվար էր: Կարող էր օգնել կամ բանվորական «ստաժը» կամ բանվորական ծագում ունենալը: Իմ և Գոհարի դեպքում այդ պայմանը առկա չէր: Բացի դրանից, պարզվեց նաև, որ մենք ուշացել ենք, և Լենինգրադի համալսարանում բոլոր ընդունելությունները արդեն ավարտված էին: Ինձ խորհուրդ տվեցին դիմել Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտ, որտեղ ընդունելությունը դեռ շարունակվում էր: Այդպես էլ արեցի: Հաջողությամբ հանձնեցի քննությունները և ընդունվեցի ինստիտուտի ֆիզ-մաթ. ֆակուլտետ: Մեկ ու կես տարի հետո ինձ հաջողվեց տեղափոխվել Լենինգրադի պետական համալսարան: Սակայն չեմ կարող ասել, որ այդ մեկ ու կես տարին կորցրել էի: Ընդհակառակը, պարապում էի տանը: 1926 թվականի հունվարից տեղափոխվելով համալսարան` կարողացա հանձնել բոլոր անհրաժեշտ քննությունները: Արդեն երրորդ կուրսում համարվում էի ամենաառաջադեմ ուսանողներից մեկը: Այդպիսով, համալսարանում սովորեցի միայն երկուս ու կես տարի և այն ավարտեցի 1928 թվականի հունիսին:

Թեև իմ հիմնական նպատակը աստղագիտությունն էր, պետք է ասեմ, որ ինձ մեծ չափով հետաքրքրում էր նաև մաթեմատիկան: Այդ տեսակետից դրությունը համալսարանում ոգևորիչ էր: Մաթեմատիկական վերլուծության դասընթացը կարդում էր պրոֆեսոր Գ. Մ. Ֆիխտենգոլցը: Նա հրաշալի մանկավարժ էր, որին լսելը միշտ հաճույք էր: Նույնքան լավ դասախոս էր պրոֆեսոր Վլադիմիր Սմիրնովը, հետագայում` ակադեմիկոս: Զգացվում էր, որ նա ավելի ինքնուրույն միտք ուներ: Պետք է նշեմ, որ համալսարանն ավարտելիս ես զբաղվում էի սեփական արժեքների որոշման հակադարձ խնդրով: Այդ աշխատանքը կատարելու ժամանակ ինձ էապես օգնեց Սմիրնովը: Պատերազմի ժամանակ Վ. Ի. Սմիրնովը աշխատում էր ինձ հետ Ելաբուգայում` Լենինգրադի համալսարանի ֆիլիալում: Այստեղ ևս նա գիտական մեծ ակտիվություն էր հանդես բերում:

Հետագայում հակադարձ խնդիրների ուսումնասիրությունը դարձավ մաթեմատիկայի մի լայն ուղղություն, իսկ այժմ այդ առարկային է նվիրված մաթեմատիկական հանդեսներից մեկը, որը լույս է տեսնում Անգլիայում:

Բայց մաթեմատիկայի բնագավառում ամենահարգված գիտնականը ակադեմիկոս Իվան Վինոգրադովն էր` ռուսական մաթեմատիկական դպրոցի փառքի շարունակողը, թվերի տեսության մասնագետը:

Ինձ հետ 1924 թվականին մանկավարժական ինստիտուտ էր ընդունվել ուսանող Նիկոլայ Կոզիրևը, որի հետ մենք շատ մտերմացանք, և որը նույնպես մեծ հետաքրքրություն ուներ դեպի աստղաֆիզիկան: Նա ևս (մինչև անգամ ինձնից մի քանի ամիս շուտ) տեղափոխվեց Լենինգրադի պետական համալսարան: Մենք դարձանք մտերիմ ընկերներ և շատ շուտով սկսեցինք աստղագիտական հետազոտությունների փորձերը: Արդեն 1925 թվականին մենք համատեղ մի աշխատություն գրեցինք Արեգակի ջահերի բարձրությունը որոշելու մասին: 1925 թվականի վերջին կամ 1926 թվականին այդ հարցին նվիրված մեր համատեղ հոդվածը լույս տեսավ գերմանական «Astronomische Nachrichten» հանդեսում: Այն ժամանակ տեսական աստղաֆիզիկան դեռևս որպես առանձին առարկա չէր ձևավորվել: Այսօրվա տեսակետից այդ փորձը կարող է դիտվել որպես բավականին միամիտ: Բայց մենք հպարտանում էինք, որ տասնյոթ տարեկան հասակում կարողացանք մեր աշխատանքը տպագրել գերմանական գիտական ամսագրում:

Ես միշտ զգացել եմ, որ գիտական աշխատություններում ինձ համար ավելի հեշտ է խնդրին մոտենալ մաթեմատիկական, քան ֆիզիկական տեսակետից: Կոզիրևը ավելի ուժեղ էր հակառակ կողմից, նրան հետաքրքրում էր հարցի ֆիզիկական էությունը: Բայց այդ տարիներին տեսական ֆիզիկայի հրապուրանքին դժվար էր դիմանալ: Հաճախում էի Դ. Ս. Ռոժդեստվենսկու դասախոսություններին, որոնք այն ժամանակ (1925-1926 թվականներին) նվիրված էին ատոմի կառուցվածքին (Բորի տեսության հիման վրա), իսկ 1927 թվականից ինձ հրապուրեց քվանտային մեխանիկան: 1928 թվականին ես բավականաչափ լավ ծանոթացա այդ տեսությանը, իսկ հաջորդ տարում ուսումնասիրեցի Շրյոդինգերի քվանտային տեսությանը նվիրված աշխատանքները: Հենց այս հողի վրա ես ծանոթացա Մ. Պ. Բրոնշտեյնի և Գ. Մ. Գամովի հետ, որոնք իրենց հերթին հետաքրքրվում էին աստղաֆիզիկայի հարցերով:

1928-1929 թվականներին ես ձեռք բերեցի Հիլբերտի և Կուրանտի գիրքը և սկսեցի խորը ուսումնասիրել ինտեգրալ և դիֆերենցիալ հավասարումների սեփական արժեքների խնդիրը: Քանի որ ատոմների սպեկտրալ գծերի հաճախականությունները ատոմների էներգետիկ մակարդակների տարբերություններն են, իսկ վերջիններս որոշվում են որպես ատոմի կառուցվածքով տրվող քվանտային վիճակների սեփական արժեքներ, ապա ինձ մոտ հարց ծագեց, թե ի՞նչ չափով կարող են սեփական արժեքները միարժեք որոշել համապատասխան ատոմի կառուցվածքը: Իսկ քանի որ ատոմի կառուցվածքը ինքը որոշում է Շրյոդինգերի համապատասխան հավասարումը, ապա հարց էր ծագում, թե ինչպիսի՞ չափով կարող են սեփական արժեքները որոշել այն հավասարման տեսքը, որին նրանք համապատասխանում են:

Այստեղից ծագեց հակադարձ խնդիրը, թե ինչպե՞ս կարելի է հայտնի սեփական արժեքների հիման վրա գտնել դիֆերենցիալ օպերատորը և պարզել, թե որքանո՞վ է միարժեք այդ խնդրի լուծումը: Ինձ հաջողվեց այդ զուտ մաթեմատիկական խնդրի լուծումը ստանալ ամենապարզ դեպքի` համասեռ լարի հավասարման համար, և ես այդ լուծումը հրապարակեցի «Zeitschrift für Physik» ամսագրում: Հետագայում ես փորձում էի լուծումներ գտնել աստղագիտության մեջ առաջացող հակադարձ խնդիրների համար: Օրինակ, 30-ականների կեսերին ինձ հաջողվեց լուծել հետևյալ խնդիրը: Տրված է տեսագծային արագությունների բաշխումը մի որևէ դասի աստղերի համար երկնքի տարբեր տիրույթներում և անհրաժեշտ է գտնել տարածական արագությունների բաշխումը:

Հետագայում ինձ համար պարզ դարձավ, որ մաթեմատիկական բնագիտությունը և առանձնապես աստղագիտությունը, փաստորեն, անցյալում հաճախ է կանգնել «հակադարձ» խնդիրների առջև և լուծել դրանք: Այդպիսի խնդրի օրինակ կարող է ծառայել Նյուտոնի տիեզերական ձգողության օրենքի արտածումը Կեպլերի օրենքներից: Նույնպիսի օրինակ է Գաուսի կողմից առաջարկված մեթոդը` երեք դիտումների հիման վրա որոշել մոլորակի ուղեծրի տարրերը:

1927 թվականի ամռանը, փոխադրվելով համալսարանի չորրորդ կուրս, ես և Կոզիրևը դիտողական պրակտիկա էինք անցնում Պուլկովոյի աստղադիտարանում: Ակադեմիկոս Ա. Ա. Բելոպոլսկին համաձայնեց լինել մեր ղեկավարը: Դիտում էինք Խորհրդային Միության այն ժամանակվա ամենահզոր 30-դյույմանոց դիտակով` լուսանկարելով աստղերի սպեկտրները:

1928 թվականին իմ ընկերները` Կոզիրևը, Երոպկինը, Խրամովը, Դրուրին և ես ավարտեցինք համալսարանը: Ես և Կոզիրևը այդ նույն ժամանակ ընդունվեցինք Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրա: Պաշտոնական ղեկավարն էր ակադեմիկոս Բելոպոլսկին: Դա մեզ համար լրիվ ազատություն էր կանխորոշում, քանզի Բելոպոլսկին համարում էր, որ չպետք է խառնվել երիտասարդների գործերին: Եվ պետք է ասել, որ մենք բավականին լարված աշխատում էինք:

Իմ աշխատանքներն սկզբում նվիրված էին Արեգակի և աստղերի լուսոլորտում ճառագայթման տեղափոխման խնդիրներին: 1932 թվականից սկսած իմ հրապարակած աշխատությունների զգալի մասը վերաբերում էր գազային միգամածությունների ֆիզիկային: Դրանք ընդհանուր հետաքրքրություն առաջացրին: Կարծում եմ, որ այդ աշխատանքների հրատարակման հարցում որոշ շտապողականություն կար: Նրանց զգալի մասը պարունակում էր որոշ սխալներ և, առհասարակ, թույլ տեղեր ուներ: Բայց քանի որ այն ժամանակ Խորհրդային Միությունում չկային տեսական աստղաֆիզիկայի այլ լուրջ մասնագետներ, Պուլկովոյում ինձ ու Կոզիրևին բարձր էին գնահատում: Միայն 1932 թվականից սկսած իմ աշխատությունները պարունակում են էական և երբեմն կարևոր արդյունքներ:

1929 թվականին ես և իմ ընկերները` Ն. Կոզիրևը, Ի. Կիբելը և Մ. Բրոնշտեյնը, այցելեցինք Հայաստան: Բրոնշտեյնը և Կոզիրևը ինձ հետ եկան մինչև Բասարգեչար, իսկ Կիբելը մեր վերադարձին սպասում էր Սևանում: Հետո մենք բոլորս վերադարձանք Երևան: Ընկերներս Երևանից մեկնեցին Լենինգրադ, իսկ ես Երևանում մի քանի օր ևս մնացի:

Վերադառնալով Լենինգրադ` ես նորից սկսեցի իմ գիտական աշխատանքները և միևնույն ժամանակ սկսեցի մաթեմատիկա դասախոսել տեխնիկական բուհերում: Սկզբում դասավանդում էի Լենինգրադի ավտոճանապարհային ինստիտուտում, հետո զուգահեռաբար դասախոսություններ էի կարդում հաղորդակցության ճանապարհների ինստիտուտում: Այդ դասախոսությունները լավ էին վարձատրվում, բայց խանգարում էին իսկական գիտական աշխատանքին:

Միայն հետո` 1931 թվականին, ես սկսեցի իմ մասնագիտությամբ (աստղաֆիզիկա, տեսական աստղաֆիզիկա) դասավանդել Լենինգրադի համալսարանում: Դասախոսությունների մեջ տեսական աստղաֆիզիկայի շարադրանքը ես աշխատում էի կապել ժամանակակից տեսական ֆիզիկայի, մասնավորապես քվանտային մեխանիկայի արդյունքների հետ: Հատկապես աստղագետների համար նաև առանձին դասընթաց էի կարդում տեսական ֆիզիկայից: Այդ ամենը նորություն էր Լենինգրադի համալսարանի համար:

1929 թվականին Խարկովում կայացավ կոնֆերանս` նվիրված քվանտային ֆիզիկայի հարցերին: Արտասահմանից մասնակցում էր գերմանացի հայտնի ֆիզիկոս Պասկուալ Յորդանը: Այստեղ իմ զեկույցի մեջ ես առաջին անգամ տվեցի տարածության քվանտացման գաղափարը: Այդ գաղափարի մշակումը շատ էր քաջալերում Դ. Դ. Իվանենկոն, որի հետ այդ տարիներին ես հաճախ էի հանդիպում: Սակայն հետո համոզվեցի, որ այդ ճանապարհը չի կարող հաջողություն բերել: Այդ ուղղությամբ էական արդյունքներ չստացվեցին, և տպագրված երկու հոդվածներս շարունակություն չունեցան:

Որքան հիշում եմ, 1930 թվականից հետո քվանտային ֆիզիկայի հարցերին վերաբերող ոչ մի աշխատություն չեմ հրապարակել: Այնուամենայնիվ, այդ երկու տարվա իմ ուշադրության շեղումը դեպի ֆիզիկայի հիմնարար խնդիրները դրական նշանակություն ունեցավ: Հիմնականում ավելի գրագետ դարձա տեսական ֆիզիկայում, որն անհրաժեշտ էր տեսական աստղաֆիզիկայում արդյունավետ աշխատելու համար:

Ես առաջինը (1929 թվականին) նկատեցի, որ ատոմի միջուկում էլեկտրոններ չկան: Քանի որ այն ժամանակ նեյտրոնները հայտնի չէին, ես արտահայտվում էի այսպես. միջուկում էլեկտրոնները կորցնում են իրենց անհատականությունը: Համապատասխան հոդվածները տպագրվեցին «ДАН»-ում և Comptes Rendues-ում (Փարիզ): Իմ աշխատությունների ցուցակներում, որոնք կցված են երկերիս հատորյակներին, այդ աշխատություններից երկրորդը բացակայում է: Լավ չեմ հիշում, արդյո՞ք այդ երկու հրապարակումները կատարված էին միայն ի՞մ անունից, թե՞` իմ և Իվանենկոյի: Համենայն դեպս, լավ եմ հիշում այդ հարցերի մեր երկուսի քննարկումները:

Այսքանը` ֆիզիկայի հիմնարար հարցերի քննարկման մեջ իմ մասնակցության վերաբերյալ:

Երեսունական թվականներին Լենինգրադում ստացած իմ արդյունքներից մի քանիսը թվում են կարևոր նաև այժմ: Ահա դրանց ցուցակը.

  • Ցույց տրվեց, որ մոլորակաձև միգամածություններում ճառագայթման տեղափոխման խնդիրը լուծվում է Լայման-ալֆա գծում ճառագայթման տեղափոխման ուսումնասիրության միջոցով: Այդ նպատակով առաջարկվեց համապատասխան մեթոդ: Ինձնից հետո շատերը զբաղվեցին այս հարցով (Վ. Վ. Սոբոլևը, Ս. Չանդրասեկհարը և ուրիշներ):
  • Ուսումնասիրվեցին բաց աստղակույտերի դինամիկայի հարցերը: Պարզվեց, որ նրանք քայքայվում են 109 տարում, կամ, երբեմն, նույնիսկ ավելի կարճ ժամանակամիջոցում: Համենայն դեպս 1010 տարին նրանց կյանքի տևողության վերին սահմանն է:
  • Կրկնակի աստղերի վիճակագրության հիման վրա ապացուցվեց, որ Գալակտիկայի տարիքի վերին սահմանը 1010 տարվա կարգի է:
  • Ապացուցվեց (Շ. Գորդելաձեի հետ հրապարակված աշխատությունում), որ տիեզերական կլանումը պայմանավորող միջավայրը մեր Գալակտիկայում բաղկացած է դիսկրետ ամպերից:
  • Որոշվեցին (Կոզիրևի հետ համատեղ) նոր աստղերի բռնկումների ժամանակ դուրս շպրտվող թաղանթների զանգվածները: Առաջ քաշվեց այն տեսակետը, որ տվյալ նոր աստղի բռնկումը կարող է կրկնվել բազմաթիվ անգամ:

Եղան նաև այլ արդյունքներ:

1931 թվականի վերջին ամուսնացա: Այժմ արդեն վաթսուն տարի է, ինչ ես և Վերա Ֆյոդորովնան (օրիորդական ազգանունը` Կլոչիխինա) ամուսիններ ենք, ունենք չորս զավակ, շատ թոռներ և ծոռներ: Մեր ընտանեկան դաշինքը հաստատվեց առանց որևէ փաստաթղթի և պաշտոնական ձևակերպման: Միայն մի քանի ամիս հետո` մայիսի սկզբին, մենք գնացինք ЗАГС` մեր ամուսնությունը ձևակերպելու:

1933 թվականին ես նշանակվեցի Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր, ակտիվորեն մասնակցում էի Լենինգրադի համալսարանի աշխատանքներին: 1934-ին համալսարանում, որպես համալսարանական աշխատանքի հիմնական բջիջներ վերականգնվեցին ամբիոնները: Ես նշանակվեցի աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ: Ստացա գիտությունների դոկտորի աստիճան: Ապա հեռացա Պուլկովոյի աստղադիտարանից, որտեղ մինչ այդ համալսարանական աշխատանքի հետ զուգահեռ աշխատում էի կես դրույքով:

Մոտենում էր 1936 թվականը:

Համալսարանի մեր ամբիոնը պատրաստվում էր Սիբիրում դիտվելիք արևի խավարմանը: Պատրաստվեցին գործիքներ, իսկ դիտումները ղեկավարելու համար համալսարանի աստղադիտարանը աշխատանքի էր հրավիրել Ն. Կոզիրևին: Սակայն խավարումից մեկ ժամ առաջ երկինքը ամպեց, և դիտումները չկայացան: Դա մեծ հարված էր ինչպես ինձ, այնպես էլ Կոզիրևի համար: Առավել ևս, որ դրանից հետո մի աստղագետ (Լեոնտովսկին) հայտարարեց, որ ինձ ու Կոզիրևին «փրկեց» եղանակը: Նրա կարծիքով, գործիքները լավ չէին պատրաստված, տեղի էր ունեցել վնասարարություն կամ անպատասխանատու վերաբերմունք, և եթե եղանակը նույնիսկ բարենպաստ լիներ, միևնույնն է, արդյունքները հավասար կլինեին զրոյի, քանի որ ոչինչ չէր ստացվելու:Այդ ժամանակ մեղադրանքները վնասարարության վերաբերյալ արդեն շատ էին տարածվել: 1936 թվականի սեպտեմբերին մեծ կոնֆլիկտ առաջացավ Պուլկովոյի աստղադիտարանի տնօրեն Բ. Պ. Գերասիմովիչի և Կոզիրևի միջև: Գերասիմովիչը հետապնդում էր ոչ միայն Կոզիրևին, այլ նաև համալսարանական իմ մյուս ընկերոջըª Երոպկինին: Նա ուզում էր այդ երկուսին հեռացնել Պուլկովոյից: Գործը հասավ դատարան: Շատ աստղագետներ էին հավաքվել դատարանի բակում, որ ներկա լինեն դատավարությանը: Ես ևս այնտեղ էի, քանի որ Կոզիրևն ինձ խնդրել էր դատարանում հանդես գալ իմ կարծիքով: Երկար սպասեցինք: Հանկարծ շենքից դուրս եկավ մեկը և դատավորի անունից հայտնեց, որ գործն իր մոտ է պահանջել Խորհրդային Միության գլխավոր դատախազ Ա. Յ. Վիշինսկին, որն այդ տարիներին հանդես էր գալիս «դավաճանների» և «վնասարարների» դեմ իր մեղադրական ճառերով:

Այս բոլորից հետո Կոզիրևի և Երոպկինի հարաբերությունները Գերասիմովիչի հետ ավելի սրվեցին: Ցավոք սրտի, Գերասիմովիչը, լինելով Պուլկովոյի աստղադիտարանի տնօրենը, կարողացավ իր կողմը շրջել Պուլկովոյի աստղագետներից շատերին: Նրանք սկսեցին հակադրվել Կոզիրևին, չնայած Կոզիրևը նրանցից ավելի բարձր էր տաղանդով և գիտական մակարդակով:

Այստեղ սկսվեց նաև մի ուրիշ պատմություն: Լենինգրադում սկսեցին շատ քննադատաբար վերաբերվել Գերասիմովիչին: Նրան մեղադրում էին Պուլկովոյից իմ հեռանալու, ինչպես նաև Կոզիրևին հալածելու մեջ: Ուստի Գերասիմովիչը որոշեց աշխատանքի հրավիրել մի ոմն Վորոնովի, որի մասին ոմանք բարձր կարծիքի էին: Ասում էին, որ Վորոնովը կարողացել է նոր դիտումներն օգտագործելով վերանայել և նորովի կառուցել մեծ մոլորակների շարժման տեսությունը: Դա նշանակում էր հսկայական ներդրում:

Պուլկովոյի աստղադիտարանի երկնային մեխանիկայի բաժնի վարիչ նշանակվեց Իդելսոնը, և նա պետք է խմբագրելու և տպագրելու համար «ընդուներ» Վորոնովի աշխատանքի արդյունքները: Սակայն Վորոնովը ձգձգում էր«հանձնումը»: Հետո սկսեցին տարածել, որ արդյունքներ չկան, որ այդ ամենը կեղծիք է: Վորոնովը շարունակում էր ձգձգել, իսկ 1936 թվականի վերջին պարզվեց, որ նա խաբում էր, և ոչ մի «տեսություն» էլ չէր կառուցել: Լենինգրադի թերթերում «Лустница славы» վերնագրով մի հոդված տպագրվեց, որտեղ մերկացվեց այդ ամենի շինծու լինելը: Այդ պատմությունը շատ լուրջ ստվեր գցեց Գերասիմովիչի և առհասարակ Պուլկովոյի ղեկավարության վրա: Համոզված եմ, որ Գերասիմովիչը սկզբում չգիտեր, որ Վորոնովը խաբեբա է: Որոշ դեր էր խաղացել նաև այն, որ առաջ քաշելով Վորոնովի հեղինակությունը` նա ցանկանում էր չեզոքացնել Կոզիրևին հալածելու համար իրեն ներկայցվող մեղադրանքները, իբր` տեսեք, թե ես ինչպիսի տաղանդներ եմ առաջ քաշում:Այսպիսով, 1936 թվականի աշնան սկզբին հարաբերություններն աստղագետների միջև ծայրահեղորեն լարված էին: Եկան նոյեմբերյան տոները (ամսի 7-8): Այդ օրերին մեր տուն եկավ Կոզիրևի քույրը և հայտնեց, որ եղբորը բանտարկել են: Այդ նորությունը ինձ ցնցեց, քանի որ լավ ճանաչելով Կոզիրևին` հիանալի գիտակցում էի, որ նա քաղաքական գործունեությամբ չի զբաղվում: Նույն օրերին ձերբակալվեցին նաև Երոպկինն և Բալանովսկին: Այդպես սկսվեցին մի շարք աստղագետների, այդ շարքում` Պերեպյոլկինի, Յաշնովի և այլոց բանտարկությունները: Ես շատ լավ գիտեի, թե ինչպես են ատում Կոզիրևին որոշ աստղագետներ` Ցեսևիչի և Գերասիմովիչի գլխավորությամբ: Այդ ամիսներին կատարվում էին մտավորականության զանգվածային բանտարկություններ: Հայտնի էր արդեն, որ ձերբակալվածներին անհիմն մեղադրանքներ էին ներկայացվում, անմեղ մարդիկ դատապարտվում էին: Ես շատ ընկճվեցի, բայց մի քանի օր հետո ներքին գործերի նախարարության Լենինգրադի բաժնին մի գրություն ուղարկեցի, որտեղ փաստերի հիման վրա ապացուցում էի, որ Կոզիրևը չէր զբաղվում որևէ ընդհատակյա գործունեությամբ, և որ նա տաղանդավոր գիտնական է, որին բանտում պահելը կարող է միայն վնասել պետությանը: Պետք է ասել, որ այդ սարսափելի ժամանակներում իմ կողմից Կոզիրևի այդպիսի պաշտպանությունը շատ համարձակ քայլ էր: Խոշոր գիտնականները երբեմն դիմում էին պաշտպանության նման քայլերի, բայց ես այն ժամանակ ընդամենը քսանութ տարեկան էի և իշխանությունների աչքում հեղինակություն չունեի:

Ցավոք, իմ նամակը ոչ մի հետևանք չունեցավ: Կոզիրևին դատապարտեցին տաս տարվա ազատազրկման:

Շատ ավելի ուշ, երբ ես արդեն Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի փոխպրեզիդենտ էի, Հայաստանի ՆԳ նախարարության միջոցով ինձանից պահանջեցին կարծիք տալ Կոզիրևի մասին: Դա երևի 1944 կամ 1945 թվականին էր: Ըստ երևույթին, արդեն ուզում էին նրան ազատել, բայց անհրաժեշտ էին պաշտոնական կարծիքներ: Ես կրկնեցի իմ նախկին շատ դրական, ամենաբարձր կարծիքը:1936 և 1937 թվականների ամռան ամիսներին ես որոշ ժամանակ անցկացրի Վրաստանի Աբասթումանի աստղադիտարանում: Այդ տարիներին Ե. Կ. Խարաձեն համեմատաբար համեստ դիտողական միջոցներով այնտեղ սկսեց գիտական աշխատանքը: Դրանից հետո անցել է 55 տարի, և Խարաձեն շարունակում է գլխավորել այդ հիմնարկը: Հաճելի է նշել, որ այնտեղ կարևոր աշխատանք էր կատարում իմ նախկին ասպիրանտ Վաշակիձեն:

Այնտեղ էր նաև Շ. Գորդելաձեն, որի հետ ես մի հոդված գրեցի` ապացուցելով, որ միջաստղային կլանում առաջացնող փոշու շերտը Գալակտիկայում ոչ թե ան ընդ հատ է բաշխված, այլ բաղկացած է առանձին ամպերից, որոնց կլանումը լու սա նկար չական ճառագայթներում միջինում 0.2-0.3 աստղային մեծության կարգի է:

1935-1952 թվականներն իմ գիտական կյանքի ամենապտղաբեր շրջանն էր: Կարելի է ասել, որ իմ գիտական կյանքի գագաթնակետը համընկավ երկրորդ համաշխարային պատերազմի հետ: Բայց պատերազմի շրջանի մասին` ավելի ուշ:

Կյանքիս ամենադժվար տարին 1937 թվականի երկրորդ և 1938 թվականի առաջին կեսերն էին: Ամեն տեղ վնասարարություն էին փնտրում: Այդ ժամանակ մի ամբողջ ոհմակի հարձակում կազմակերպվեց իմ դեմ: Այդ ոհմակը գլխավորում էր աստղագետ Ցեսևիչը: Լենինգրադի համալսարանի տպագիր լրագիրը համարյա մի ամբողջ համար նվիրեց իմ «վնասարարությունը» մերկացնելու գործին: Լենինգրադի համալսարանում կազմակերպվեցին երկու-երեք ժողովներ, որոնք նվիրված էին ինձ ներկայացված մեղադրանքների քննարկմանը:

Մեղադրողների պարզ նպատակն ինձ «ժողովրդի թշնամի» հայտարարելն էր: Ինձ փրկում էր այն, որ ուսանողները պաշտպանում էին ինձ: Դրա շնորհիվ համալսարանում երկու այդպիսի ժողովներն ավարտվեցին «ոչ-ոքի»: Դա միայն նշանակում էր, որ ես առայժմ «վնասարար» չէի ճանաչվել: Սակայն 1938 թվականի սկզբին կազմակերպվեց մի ժողով (համալսարանի աստղադիտարանի դահլիճում), որտեղ թշնամիներս շատ կողմնակիցներ էին բերել: Ես շատ ջղայնացած ու հուզված էի, և իմ պաշտպանական ճառն անհաջող ստացվեց: Բայց պատահեց անսպասելին: Նիստի ընդմիջմանը իմ ասպիրանտներից մեկը` Ռուսակովը, դուրս եկավ փողոց և այնտեղ թերթ գնեց: Թերթը նյութեր էր տպագրել ԽՄԿԿ կենտկոմի այդ օրերին կայացած պլենումի մասին: Պլենումը որպես ծայրահեղություն դատապարտել էր երկրով մեկ տարածված վնասարարների այդպիսի անհիմն որսը:

Ընդմիջումից հետո Ռուսակովը նիստում բարձրաձայն կարդաց այդ նյութերից մեկը: Ազդեցությունը շատ ուժեղ էր: Իմ թշնամիներից ոմանք, հայտնելով, որ շտապ գործեր ունեն, ոմանք սուս ու փուս, մեկ-մեկ հեռացան դահլիճից: Իսկ դա նշանակում էր, որ նրանք անհաջողության մատնվեցին: Մթնոլորտը ամբողջ երկրում մեղմացավ, և ես փրկվեցի:

Մի երկու-երեք շաբաթ հետո հեռացրին համալսարանի կուսակցական կազմակերպության այն քարտուղարին, որը մասնակցել էր այդ ամենին: Նոր քարտուղարը ինձ հրավիրեց իր գրասենյակը և հույս հայտնեց, որ ես կկարողանամ առաջիկայում հանգիստ աշխատել: Եվ, իսկապես, ես որոշ փոփոխություն զգացի: Բայց պարզվեց, որ թշնամիներս որոշել են հարձակումն ուրիշ մեթոդներով շարունակել:

Նույն 1938 թվականի օգոստոսին «Под знаменем марксизма» ամսագրում լույս տեսավ ոմն Լվովի հոդվածը, որը կոչվում էր «На фронте космологии»: Հոդվածը ինձ դատապարտում էր որպես ծայրահեղ իդեալիստի, որն իդեալիստական գաղափարներ է տարածում տիեզերքի տարիքի մասին: Լենինգրադի համալսարանում այդ հոդվածն ազդեցություն չունեցավ: Սակայն Մոսկովյան աստղագետները որոշեցին հարցը քննել իրենց նիստում: Շատերը` Պարենագոն, Կուկարկինը, Ֆլորիանը, Ֆեսենկովը, վճռական ելույթներ ունեցան իմ օգտին: Նիստը բացասական կարծիք հայտնեց Լվովի հոդվածի մասին: Ճիշտ է «Под знаменем марксизма» ամսագիրը այդ մասին ոչինչ չհայտնեց, բայց հասարակությունը համարեց, որ այս անգամ հարձակումը չհաջողվեց:1938 թվականի վերջերին հայտարարվեցին Համամիութենական Ակադեմիայի ընտրությունները: Լենինգրադի համալսարանը առաջարկեց իմ թեկնածությունը: «Правда» թերթը իր համարներից մեկում զետեղեց մի առաջնորդող, որտեղ ասված էր, որ Ակադեմիան պարտավոր է իր կազմում ընտրել առաջադեմ գիտնականների: Այդ նույն հոդվածում հիշատակված էին նման մի քանի գիտնականների անուններ, որոնց թվում էր նաև իմ անունը: 1939 թվականի հունվարին կայացան ընտրությունները: Մի շարք գիտնականների հետ միասին ինձ ընտրեցին թղթակից-անդամ: Թերթերը գրում էին այդ ընտրությունների մասին, թե դա իսկական գիտության հաղթանակ է:

Ես արդեն երեսուն տարեկան էի, և իմ առջև բացվում էին աշխատելու լայն հնարավորություններ: Լենինգրադի համալսարանում ինձ նշանակեցին գիտական գծով պրոռեկտոր:

Մոտենում էր պատերազմը: Պահանջում էին, որ գիտնականներն ավելի շատ ուշադրություն դարձնեին այն խնդիրների վրա, որոնք կարող էին երկրի պաշտպանության համար գործնական նշանակություն ունենալ:

Ես սկսեցի ավելի լուրջ զբաղվել Երկրի և այլ մոլորակների մթնոլորտներում լույսի տեղափոխման հարցերով: Ցույց տվեցի, որ միաչափ դեպքում ցրման խնդիրը կարելի է բերել մի պարզ ֆունկցիոնալ հավասարման:

Սակայն ինձ հաջողվեց ֆունկցիոնալ հավասարումները լայնորեն կիրառել միայն 1941-1942 թվականներին` պատերազմի ընթացքում: Աշխատություններս այդ մասին լույս տեսան պատերազմի տարիներին` АЖ-ում և հետո ЖТФ-ում: Այդ աշխատանքների համար ես հետագայում ստացա իմ առաջին Ստալինյան մրցանակը:

1939 թվականի ամռանը ես եղա Աբասթումանում: Աստղադիտարանի շինարարությունը շարունակվում էր: Այնտեղ ես զրույցներ ունեցա աստղագիտական հարցերի շուրջ, զեկուցումներ կարդացի դիտարանի ամբողջ գիտական կազմի համար: Այդ կազմում առավել աչքի էր ընկնում Լենինգրադի իմ ասպիրանտ Վաշակիձեի գիտական աճը: Նշեմ, որ այդ ժամանակ Հայաստանում լուրջ աստղագիտություն չկար:

Վրաստանից վերադարձա Թիֆլիս-Մոսկվա հաստատված օդային ուղիով: Այդ ինքնաթիռում (Դուգլաս) բոլոր ուղևորները, բացի ինձանից, գնում էին Մոսկվա` Գերագույն Խորհրդի օգոստոսյան (1939) նստաշրջանին մասնակցելու: Խարկովում, որտեղ ինքնաթիռը վայրէջք կատարեց, ինձ մոտեցավ ուղևորներից մեկը: Իմ դպրոցի ուսուցիչն էր, վերջին դասարանում մեզ Խորհրդային Սահմանադրություն էր դասավանդել: Դա Էգնատաշվիլին էր: Մենք նորից ծանոթացանք: Պատերազմից հետո, երբ արդեն Միության Գերագույն Խորհրդի դեպուտատ էի, նրան մի քանի անգամ հանդիպեցի «Մոսկվա» հյուրանոցում և Գերագույն Խորհրդի նիստերում: Ստալինի մահից հետո չեմ հանդիպել: Վերջին անգամ տեսա նրան Մոսկվայի Միությունների Տան շենքում` Ստալինի դագաղի մոտ: Հետո իմացա, որ Ստալինի թաղումից անմիջապես հետո Բերիան նրան ձերբակալել էր: Հետագա նրա ճակատագիրը չգիտեմ:1940 թվականին իմ ուշադրությունը գրավեց ԱՄՆ-ում լույս տեսած մի աստղագիտական հոդված, որտեղ նշված էր, որ Պերսևսի «h» և «χ» կրկնակի աստղակույտի շրջակայքում կարմիր գերհսկաների քանակությունը զգալիորեն ավելի շատ է, քան Ծիր Կաթնի գոտու այլ տիրույթներում: Նոր խումբը նման էր զգալի ծավալ զբաղեցնող երիտասարդ աստղերի խմբին Օրիոնում: Ես արդեն լավ էի պատկերացնում, որ բաց աստղակույտերի մեծ մասը երիտասարդ են: Հասկանալի դարձավ, որ գործ ունենք ընդհանուր ծագում ունեցող և տարածության մեջ զգալի ծավալ զբաղեցնող երիտասարդ աստղախմբի հետ: Օրիոնից հետո դա իմ իմացած երկրորդ աստղասփյուռն էր, որը իմ ուշադրությունը դարձրեց այդ փաստի բացառիկ նշանակությանը: Միայն հետո` 1947 թվականին, ես հասկացա, որ դա ավելի ընդհանուր տեսակի համակարգերի մասնավոր դեպք է, որոնց ես «աստղասփյուռներ» անվանեցի:

Այդպիսով, իմ մեջ հասունանում էր աստղասփյուռների գաղափարը: Այդ հասունացումը տևեց մոտ 7 տարի (աստղասփյուռների նշանակությունը լիովին պարզ դարձավ 1947 թվականին, Բյուրականում):

Վերադառնանք մինչպատերազմյան վերջին տարիներին: 1940 թվականը ամբողջությամբ և 1941 թվականի սկզբին շատ զբաղվեցի կազմակերպչական հարցերով: Այստեղ մտնում էր նաև զանազան գիտական հանդիսություններին մասնակցելը: Կանգ առնեմ 1941 թվականի փետրվարի վերջին տեղի ունեցած Վրաստանի Գիտությունների Ակադեմիայի բացման վրա:

Ես միշտ աշխատել եմ կապ պահպանել Վրաստանի հետ, հաճախ այցելել եմ Աբասթումանի դիտարանը: Ակադեմիայի բացման հանդիսությանը մասնակցելու իմ հրավերը անձնական էր, իսկ Հայաստանից պաշտոնապես հրավիրված էր Հովսեփ Օրբելին, այն ժամանակվա Միութենական Ակադեմիայի Հայկական մասնաճյուղի նախագահը:

Հանդիսությունները վարում էր Վրաստանի Ակադեմիայի հիմնադիր Ն. Ի. Մուսխելիշվիլին: Նա ամեն ինչ անց էր կացնում ռուսերեն լեզվով: Վրացերենի չօգտագործելը (կամ սահմանափակ օգտագործումը առանձին արարողությունների ժամանակ) հասարակության մի մասի մեջ որոշ դժգոհություն էր առաջացրել: Հ. Օրբելին գոհունակությամբ պատմեց ինձ, որ Մուսխելիշվիլին համաձայն չէ դժգոհողների տեսակետին: Ես իսկույն մտածեցի, որ եթե հարցը վերաբերեր Հայաստանին, ես կգերադասեի, որ հանդիսություններին առավելագույն չափով օգտագործվեր հայերենը: Իհարկե, հյուրերի ներկայությունը դժվարացնում էր գործը: Բայց չէ՞ որ հյուրերը պետք է հարգեն և տանտիրոջ լեզուն: Դժվար էր համաձայնել Օրբելու և Մուսխելիշվիլու հետ: Մի՞թե կարելի է կտրել տվյալ ժողովրդի Ակադեմիայի բացումը այդ ժողովրդից: Իսկ հյուրերի կամ ազգային փոքրամասնությունների համար պետք է պատրաստել թարգմանչական հնարավորություններ:1943 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի բացումը նույնպես հայերեն լեզվով տեղի չի ունեցել, որի համար ես մինչ այժմ ցավում եմ: Սակայն պետք է նշեմ, որ այդ ժամանակ ես Երևանում չէի:

https://teknonebula.info/