Ելաբւգա

ԵԼԱԲՈՒԳԱ (1941-1944)

1940-41 թվականներին պատերազմը Անգլիայի և Գերմանիայի միջև էր, իսկ Ֆրանսիան արդեն պարտվել էր: Թվում էր, որ Խորհրդային Միությունը չի կարողանա խուսափել այդ պատերազմից: 1941-ի հունվարին արդեն սպասվում էր հնարավոր հարձակումը, սակայն այն տեղի ունեցավ հունիսի 22-ին: Սովետական Միությունը հայտարարեց, որ հարձակումը անսպասելի էր: Բայց հունիսի 21-ի երեկոյան ես լսում էի ԲիԲիՍի-ի հաղորդումը, որը ուղղակի նախազգուշացնում էր, որ Գերմանիան պատրաստ է անմիջապես հարձակվելու:

Գիշերվա մոտ ժամը 4-ին Լենինգրադի իմ տանը ես զարթնեցի ինքնաթիռների աղմուկից և բարձրաձայն ասացի կնոջս. «Ինչ-որ շատ են թռչում ինքնաթիռները, կարող է արդեն սկսվել է պատերազմը»: Առավոտվա ժամը 7-ին ինձ զանգ տվեց համալսարանի գիշերային հերթապահը և հաղորդեց, որ հայտարարված է տագնապային դրություն, և ինքը արդեն ներկա գտնվող աշխատակիցներին կարգադրել է փոսեր փորել հակաօդային պաշտպանության համար:

Այդ ժամանակ համալսարանի ռեկտոր Զոլոտուխինը գտնվում էր արձակուրդում, և համալսարանում որպես պրոռեկտոր մնացել էի ես: Շտապ վազեցի համալսարան և համարյա համոզված լինելով, որ պատերազմը սկսվել է, այնտեղ մի քանի անհրաժեշտ կարգադրություններ արեցի: Ամսի 22-ին և 23-ին ես համարյա դուրս չէի գալիս ռեկտորատից և սպասում էի ռեկտորի վերադարձին, կատարելով նրա ընթացիկ պարտականությունները: Բայց իմ գրպանում կար զինվորական տոմս, որն ինձ պարտադրում էր մոբիլիզացիայի հենց առաջին օրը ներկայանալ բանակ: Մոբիլիզացիայի առաջին օր էր հայտարարված հունիսի 24-ը: Ուրեմն, ամսի 24-ին ես պարտավոր էի ներկայանալ զինվորական կոմիսարիատ: Ամսի 25-ին առավոտյան ինձ ուղարկեցին Լենինգրադի շրջանում գտնվող Վիտրինո զինվորական օդակայան: Ռեկտորի պարտականությունները ստանձնեց երկրորդ պրոռեկտոր Կոմարովը: Նա ինձնից շատ ավելի տարիքով էր և մոբիլիզացիայի ենթակա չէր:

Հուլիսի սկզբներին ինձ հետ կանչեցին բանակից. Համամիութենական Գիտությունների Ակադեմիայի անդամները և թղթակից-անդամները իրենց զինվորական պարտականությունները պետք է կատարեին ավելի բարձր ատյանների որոշմամբ: Իմ օգտագործումը, որպես շարքային զինվորի, չէր համապատասխանում ընդունված կարգին, և ես ստացա շատ պատասխանատու հանձնարարություն. մնալով Լենինգրադի համալսարանի պրոռեկտոր գիտության գծով` ես համալսարանի պրոֆեսորական-դասախոսական կազմից պետք է ընտրեի այն մասը, որը ընդունակ էր կատարել պաշտպանական նշանակություն ունեցող գիտական աշխատանքներ, նրանցից կազմել համալսարանի մի մասնաճյուղ և իրենց լաբորատոր սարքավորումներով տեղափոխել խոր թիկունքª այնտեղ գիտառազմական հետազոտություններ կատարելու նպատակով:

Ես անցա գործի: Ընտրեցի մի խումբ գիտական աշխատողներ, միասին ընտրեցինք նաև սարքավորումներ և հուլիսի կեսերին պատրաստ էինք մեկնելու: Մեր սարքավորումները տեղավորվեցին բեռնատար վագոններում: Անձնակազմը բաղկացած էր մոտ 60-70 աշխատակիցներից և նրանց ընտանիքներից: Իմ ընտանիքը և ես նույնպես տեղավորվեցինք բեռնատար վագոնում և հուլիսի 16-ին կամ 17-ին մեկնեցինք Լենինգրադից: Ինձ հետ էին ընտանիքիս հետևյալ անդամները` տիկինս, որը երեխա էր սպասում, երեք երեխաներս, հայրս, մայրս և քույրս իր փոքրիկ տղայի հետ:

Այսպես սկսվեց մեր արտագաղթը, որը ծրագրի համաձայն պետք է կատարվեր դեպի Կազան քաղաքը: Երբ հուլիսի 22-ին մենք գնացքով հասանք Մոսկվա, տեղի ունեցավ գերմանական օդանավերի առաջին զանգվածային հարձակումը Մոսկվայի վրա: Մեր գնացքը կանգնած էր մի տեղ, որտեղից երևում էր ամբողջ մայրաքաղաքը: Տագնապի ազդանշանով ամբողջ անձնական կազմը ուղարկեցինք ապաստարան, որը շատ մոտ էր գնացքի կանգնած տեղին: Շոգեքարշը անջատված էր, և գնացքը ամբողջ գիշեր մնաց անշարժ: Գնացքում մնացինք միայն ես և երեք համեմատաբար երիտասարդ հերթապահներ: Բազմաթիվ կետերից զենիթային հրանոթները կրակում էին գերմանական ռմբակոծիչների վրա: Օդ էին բարձրացել խորհրդային բազմաթիվ կործանիչներ: Երևում էր, որ գերմանական ռմբակոծիչները ուժեղ դիմադրություն են ստանում: Երբ մոտեցավ լուսաբացը, և հարձակումն ավարտվեց, պարզ դարձավ, որ գերմանացիները մեծ հաջողությունների չեն հասել: Ծայրամասերում երևում էին մեկ-երկու հրդեհներ:

Մեր գնացքը երկար էին պահում կանգառներում, և մի չորս օր ևս պահանջվեց, որ հասնենք մեր նպատակակետին` Կազանի կայարան: Համաձայն մինչ պատերազմը մշակված տարահանման (էվակուացիայի) պլանի` Կազանում մենք պետք է տեղավորվեինք օդագնացության (ավիացիայի) ինստիտուտի շենքում: Սակայն պլաններ մշակողները նույն շենքը նախատեսել էին նաև Մոսկվայից տարահանված հիմնարկների համար: Պարզվեց, որ Կազանի օդագնացության բարձրագույն ինստիտուտում արդեն տեղավորվել են ոչ թե մեկ, այլ մի քանի մոսկովյան հիմնարկներ (ՑԱԳԻ և այլն) և մեզ համար տեղ չէր մնացել: Մեզ տեղավորելու հարցը կարող էր լուծել միայն Մոսկվան: Ստիպված որոշեցինք մի քանի օրով հանգրվանել Կազանի համալսարանի շենքում: Բայց արի ու տես, որ համալսարանում արդեն սպասում էին մոսկովյան Գիտությունների Ակադեմիային, որն արդեն այնտեղ էր ուղարկել իր կենտրոնական ապարատի մի մասը, և մի քանի օրվա ընթացքում այնտեղ պետք է տեղավորվեր իր բազմաթիվ ինստիտուտներով: Ճարահատյալ ես որոշեցի ամեն գնով ժամանակավորապես Կազանի համալսարանում տեղավորել մեր ամբողջ կազմը և սարքավորումները, ու մեկնել Մոսկվա` այնտեղից նոր կարգադրություն ստանալու:

Այդպես էլ արեցինք, չնայած Մոսկվայի Գիտությունների Ակադեմիան խիստ առարկում էր, քանի որ օր-օրի սպասում էր իր անձնակազմի ժամանմանը: Մինչև անգամ նրանք համալսարանի մեծ դահլիճում արդեն հարյուրից ավել մահճակալներ էին դրել: Երևի այն պատճառով, որ Ակադեմիան իրեն համեստ չէր պահում, մեզ համակրում էր Կազանի համալսարանի ռեկտորը: Կազանի համալսարանը չէր կարող մեզ ընդունել երկար ժամանակով, բայց նա համաձայնեց մի քանի օրով ապաստան տալ, մինչև մեր ճակատագիրը որոշի Մոսկվայում գտնվող տարհանման կենտրոնական հանձնաժողովը: Այդպես էլ արվեց, և մենք տեղավորվեցինք Կազանի համալսարանի շենքում: Այդ նպատակով մեր աշխատակիցներն օգտագործեցին Ակադեմիայի կողմից պատրաստված դատարկ մահճակալները:

Ես մեկնեցի Մոսկվա, և այնտեղ որոշվեց, որ մենք տեղավորվենք Ելաբուգայի ուսուցչական ինստիտուտում: Օգոստոսի վերջերին մեզ տվեցին մի ամբողջ նավ, և Վոլգայով և Կամայով մեր ամբողջ անձնակազմը հասավ Ելաբուգա: Քաղաքի վարչությունը (գործկոմը ու կուսկոմը) ուշադիր վերաբերվեցին մեզ: Ելաբուգան հանդիսանում էր շարքային շրջկենտրոն և շատ խիտ բնակեցված չէր: Նորեկներին հաջողվեց տեղավորել քաղաքի տարբեր տներում:

Ես և իմ ընտանիքը տեղավորվեցինք Կամայի ափին բարձր տեղակայված մի տան մեջ: Այնտեղ ունեինք երկու սենյակ: Մուտքի մոտ կար մի փոքր անկյուն, որտեղ տեղավորվեց իմ անկողինը: Այստեղ մենք մնացինք ընդամենը երկու և կես տարի, որոնցից ես մի քանի ամիսը անձամբ անցկացրի գործուղումներում, իսկ վերջին ամիսները` Հայաստանում, որտեղ 1943 թվականի նոյեմբերից գործում էր Հայաստանի Գիտությունների Ակադեմիան:

Ելաբուգայում առաջին օրերից սկսվեց լարված գիտական աշխատանք: Մեր կազմում էին ակադեմիկոս Վ. Ա. Ֆոկը և թղթակից-անդամ Վ. Ի. Սմիրնովը` հետագայում ակադեմիկոս: Սկսեցինք գիտական սեմինարների աշխատանքները: Օրինակ, առաջին երկու սեմինարներին, որոնք անցկացվեցին 1941 թվականի սեպտեմբերին, լսվեցին ակադեմիկոս Ֆոկի և իմ զեկույցները: Թեև թեմաները շատ տարբեր էին, բայց կար որոշ ընդհանրություն մաթեմատիկական կիրառվող մեթոդի տեսակետից:

Ինձ հաջողվեց առաջին անգամ ստանալ մոլորակների մթնոլորտում ճառագայթման տեղափոխման համար այն ֆունկցիոնալ հավասարումները, որոնք հետագայում դարձան իմ, Վ. Վ. Սոբոլևի և Չանդրասեկհարի ուսումնասիրության առարկան:

Պարզ դարձավ, որ մենք, և ոչ միայն աստղագետները, ժամանակը իզուր չենք վատնելու: Արդյունքների մասին մենք զեկուցում էինք Մոսկվայում և հաղորդում Լենինգրադի համալսարանի ռեկտոր Ա. Ա. Վոզնեսենսկուն:

1942 թվականի ձմռանը Լադոգայով կատարվեց նաև Լենինգրադի համալսարանի հիմնական կազմի տեղափոխումը Սարատով: Այդ գործը ղեկավարում էր ռեկտոր Վոզնեսենսկին, որը քաղբյուրոյի անդամներից մեկի` Ն. Ա. Վոզնեսենսկու եղբայրն էր: Վերջինս ղեկավարում էր ամբողջ երկրի տնտեսական կյանքը, ազդեցիկ անձնավորություն էր, որը, սակայն, պատերազմից հետո դատապարտվեց գնդակահարության: Ռեկտոր Վոզնեսենսկին կանչեց ինձ Սարատով և առաջարկեց թողնել Ելաբուգան, որովհետև, նրա կարծիքով, գիտական գծով պռորեկտորը պետք է լինի այնտեղ, որտեղ համալսարանի հիմնական կոլեկտիվն ու ուսանողներն են: Ելաբւգա վերադառնալուց հետո ես մի քանի անգամ ստացա հեռագրով նրա պահանջը` տեղափոխվել Սարատով: Ինձ համար դա ընդունելի չեր: Սակայն այդ ընթացքում տեղի ունեցավ մեկ այլ բան:

Մոսկվայում, 1943 թվականի սեպտեմբերին, անցնելով Կրոպոտկինի փողոցով, պատահաբար հանդիպեցի Հովսեփ Օրբելուն: Նա արտակարգ բարձր տրամադրություն ուներ և ինձ հայտնեց, որ Հայաստանի Գիտությունների Ակադեմիաի կազմակերպման հարցը արդեն, ըստ էության, լուծված է: Հանդիսավոր բացումը կկայանա 1943 թվականի նոյեմբերի 29-ին: Հետո Օրբելին հարցրեց. «Դուք չե՞ք հրաժարվի նորակազմ Գիտությունների Ակադեմիայում աշխատելուց»: Իմ դրական պատասխանից հետո նա ավելացրեց, որ Հայաստանի ԳԱ-ում աշխատելը ամենևին էլ չպետք է նշանակի, որ ես պետք է թողնեմ իմ հիմնական աշխատանքը Լենինգրադի համալսարանում: Դրան ես պատասխանեցի, որ աշխատել Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում ես կհամարեմ ինձ համար ամենապատվավոր պարտքը: Այդ պատճառով, եթե ինձ այնտեղ գիտական աշխատող նշանակեն, ես անպայման տեղափոխվելու եմ Երևան` ինձ ամբողջովին գործին նվիրելու: Օրբելին նորից ինձ փորձեց համոզել, որ բավական կլինի Երևանում աշխատել տարեկան մեկ-երկու ամիս: Ես հասկացա, որ Ակադեմիայի գլխավոր կազմակերպիչը ինքը` Օրբելին է, որ նա ուզում է Ակադեմիայի աշխատանքների մեջ ներգրավել Հայաստանից դուրս ապրող, ազգությամբ հայ գիտնականների: Ըստ երևույթին, նա կարծում էր, որ սկզբում կարևոր են դեմքերը, իսկ հետո կգա գործը: Ես շատ էի համակրում Օրբելուն, բայց այդպիսի լիբերալ մոտեցումը ինձ դուր չեկավ: Այնուամենայնիվ, ես ոչինչ չասացի` կրկնելով միայն, որ եթե հրավիրվեմ Հայաստան, այնտեղ կլինի իմ աշխատանքի հիմնական տեղը: Իրարից բաժանվեցինք բարձր տրամադրությամբ: Չէ՞ որ 1943 թվականի աշունն էր, Կարմիր բանակը դուրս էր քշում թշնամուն մեր երկրից, և, վերջապես, մոտ ժամանակներում բացվելու էր ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիան:

Նույն թվականի մոտավորապես նոյեմբերի 20-ին ռադիոյով իմացա, որ Երևանում Ակադեմիայի ծրագրվող բացման կապակցությամբ Մոսկվաից Երևան է մեկնել Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի պատվիրակությունը: Մյուս կողմից Սարատով քաղաքից ես ստացա Լենինգրադի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Վոզնեսենսկուց մի հեռագիր, որով ես ազատվում էի Ելաբուգայի մասնաճյուղի ղեկավարի պարտականություններից: Հեռագիրը հնչում էր մոտավորապես այսպես. «Հանձնեցեք Ելաբուգայի մասնաճյուղի գործերը գիտությունների թեկնածու Կլեմենտին և բարեհաճեք գալ Սարատով` այստեղ համալսարանի գիտական գծով պրոռեկտորի պարտականությունները կատարելու»:Պարզ էր, որ Վոզնեսենսկին ցանկանում էր, որ Սարատովում գտնվող լենինգրադցիների խումբը սկսի տալ նույն մակարդակի գիտական արդյունքներ, ինչը հատուկ էր Ելաբուգայի մասնաճյուղի համար: Սակայն ես հասկանում էի, որ այդ խմբի մեծամասնությունը հազիվ թե կարողանա հաղթահարել պատերազմական պայմանների հետ կապված դժվարությունները և կազմակերպել բարձր մակարդակի գիտական աշխատանք:

Իսկապես, Սարատովում վարչական աշխատանքի ընդունակ մարդիկ առանց ինձ էլ կգտնվեին: Ուստի ես որոշեցի գնալ Երևան` վերջնականապես պարզելու Ակադեմիայում աշխատելու հարցը: Իհարկե, ես պատասխանատվություն էի զգում Ելաբուգայի մասնաճյուղի կոլեկտիվի առջև, բայց Երևան տեղափոխվելու ձգտումը հաղթեց: Ես մեկնեցի Մոսկվա, որտեղից Ակադեմիան ինձ, որպես իր թղթակից անդամի, գործուղեց Երևան` Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի բացմանը մասնակցելու:

Ես հասա Երևան դեկտեմբերի 4-ին: Կայարանում ինձ դիմավորեցին աստղագետներ Հ. Բադալյանը և Բ. Մարգարյանը և հայտնեցին, որ իմ անունը կա Ակադեմիայի իսկական անդամների ցուցակի մեջ, որը հաստատվել է կառավարության կողմից: Իսկ Ակադեմիայի հիմնադիր կազմը արդեն ընտրել էր ինձ փոխպրեզիդենտի պաշտոնում: Շատ նրբանկատ Օրբելին, ըստ երևույթին, հարկ չէր գտել հայտնել, որ ինձ ուզում են նշանակել ակադեմիկոսների առաջին կազմի մեջ: Կամ մեր մոսկովյան հանդիպման ժամանակ հիմնադիր կազմը դեռ չէր հաստատվել վերջնականապես:

Ես ուղղակի ապշեցի: Իմ ցանկությունը այն էր, որ տեղափոխվելով Լենինգրադի համալսարանից Հայաստանի Ակադեմիա` ստանամ գիտական աշխատանքի համար ավելի շատ ժամանակ: Հարց էր ծագում, արդյո՞ք կհաջողվի իսկապես զբաղվել գիտական աշխատանքով:

Երեկոյան, երկար մտածելուց հետո, եկա այն եզրակացության, որ հրաժարվելու ոչ մի հիմք չունեմ: Վերջ ի վերջո նախկինում ես համաձայնում էի «ցանկացած պաշտոնում» աշխատել Հայաստանում:

Մյուս օրը գնացի ներկայանալու Գիտությունների Ակադեմիա և պրեզիդենտ Հովսեփ Օրբելուն: Ես հայտնեցի իմ նպատակը` տեղափոխվել Հայաստան և այստեղ կենտրոնացնել իմ գիտական աշխատանքը: Օրբելին մի անգամ ևս կրկնեց, որ ինձնից չի պահանջում աշխատել միայն Հայաստանում: Ես որոշակիորեն հայտնեցի, որ իմ նպատակները լուրջ են, և ես չեմ պատկերացնում, որ Ակադեմիայի փոխնախագահը կարող է իր հիմնական գիտական աշխատանքը կատարել մեկ այլ հիմնարկում:

Օրբելին իր առանձնասենյակ հրավիրեց մյուս փոխնախագահ Վարդան Գուլքանյանին: Մենք հիմնականում պայմանավորվեցինք երեքիս պարտականությունների բաժանման մասին:

Այդ օրը և հաջորդ մի քանի օրերի ընթացքում մեզ հարկավոր էր պայմանավորվել Ակադեմիայի աշխատանքի հիմնական ուղղությունների մասին: Մինչ այդ կար ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Հայկական մասնաճյուղը, որի նախագահն էր Հովսեփ Օրբելին: Մասնաճյուղը իր կազմում ուներ մի քանի գիտական ինստիտուտներ, բայց նրա կշիռը խորհրդային գիտության մեջ չնչին էր: Իր գոյության հինգ տարվա ընթացքում նա կազմել և հրատարակել էր «Սասունցի Դավիթ» էպոսի հավաքական տեքստը, շարունակել էր երկրաբան Հովաննես Կարապետյանի հետազոտությունները: Հետագայում դա տվեց լավ պտուղներ: Բայց գիտության ժամանակակից ճյուղերը քիչ էին արտացոլված մասնաճյուղի գործունեության մեջ: Մենք եկանք մի քանի կարևոր եզրակացությունների.ա) Հայաստանի գիտությունների Ակադեմիայի առաջին կազմը բավականաչափ ուժեղ էր հասարակական գիտությունների՛, մասնավորապես` հայագիտության բնագավառում: Բավական է տալ Հակոբ Մանանդյանի, Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Ստեփան Մալխասյանի և Հովսեփ Օրբելու անունները:

բ) Սակայն Հայաստանի ժողովրդական տնտեսության զարգացումը ետպատերազմյան ժամանակաշրջանում պետք է գնար արդյունաբերական բնագավառում, մասնավորապես, արագ պետք է զարգանար մեքենաշինությունը և սարքաշինությունը:

գ) Այդ կապակցությամբ Ակադեմիան պետք է առանձին ուշադրություն նվիրեր ճշգրիտ գիտությունների զարգացմանը, որոնց հիմքը կազմում են ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունները: Իսկ այդ բնագավառում մեզ պետք էր անցնել վերելքի հսկայական ճանապարհ, քանի որ առկա մակարդակը շատ ցածր էր:

1944 թվականի փետրվարին Օրբելին, ես և ակադեմիկոս Եղիազարյանը գնացինք Մոսկվա` խորհրդակցելու ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ղեկավարության հետ մի շարք կոնկրետ հարցերով: Մեզ շատ էր օգնում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Փիրուզյանը: Մի օր նա հայտնեց, որ մեզ ուզում է ընդունել Անաստաս Միկոյանը: Այդ ընդունելությունը կայացավ փետրվարի վերջերին արտաքին առևտրի նախարարության շենքում: Երկրի գործերը լավ էին գնում: Թշնամին արդեն վռնդվել էր համարյա ամբողջ Ուկրաինայից: Երբ մենք մտանք Միկոյանի մոտ, նրան գտանք ուրախ և աշխույժ տրամադրության մեջ: Նա մեզ հարցրեց մեր մոտակա ծրագրերի մասին, ընդգծեց, որ Հայաստանում անհրաժեշտ է առանձին ուշադրություն դարձնել ճշգրիտ և տեխնիկական գիտությունների զարգացմանը: Մեր խնդրանքով Միկոյանը մի քանի կարգադրություններ արեց, որոնց նպատակն էր ապահովել Ակադեմիայի լաբորատորիաները նյութերով և սարքավորումներով: Այստեղ նա գործում էր արդեն որպես Մինիստրների Խորհրդի նախագահի տեղակալ: Լավ եմ հիշում, որ Ակադեմիան Միկոյանի միջնորդությամբ իր լաբորատորիաների համար ստացավ մեկ կիլոգրամ պլատին:

Միկոյանը հարցրեց հայ դասականների հրատարակության մասին: Հայտնի է, որ մեր Ակադեմիան այս հարցում հետագա տարիներին կատարեց մեծածավալ աշխատանք: Նա նշեց, որ անհրաժեշտ է ամենամոտ ժամանակներում Ակադեմիան լրացնել թղթակից-անդամներով:

Միկոյանի մոտից մենք հեռացանք մեր հիմնարկի և ազգի համար հեռանկարներով թևավորված: Մի քանի օրից հետո գնացքով վերադարձանք Երևան:1944 թվականի գարնանը ես Երևանից մեկնեցի Սարատով` հրաժեշտ տալու Լենինգրադի համալսարանին, որի հետ կապված էի որպես ուսանող, որպես դասախոս, ապա` ամբիոնի վարիչ ու պրոռեկտոր: Մենք սրտառուչ խոսակցություն ունեցանք ռեկտոր Ալեքսանդր Ալեքսեյևիչ Վոզնեսենսկու հետ: Լենինգրադի համալսարանը միշտ մոտ է իմ սրտին: Բավական է ասել, որ այնտեղ սովորել ենք մենք` հայրս` Համազասպ Համբարձումյանը, ես, դուստրս` Կարինեն, և այժմ ավարտում է մաթեմատիկայի ֆակուլտետը իմ թոռը, Կարինեի դուստրը` Գայանեն: Բացի դրանից, այնտեղ են սովորել քույրս` Գոհարը, և քրոջս որդին` Լևոնը: Սակայն իմ որոշումը հեռանալու մասին վերջնական էր, և այդ ոգով էլ ես խոսեցի Վոզնեսենսկու հետ: Նա ինձ հասկացավ, և մենք բաժանվեցինք բարեկամաբար:

Դրանից հետո անհրաժեշտ էր գնալ Ելաբուգա, որտեղ գտնվում էր իմ ընտանիքը և նրանց հետ միասին ուղևորվել դեպի Երևան: Մենք Ելաբուգայից դուրս եկանք նավով` ուղևորվելով դեպի Աստրախան: Ուղևորությունը սկսվեց հունիսի 6-ին: Մեր դուրս գալու օրվա հաջորդող առավոտը նավի ռադիոյով իմացանք, որ մեր այն ժամանակվա դաշնակիցները վերջապես Գերմանիայի դեմ բացել են «երկրորդ ռազմաճակատը»: Բոլորս հասկանում էինք, որ մտնում ենք պատերազմի վերջին փուլը:

Աստրախանում նստեցինք «Կոլլոնտայ» նավը և մյուս օրը ժամանեցինք Բաքու: Այստեղ ինձ դիմավորեցին Ադրբեջանի մասնաճյուղի ներկայացուցիչները և Երևանի աստղադիտարանի աշխատակից Բենիկ Մարգարյանը, որը նոր էր զորացրվել բանակից: Նրա հետ միասին Բաքվում մնացինք երկու գիշեր և ապա Ջուղայով հասանք Երևան: Այդպես կատարվեց մեր ընտանիքի հայրենադարձությունը:

Դրանից հետո անցել է քառասուն տարի: Այս քառասուն տարվա ընթացքում շատ լավ ու վատ օրեր հասցրի տեսնել, բայց չեղավ գոնե մի օր, որ ես զղջայի իմ վերադարձի համար: Այժմ էլ ես ուրախ եմ, որ այն ժամանակ տեղափոխվեցի: Կատարվել են իմ ամենա վսեմ երազանքները:

https://teknonebula.info/