Երեվան

Երևան (1944-1970)

Մի քանի խոսք Ակադեմիայի առաջին կազմի մեջ մտած չորս ավագ հա յա գետ ների` Հ. Աճառյանի, Մ. Աբեղյանի, Հ. Մանանդյանի և Ս. Մալխասյանի մասին: Չորսն էլ վիթխարի աշխատունակության մարդիկ էին: Իրենց աշխատաոճով տար բեր վում էին այն ժամանակվա խորհրդային և արտասահմանյան այլ գիտ նա կան նե րից, և կարծես նրանց ճակատների վրա դրոշմված էր Մեսրոպ Մաշտոցի և Մով սես Խորենացու կնիքը: Ժողովուրդը ցնծությամբ ընդունեց նրանց ակադեմիկոսներ նշա նա կելու լուրը: Բոլորը հասկանում էին, որ դրանով հաստատվում է հայ խորհրդա յին շրջանի գիտության կապը հայ դասական դպրության ավանդույթների հետ: Նրանք իսկական հայ դպիրներ էին և միևնույն ժամանակ նորաստեղծ Ակա դե միայի իսկական անդամներ: Հայ մտավորականությունը շատ էր սիրում նրանց: Հա մա րում էին, որ նրանց անդամությունը Ակադեմիային երաշխիք է այն բանի, որ Ակա դեմիան հատուկ ուշադրություն կնվիրի հայոց լեզվի, պատմության և գրա կա նութ­յան ուսումնասիրությանը:

Կարելի է ասել, որ նշված չորս դպիրները Օրբելու հետ միասին կազմում էին մի փայլուն հնգյակ, որով կարող էր պարծենալ մեր Ակադեմիան: Հովսեփ Օրբելին առաջավոր և պայծառ մտքի տեր մարդ էր: Ինձ թվում է, որ իր գիտական ըն դու նա կութ յուն նե րով և մտահորիզոնի լայնությամբ հասարակական գիտությունների այն ժա մա նակ վա գործիչների մեջ նա գրավում էր, անշուշտ, առաջին տեղը: Ինձ կարող են առարկել, թե նրա սեփական ներդրումը գիտության մեջ, եթե այն չափվի աշ խա տութ յուն նե րի ծավալով, չի կարող համեմատվել, ասենք, Աճառյանի կամ Մա նանդ յա նի ավանդի հետ: Այդ ճիշտ է: Բայց գործունեության ընդհանուր արդյունքի տե սա կե տից նա չէր զիջում իր կոլեգաներին: Ես երախտագիտությամբ և հաճույքով եմ հիշում իմ զրույցները նրա հետ: Դրանք շատ օգտակար էին ինձ համար:

Եթե այստեղ ավելացնենք հասարակական գիտությունների բաժանմունքի երեք երևելի անդամներին` Ավետիք Իսահակյանին, Գրիգոր Ղափանցյանին և Արսեն Տերտերյանին, ապա պարզ կդառնա, որ հանձինս այդ ութ ակադեմիկոսների մենք ունեինք բաժանմունքի շատ ուժեղ կազմ:

Երկու խոսք Ավետիք Իսահակյանի մասին: Ժողովուրդի սերը նրա նկատմամբ անսահման էր: Իր հանգիստ, խաղաղ բնավորությամբ նա միշտ մեղմացնում էր վիճաբանությունները: Ես պնդում էի, որ նրա ընտրությունը մի բացառիկ իրադարձություն պետք է լինի: Նրա մահվանից հետո այլ գրողներ փորձում էին ապացուցել, որ գրողներից առնվազն մեկը միշտ պետք է լինի Ակադեմիայի կազմում: Բայց Ակադեմիան ճիշտ վարվեց, երբ երկար տարիներ անց այդ նույն տեղը տվեց Մարտիրոս Սարյանին և ապա` Արամ Խաչատրյանին: Այժմ իսկական անդամների թվում չկա ո՛չ գրող, ո՛չ նկարիչ, ո՛չ էլ երաժշտագետ: Քիչ են ծնվում Իսահակյաններ, Սարյաններ ու Խաչատրյաններ: Հուսանք, որ դեռ կունենանք:

Առաջին կազմի մեջ չմտան ո՛չ փիլիսոփաները, ո՛չ էլ տնտեսագետները: Չնայած հասարակագիտական բաժանմունքի առաջին կազմի զուտ հայագիտական ուղղությանը, այդ կազմի մեջ մտնող անունները ապացույց էին, որ քառասունական թվականների սկզբին Հայաստանի գիտությունը, իրոք, հասունացել էր Ակադեմիա կազմակերպելու համար: Սակայն, երբ դուրս էինք գալիս հասարակական գիտությունների սահմաններից, մենք համոզվում էինք, որ դրությունն այդքան նպաստավոր չէ: Ակադեմիկոսների թվում չկար ոչ մի մաթեմատիկոս: Քանի որ ժամանակակից հիմնարար գիտությունն առաջին հերթին հիմնված է մաթեմատիկայի վրա, ապա դա լուրջ պակաս էր: Ֆիզիկայում դրությունն ավելի ծանր էր. բացի Ալիխանյան եղբայրներից չկար ոչ մի դոկտոր: Նրանցից ավագը` Աբրահամ Ալիխանովը, Մոսկվայում էր և Ակադեմիայի գոյության առաջին տարիներին տարին մեկ էր այցելում Երևան: Կրտսեր եղբայր Արտեմն Արագածի վրա արշավախումբ ուներ, բայց համալսարանում չէր դասախոսում և ցանկանում էր ապրել Մոսկվայում, համենայն դեպս, այնտեղ պաշտոն ուներ: Առայժմ մեր ունեցածը արշավախումբն էր Արագածում, որը ուներ մի օժանդակ լաբորատորիա Երևանում:

Մեծ հույս էր ներշնչում գիտությունների թեկնածու ֆիզիկոս Ն. Մ. Քոչարյանը: Նա և մի քանի այլ ֆիզիկոսներ բարձրացրին ֆիզիկայի դասավանդման դրվածքը Երևանի համալսարանում:

ԽՍՀՄ ԳԱ-ի հայկական մասնաճյուղից, որպես ժառանգություն, մեր Ակադեմիան այլ գիտական հիմնարկների թվում ստացել էր նաև Երևանի աստղադիտարանը: Այն խղճուկ վիճակում գտնվում էր Ղ.Ղուկասյանի անվան պուրակում: Աշխատակիցների կազմում չկար գիտության ոչ մի թեկնածու: Միակ քիչ թե շատ աշխատունակ մարդիկ Բադալյանն ու Մարգարյանն էին: Բադալյանը սիրողական մակարդակով համեմատաբար պայծառ փոփոխական աստղերի դիտումներ էր կատարում: Մարգարյանը Լենինգրադում իմ ղեկավարությամբ ասպիրանտուրա էր ընդունվել: Երևանում նա աշխատում էր իր դիսերտացիայի վրա: Ունեինք նաև չորս կամ հինգ այլ աշխատակիցներ, որոնք կատարում էին զուտ տեխնիկական աշխատանք: Միակ գործիքը Լենինգրադի համալսարանի աստղադիտարանից ժամանակավորապես վերցված 9-դյույմանոց աստղադիտակն էր: Հիմնարկն այդ վիճակում իրեն չէր արդարացնում, և ես ապրում էի այն հույսով, որ համալսարանում պատրաստենք լավ մասնագետներ և ապա ձեռք բերենք մի աշխատունակ աստղադիտակ:

Ի դեպ, չնայած պատերազմին և այն հանգամանքին, որ երիտասարդ տղաները հիմնականում գտնվում էին գործող բանակում (իսկ շատերը զոհվել էին), հիմնարկներում մնացել էին հեռանկարային մարդիկ, ինչպես մաթեմատիկոս Արտաշես Շահինյանը, ֆիզիկոս Նորայր Քոչարյանը և երկրաբան Հովհաննես Մաղաքյանը: Ես կգերադասեի, որ այդպիսիները մտնեին Ակադեմիայի սկզբնական կազմի մեջ: Այն ժամանակ նրանք դեռևս դոկտորական աստիճան չունեին: Հետագայում նրանք երեքն էլ ընտրվեցին Ակադեմիայի կազմում:

Մենք լավ հասկանում էինք, որ ճշգրիտ գիտությունների բնագավառում հարկավոր է կատարել մեծ ծավալի աշխատանք, ճիշտ սահմանել մեր խնդիրները, ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ և համառ ու համբերությամբ աշխատել: Առայժմ դա ակադեմիկոսներ ընտրելու խնդրից ավելի կարևոր էր:

Դրությունն առավել ծանր էր կենսաբանական գիտությունների ասպարեզում: Իհարկե, ակադեմիկոսների անդրանիկ ցուցակի մեջ կար, օրինակ, Լևոն Օրբելու ա նունը: Բայց նա միայն մեկ անգամ կարողացավ մի քանի օրով այցելել մեր Ա կա դե միան: Ծեր գիտնականը մինչ այդ Լենինգրադում ունեցել էր մի շարք երևելի հայ աշակերտներ, ինչպես Է. Հասրաթյանը, Ա. Քարամյանը և ուրիշներ: Տեսնելով գի տութ յան և Ակադեմիայի առաջին քայլերը իր հայրենիքում` նա զգացվեց և ար տաս վեց:

Հասրաթյանը չէր մտնում ակադեմիկոսների առաջին կազմի մեջ և դա Հովսեփ Օր բե լու մեծ սխալներից մեկն էր: Հետագայում ինձ հաջողվեց ուղղել այդ սխալը, և Հաս րաթ յանը միշտ համագործակցում էր Հայաստանի երիտասարդ ֆիզիոլոգների հետ:

1943 թվականի համարյա բոլոր ակադեմիկոսները ծնված էին դարի սկզբներին (մինչև 1910 թվականը): Դպրոցական կրթությունը ևս նրանց մեծ մասն ստացել էր մինչհեղափոխական պայմաններում: Ավելացնեմ նաև, որ նրանց մեծամասնությունը իր կրթությունն ստացել էր Հայաստանից դուրս: Դա հնարավոր էր միայն լեզուների իմացության դեպքում, և հայտնի է, որ մեր երիտասարդությունը միշտ ձգտել է տիրապետել ռուսաց լեզվին: Այդ լեզուն մեզ համար համաշխարհային (առաջի հերթին ռուսական) մշակույթի ու գիտության հետ ծանոթանալու գլխավոր միջոցն է եղել: Մյուս կողմից, ռուսերենի միջոցով մեզ հասնում էին ռուսական հասարակական մտքի ամենաառաջավոր պտուղները, նոր գաղափարները: Շատ բան թարգմանվում էր:

Միևնույն ժամանակ, ապրելով Հայաստանից դուրս` մեր երիտասարդության մեծ մասը ձգտում էր նաև ավելի լավ տիրապետել հայերենին: Օրինակ, ես, տասնյոթ տարի Լենինգրադում ապրելով, միշտ աշխատում էի գտնել և կարդալ հայերեն գրքեր: Այնտեղ կարդացի Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը, Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդության» հայերեն թարգմանությունը, որը լույս էր ընծայել Պետհրատը երեսունական թվականներին, և մի շարք այլ երկեր: Երբ Լենինգրադում ծնվեցին երեխաներս, ես դարձա հայերենի ուսուցիչ, և մեր սեղանների վրա միշտ առկա էին այբբենարանն ու տարբեր ընթերցարանները: Սակայն գալով Հայաստան` համոզվեցի, որ հայերենս կատարյալ չէ: Հաճախ էի գործածում ոչ գրական դարձվածքներ: Ինձ հաջողվեց շտկել այդ թերությունները, և 1944 թվականին աստղաֆիզիկայի դասընթացը համալսարանում սկսեցի կարդալ, իմ կարծիքով, ոչ շատ վատ հայերենով:

Ցավոք սրտի, դրսում բարձրագույն կրթություն ստացած ոչ բոլոր հայ գիտնականներն էին ժամանակին հետևել հայերենի կատարելագործմանը: Վերադառնալով Հայաստան` նրանք այդ պատճառով դժվարություններ էին ունենում: Հովսեփ Օրբելին, լինելով մասամբ լեզվաբան (Մառի աշակերտներից) և հայոց լեզվի մասնագետ, դժվարանում էր հայերեն ելույթներ ունենալ նիստերի ժամանակ: Մենք ամեն ինչ անում էինք, որ նա դժվարություն չզգա և որ նույնիսկ շրջապատողները չզգան: Սակայն դա ոչ միշտ էր հնարավոր, և այդ դժվարություններն Օրբելու հասցեին ավելորդ խոսակցությունների առիթ էին տալիս: Չնայած, պետք է ասեմ, որ մասնավոր խոսակցությունների ժամանակ նրա հայերենը նորմալ էր: Հայերեն խոսելիս նա նույնքան հաճախ էր սրամտում, որքան ռուսերեն խոսելու ժամանակ:

* * *

Մեր Ակադեմիայի իսկական ստեղծողն ու կազմակերպիչը, իհարկե, խորհրդային ժողովուրդն էր, մասնավորապես` հայ ժողովուրդը, կոմունիստական կուսակցությունը և խորհրդային իշխանությունը: Ակադեմիայի արդյունավետ գործունեության և կենսունակության համար անհրաժեշտ էր նաև ճիշտ քաղաքական ղեկավարությունը ՀԿԿ կենտրոնական կոմիտեի կողմից: Կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը շատ լավ էր պատկերացնում Ակադեմիայի դերն ու նշանակությունը: Եթե նա ամեն ջանք ու եռանդ չգործադրեր, ապա Ակադեմիայի կազմակերպումը պարզապես անհնար կլիներ ահեղ պատերազմի տարիներին: Մոսկվայում ընդունված որոշումը ստորագրված էր Ստալինի կողմից: Մենք հույս ունեինք, որ այդ ուշադրությունը կշարունակվի:

Այստեղ մի քանի խոսք ասեմ այն մասին, թե ինչ պայմաններում էր ընթանում մեր աշխատանքը: Այն ժամանակ Ակադեմիայի ամեն մի լուրջ քայլ հարկավոր էր համաձայնեցնել Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտկոմի հետ: Քանի որ կենտկոմում կար գաղափարախոսության գծով քարտուղար, ապա ամեն ինչ հարկավոր էր համաձայնեցնել նրա հետ: Բայց նրան հետաքրքրում էին միայն պատմության և գրականագիտության խնդիրները: Ինչ վերաբերում էր ճշգրիտ և բնական գիտություններին, ապա մենք ազատ էինք մեր որոշումների և ընտրությունների մեջ: Մյուս կողմից այնպիսի խնդիրներ, ինչպիսին էին շինարարությունը կամ ֆինանսները, կարող էին լուծվել միայն Նախարարների Խորհրդի կողմից: Իհարկե, շատ էր օգնում, եթե նրանք ցուցումներ էին ստանում առաջին քարտուղարից:

Մեր գործերով կենտկոմում սկսեց զբաղվել Զավեն Գրիգորյանը, որը լուրջ և ուշադիր աշխատող էր: Նա բավականաչափ տակտ ուներ և աշխատում էր կենտկոմի ամեն մի հրահանգ բացատրել ակադեմիկոսներին: Մյուս կողմից, Ակադեմիայի նախագահության կազմում էր Սահակ Կարապետյանը, որը որպես կառավարության նախագահի տեղակալը` իրեն իրավասու էր համարում ղեկավար ցուցումներ տալ Ակադեմիային: Արտաքուստ նա մեզ հետ քաղաքավարի էր, բայց իսկական տակտի զգացումը նրա մոտ բացակայում էր:

1944 թվականին ո՛չ Օրբելուն, ո՛չ էլ ինձ չհաջողվեց հանդիպել անձամբ Հարությունյանի հետ, և դա մեզ անհանգստացնում էր: Մեզ հայտնի էր, որ Հարությունյանը ուշադրությամբ հետևում էր Ակադեմիայի գործունեությանը, բայց նա գերադասում էր ցուցումներ տալ նշված երկու ընկերների միջոցով:

* * *

Իմ Երևան տեղափոխվելուց հետո համարվում էր, որ ես եմ պատասխանատու աստղագիտության համար: Պարզ էր, որ քաղաքի կենտրոնում գտնվող աստղադիտարանը ոչ մի հեռանկար չէր կարող ունենալ: Այդ իսկ պատճառով մենք հարց դրեցինք աստղադիտարանի համար նոր վայր գտնելու մասին: Ընտրեցինք Բյուրական գյուղի շրջակայքը: Այնտեղ պարզ գիշերների քանակը պետք է մոտավորապես նույն կարգի լիներ, ինչ Արարատյան դաշտավայրում, բայց միևնույն ժամանակ Բյուրականն ավելի բարձր է, քան փոշու շերտը, որը շատ է խանգարում Արարատյան դաշտավայրում:

Որոշեցինք կազմակերպել արշավախումբ, որը տեղավորվեց Բյուրականի այն ժամանակվա դպրոցի շենքում: Մենք ժամանեցինք Բյուրական հուլիսի երկրորդ կեսին (1944): Հիշում եմ, որ շրջկոմի առաջին քարտուղարը խորհուրդ չէր տալիս սկսել Բյուրականից: Նա պնդում էր, որ շրջանում ավելի լավ գյուղեր կան, որոնք նույնքան պիտանի են: Ինչպես հետո ինձ բացատրեց Հայկ Բադալյանը, քարտուղարը համարում էր, որ Բյուրականը շատ աղքատ գյուղ է, և մենք այնտեղ մեզ լավ չենք զգա: Վերջ ի վերջո քարտուղարը համաձայնեց, և Բյուրականում սկսվեցին մեր նախնական աշխատանքները:

1944 և 1945 թվականներին կատարված դիտումները մեզ համոզեցին, որ տեղը վատ չէ: Իսկ 1946 թվականին մենք վերջնականապես կանգ առանք գյուղի հարավում գտնվող տարածքի վրա: Այստեղ 1946 թվականին կառուցվեց մի տնակ, բաղկացած վեց սենյակից: Այդ սենյակները կարելի էր օգտագործել և՛ որպես բնակելի մակերես, և՛ որպես աշխատանքի վայր:

1945-1946 թվականների ձմռանը Մոսկվայում կայացավ կարևոր որոշում: Բանն այն էր, որ պատերազմի ընթացքում քարուքանդ էին արվել խորհրդային ամենախոշոր աստղադիտարանները` Պուլկովոն, Սիմիեզը, Կիևի դիտարանը: Որոշվեց Գերմանիայից ռեպարացիայի կարգով բերել և Խորհրդային Միությունում տեղադրել մի շարք գործող և Ցայսի մոտ կառուցվող աստղադիտակներ: Որոշվեց նաև, որ գործիքներն առաջին հերթին պետք է տեղադրել Պուլկովոյում, Ղրիմում և Կիևում: Քանի որ պատերազմից առաջ նախատեսվում էր աստղագիտական կենտրոն կազմակերպել նաև Հայաստանում, և քանի որ այդ գործը տուժել էր պատերազմի հետևանքով, աստղագիտական խորհուրդը որոշեց, որ Հայաստանի Ակադեմիան ևս իրավունք ունի ստանալու ռեպարացիոն գործիքների մի մասը: Մեզ համարում էին այդ տեսակետից երկրորդ հերթում, բայց ինչպես պարզվեց հետագայում, ամենից շատ շահեց Հայաստանի Գիտությունների Ակադեմիան: Մենք Գերմանիայից ստացանք երկու պատրաստի գործիք` կրկնակի 5 դյույմանոց աստրոգրաֆ, որը թույլ էր տալիս նկարել մինչև 13,5 մեծության աստղեր և օգտագործվեց փոփոխական աստղեր դիտելու համար, և 8 դյույմանոց մի հրաշալի Շմիդտի կամերա` օբյեկտիվ պրիզմայով: Ուղղակի լուսանկարման դեպքում դրանով կարելի էր ստանալ մինչև 17 մեծության աստղեր և սպեկտրալ պատկերներ` մինչև 11,5 մեծության: Այս գործիքը կարելի էր համարել կարևոր ձեռքբերում: Սակայն մեր ամենամեծ սպասելիքները կապված էին երրորդ գործիքի հետ, որը դեռևս Ցայսի գործարանում էր: Դա Շմիդտի մեկ մետրանոց բացվածք ունեցող դիտակն էր, որի ստեղծումը Ցայսի գործարանում սկսվել էր երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Նրա ավարտման և տեղակայման հարցը ձգձգվեց: Երկար ժամանակ պահանջվեց, մինչև ԼՕՄՕ (Լենինգրադի օպտիկա-մեխանիկական միավորում) գործարանին հաջողվեց ավարտել և մեզ հանձնել այդ դիտակը: Այդ գործիքին վիճակվեց 1965 թվականից մինչև 1980 թվականը լինել աշխարհում ամենաարդյունավետ աշխատած աստղադիտակներից մեկը, իսկ լայն դաշտ ունեցող դիտակների մեջ նա, անկասկած, առաջինն էր:

* * *

1945 թվականին, հաղթանակի օրը ես գտնվում էի Երևանում և փողոցում բարձրախոսներից լսեցի Գերմանիայի կապիտուլյացիայի ակտի ստորագրման մասին: Ամբողջ քաղաքում ուրախություն էր ու հրճվանք:

1945 թվականի հունիսի երկրորդ կեսին կայացավ Հաղթանակի զորահանդեսը Կարմիր հրապարակում: Ինձ համար այն շատ հետաքրքիր էր: Ունենալով տրիբունայի տոմս` տեսա բոլոր մեծ ռուս զորավարներին, որոնք գլխավորում էին ճակատից ժամանած զորամասերը: Տեսա Գ. Ժուկովին` և Կ. Ռոկոսովսկուն`, Ստալինին:

Ես սկսեցի փնտրել տրիբունաներում, թե ով կա Գիտությունների Ակադեմիայից: Տեսա Սերգեյ Վավիլովին: Մի քանի ժամ կողք կողքի կանգնած` մենք հուզմունքով դիտում էինք պատմական զորահանդեսը: Այն ժամանակ Ս. Վավիլովը դեռ Ակադեմիայի պրեզիդենտը չէր (պրեզիդենտը Կոմարովն էր), բայց դառնալու էր մի քանի շաբաթից:

Զորահանդեսի հենց սկզբում անձրև սկսվեց, որը գնալով ուժեղացավ: Ամեն բանի սովոր մեր բանակի զինվորները, սպաները, գեներալներն ու մարշալները իրենց տարերքում էին զգում: Անձրևը սաստկանում էր: Հատուկ զորամասը բերեց ֆաշիստական դրոշները և Դամբարանի առջև նետեց գետնին: Այդ րոպեին անձրևը կարծես ավելի ուժեղացավ: Վավիլովը, որն եկել էր անձրևանոցով, տեսնելով, որ ես թրջվում եմ, բաց արեց անձրևանոցը, գրկեց ինձ` ծածկելով անձրևանոցի մի կեսով և դրանով ինձ շատ օգնեց: Բնությունը տեղատարափ անձրևով բերում էր իր մասնակցությունը խորհրդային ժողովրդի ուժի ցուցադրմանը: Որոտների ձայնը, թնդանոթների կրակոցը, տանկերի հռնդյունը և նվագախմբի երաժշտությունը կարծես միավորվել էին ցույց տալու այդ պահի հանդիսավորությունը: Այս բոլորի մեջ որպես լեյտմոտիվ հնչեց Գլինկայի քայլերգը: Վավիլովը հուզմունքից արդեն չէր խոսում: Միայն լսելով Գլինկայի քայլերգը` արտասանեց. «Գլինկա՜, մեռնես` դրանից լավ չես գրի»: Անձրևը մի քիչ թուլացավ, իսկ մենք մինչև զորահանդեսի վերջը գրկախառնված կանգնած էինք տրիբունայի վրա: Վերջում հայտարարվեց, որ անբարենպաստ եղանակի պատճառով աշխատավորության ծրագրված ցույցը չի կայանալու: Մի բան պարզ էր. զորահանդեսը խորհրդանշում էր ոչ միայն պատմության ամենադաժան պատերազմի ավարտը, այլև Խորհրդային Միության հզորության նոր վերելքի սկիզբը: Այդպես էլ եղավ:

Հաղթանակից հետո սպասվում էր, որ գիտնականների միջազգային կապերը պետք է ամրապնդվեն: Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիան այս հարցում օրինակ ցույց տվեց` 1945 թվականի հունիսին կազմակերպելով գիտական նստաշրջան, որը նվիրված էր Ակադեմիայի հիմնադրման 220-ամյակին: Բոլոր հանրապետական ակադեմիաները հրավիրված էին: Մասնակցում էին նաև արտասահմանյան ակադեմիաների ներկայացուցիչներ: Որքան հիշում եմ, հրավիրված էին մասնակցելու Հայաստանի ԳԱ-ի բոլոր իսկական անդամները: Լավ հիշում եմ, որ եկել էին Աճառյանը, Միքայել Թումանյանը, Եղիազարյանը, Օրբելին: Էլ չեմ խոսում այն ակադեմիկոսների մասին, որոնք Մոսկվայում բնակարան ունեին: Նստաշրջանի գիտական արդյունքները փոքր էին, բայց բարոյական նշանակությունը` մեծ:

* * *

Մինչև 1945 թվականի ամառվա կեսերը պրեզիդենտի պաշտոնը ԽՍՀՄ ԳԱ-ում վարում էր ակադեմիկոս Կոմարովը: Նա հայտնի էր որպես բուսաբան համակարգող և պրեզիդենտի պաշտոնում մնաց մոտ 10 տարի: Սակայն 1945 թվականին նա արդեն ուժերի անկման շրջանում էր, և Ակադեմիային անհրաժեշտ էր նոր ղեկավար: Նույն 1945 թվականին ընտրություններ կազմակերպվեցին: Ընտրվեց Սերգեյ Վավիլովը: Վավիլովը իր ընտրության սկզբից հատուկ նշանակություն էր տալիս հանրապետական ակադեմիաների աշխատանքներին: Նա աշխուժություն մտցրեց ակադեմիաների կոորդինացիոն խորհրդի աշխատանքի մեջ: Վավիլովը համարում էր, որ խորհրդային գիտությունը, նույնիսկ միևնույն խնդրի հետազոտման հարցում պետք է միաժամանակ տարբեր ուղղություններով գնա: Հանրապետական ակադեմիաների աշխատանքին այդ տեսակետից մոտենալով` նա գտնում էր, որ ակադեմիաները պետք է ձեռնպահ մնան իրար կրկնելուց: Եվ դրա երաշխիքը նա տեսնում էր գիտական տեսակետից ակադեմիաների փոխադարձ անկախ լինելու մեջ:

Քանի որ հանրապետական ակադեմիաների մեծամասնությունը ծագել էր ԽՍՀՄ ԳԱ մասնաճյուղերից, ապա վտանգ կար, որ նրանք շարունակելու են ընթանալ այն նույն ուղիներով, որոնք ընդունված էին կենտրոնում: Այդ կապակցությամբ Վավիլովը որպես լավագույն օրինակ բերում էր Հայաստանի Ակադեմիան, որը միայն վերջերս կազմվելով մասնաճյուղից` ամեն կերպ ձգտում էր գիտության մեջ գտնել իր ուղղությունները և իր դեմքը: Ես նրան շատ լավ էի հասկանում, քանի որ համարում էի, որ ինքնուրույն ուղղությունների բացակայությունը համարժեք է Ակադեմիայի մահվան:

Պետք է նշել, որ Էրմիտաժի վերականգման աշխատանքները Հ. Օրբելուն թույլ չէին տալիս անձամբ հաճախել կոորդինացիոն խորհրդի նիստերին: Նիստերին մասնակցում էի ես, բայց գիտեի, որ Օրբելին ինձ հետ միասին համամիտ էր Վավիլովի տեսակետներին:

Շատ շուտով Վավիլովը իմացավ, որ Բյուրականում ստացվել են հետաքրքիր արդյունքներ աստղերի առաջացման խնդրի և, մասնավորապես, աստղասփյուռների ուսումնասիրության բնագավառում: Դա նրան ուղղակի ոգևորեց: Կոորդինացիոն խորհրդի հետագա նիստերում (1948 թվականից մինչև 1951 թվականը) նա կրկին ու կրկին ընդգծում էր, որ Հայաստանի ԳԱ-ն, գնալով ինքնուրույն ուղղությամբ, կարողացել է հասնել խոշորագույն արդյունքների, և որպես օրինակ բերում էր աստղասփյուռների ուսումնասիրությունը: Շնորհիվ Վավիլովի վերաբերմունքի` Հայաստանի Ակադեմիան, սկսած հենց 1945-1946 թվականներից, բարձր էր դասվում Մոսկվայում: Դա նպաստում էր գործնական հարցերի լուծմանը:

Ակադեմիայի գոյության սկզբնական շրջանում ես հաճախ էի Երևանից Մոսկվա գնում: Բացի ակադեմիական հարցերից, հարկավոր էր մասնակցել խորհրդային աստղագիտության կազմակերպչական հարցերի քննարկմանը, լինում էին գիտական բանավեճեր, հաճախ ինձ նշանակում էին դոկտորական դիսերտացիաների ընդդիմախոս: 1946 թվականի սկզբին ինչ-որ առիթով գնացել էի Մոսկվա և իջևանել «Մոսկվա» հյուրանոցում: Մեկ էլ հնչեց հեռախոսի զանգը: Զանգահարում էր Լենինգրադի համալսարանի ռեկտոր Ա. Ա. Վոզնեսենսկին: Պարզվեց, որ նա գտնվում էր նույն հյուրանոցում: Նա հայտնեց, որ ռադիոյով այդ պահին հաղորդում են Ստալինյան մրցանակների բաշխման մասին, և որ ցուցակի սկզբում տրվել է իմ աշխատության վերնագիրը: Ասված էր, որ մրցանակը տրվել է «Պղտոր միջավայրում լույսի ցրման տեսության» մշակման համար: Վոզնեսենսկին շնորհավորում էր ինձ այդ բարձր պարգևի համար:

Իսկապես, 1941 թվականի աշնանը և 1942 թվականին Ելաբուգայում ինձ հաջողվել էր դնել այդ տեսությունը բոլորովին նոր հիմքի`«ինվարիանտության սկզբունքի» վրա:

Դրանից հետո անցել է քառասուն տարի, բայց ինվարիանտության սկզբունքը շարունակում է կիրառվել տարբեր բնագավառների բարդ խնդիրների լուծման համար: Երևի չեմ սխալվի, եթե ասեմ, որ նրա կիրառության մասին համաշխարհային գիտական գրականության մեջ լույս են տեսել հազարավոր աշխատություններ, և այժմ` իմ կյանքի վերջին փուլում, ես իմ լավագույն հաջողություններից մեկն եմ համարում այն աշխատությունները, որ պարգևատրվեցին 1946 թվականի սկզբին:

Պետք է ասել, որ կառավարության նույն որոշմամբ Ստալինյան մրցանակ էր տրվել նաև Ստեփանոս Մալխասյանին, որը սիրված էր ողջ հայ մտավորականության կողմից: Հայաստանում այդ կապակցությամբ հրճվանք էր: Դա առաջին դեպքն էր, երբ Ստալինյան մրցանակ էին ստանում Հայաստանում ապրող գիտնականները: Անշուշտ, պարգևատրումը մեծ տպավորություն գործեց Հայաստանում: Մասնավորապես, ես կարծում եմ` դա վճռական ազդեցություն ունեցավ հաջորդ պրեզիդենտի թեկնածության հարցում:

Հարկ է նշել, որ Օրբելուն հաճախ մեղադրում էին մակերեսային մոտեցման մեջ գիտության նկատմամբ: Օրբելին իր ոճով և մտքի ուղղությամբ տարբերվում էր Ակադեմիայի նշված դպիրներից, և շատերին թվում էր, որ նա պետք է միշտ խորրդակցեր նրանց հետ:

Ավելին, ակադեմիկոս Մանանդյանի և Օրբելու միջև սկսվեցին ընդհարումներ Մանանդյանի նոր եռահատոր գրքի տպագրության առիթով: Դժվար է ասել, թե ով էր մեղավորը, բայց Օրբելին չպետք է այնքան անզիջող լիներ:

Պետք է ասել նաև Օրբելու ծայրահեղ «մառականության» մասին: Մառը նրա կողմից ընդունվում էր որպես բարձրագույն հեղինակություն և դոգմա: Իսկ նրա գիտական հակառակորդները, այդ թվում նաև Հրաչյա Աճառյանը, դիտվում էին որպես «խորհրդային գիտության հիմնական գծից շեղվողներ»: Այդպիսով, Ակադեմիայի նախագահը հետզհետե մեկուսանում էր այն համակարգում, որը ինքը կոչված էր ղեկավարելու: Երեք տարուց հետո Օրբելին հրաժարվեց վերընտրվելուց:

Սակայն ընդհանուր մթնոլորտը Ակադեմիայում խաղաղ էր: Կար որոշ դժգոհություն Ակադեմիայի սկզբնական կազմի վերաբերյալ, որի անդամներից երկուսը` Ս. Կարապետյանը և Վ. Գուլքանյանը, դոկտորի աստիճան չունեին: Ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, ապա ես այստեղ ոչ մի արտասովոր բան չեմ գտնում: Ոչ մի տեղ նշված չէ, որ ակադեմիկոսները պետք է ընտրվեն միայն դոկտորների կազմից: Մյուս փոխպրեզիդենտ Վ.Գուլքանյանը ևս միշտ աշխատում էր այնպես անել, որ հարաբերությունները Ակադեմիայում չսրվեն:

Հաջորդ պրեզիդենտի թեկնածության հարցը բարձրացավ, իմ կարծիքով, հետևյալ երեք պատճառներով.

ա. Օրբելուն չէին կարող ազատել Էրմիտաժի տնօրենի պաշտոնից: Վերականգման աշխատանքները մեծ ծավալ էին ստացել, և Օրբելին չէր ուզում թողնել այդ գործը: Եթե սկզբում նա կարծում էր, որ կարելի է համատեղել Էրմիտաժը և Գիտությունների Ակադեմիան, ապա կյանքը ցույց տվեց, որ մինչև անգամ Օրբելու համար դա չափազանց դժվար էր: Թվում է, որ հանրապետության ղեկավարությունը արդեն 1945 թվականի վերջերին եկել էր այն եզրակացության, որ այդպիսի համատեղությունը չի կարող նպաստել գործին: Օրբելին 1945 թվականի վերջին ամիսները անցկացրեց Լենինգրադում, և հանրապետության ղեկավարության համար պարզ էր, որ դժվար կլինի առաջարկել նրա թեկնածությունը երկրորդ անգամ ընտրվելու համար:

բ. Ընդհարումը Օրբելու և Մանանդյանի միջև այդպես էլ չհաջողվեց մեղմել:

գ. Հանրապետության ղեկավարությունը գտնում էր, որ տվյալ փուլում գերադասելի է, որ Ակադեմիայի նախագահը լինի ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչ:

Պարզ էր, որ փնտրում էին նոր թեկնածություն: Մոտեցան ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի ընտրությունները: Ընդունված էր, որ ԳԱ պրեզիդենտը պետք է առաջարկվի որպես Գերագույն Խորհրդի անդամության թեկնածու: Հայտնի դարձավ, որ տարբեր ընտրատարածքներում որպես թեկնածու առաջարկված են երկու գիտնական` Կոշտոյանցը և Եղիազարյանը: Եզրակացնում էին, որ պրեզիդենտ է լինելու այդ երկուսից մեկը: Նշված երկու ակադեմիկոսները ընտրվեցին Գերագույն Խորհրդի կազմում, բայց, ըստ երևույթին, իմ պարգևատրումը ամեն ինչ փոխել էր: Երբ ես Մոսկվայից վերադարձա Երևան, ինձ իր մոտ կանչեց Գրիգոր Հարությունյանը: Նա հայտնեց, որ կուսակցությունը մտադիր է Հայաստանում զարգացնել գիտությունը և գիտատար արտադրությունները և մեծ հույսեր է կապում Գիտությունների Ակադեմիայի ղեկավարության հետ: Հարությունյանը հույս հայտնեց, որ ես չեմ հրաժարվի Ակադեմիայի նախագահ ընտրվելուց: Դա նշանակում էր, որ նա փոխել էր իր կարծիքը նախագահի թեկնածության հարցում: Պետք է ասել, որ ես առանձնապես չպաշտպանեցի Կոշտոյանցին և Եղիազարյանին, գլխավորապես այն պատճառով, որ երկուսն էլ ժողովրդից կտրված մարդիկ էին, և ինձ հայտնի էր, որ Ռուսաստանում, որտեղ մեծ մասամբ անցել էր նրանց գործունեությունը, նրանք իսկական գիտական ոլորտում առանձնապես համակրանք չէին վայելում: Նրանց գիտական հեղինակությունը Հայաստանում նույնպես մեծ չէր:

* * *

1946 թվականի վաղ գարնանը հայտնի դարձավ, որ անգլիական Թագավորական Ընկերությունը ցանկանում է կազմակերպել Նյուտոնի ծննդյան 300-ամյակի տոնակատարությունը և այդ նպատակով Թագավորական Ընկերության հանդիսավոր նիստերին մասնակցելու հրավերներ է ուղարկել աշխարհի բոլոր քիչ թե շատ հայտնի ակադեմիաներին: Հանդիսությունները տեղի էին ունենալու Լոնդոնում 1946 թվականի ամռանը: Բնականաբար հրավիրվեց նաև Խորհրդային Միության Ակադեմիան: Ս. Վավիլովը ուներ նաև անձնական հրավեր: Բայց որոշվեց, որ պետք է ուղարկել միայն չորս հոգուց կազմված պատվիրակություն: Ավագը քիմիկոս Ալեքսանդր Արբուզովն էր Կազանի համալսարանից: Բացի նրանից, կազմի մեջ նշանակված էին Իվան Վինոգրադովը` խորհրդային մեծագույն մաթեմատիկոս, ռադիոֆիզիկոս` Բորիս Վվեդենսկին և ես: Որոշվեց նաև, որ Վավիլովը մեր միջոցով կուղարկի իր զեկուցման տեքստը: Պատվիրակության կազմը ճիշտ համապատասխանում էր Նյուտոնի տարբեր մասնագիտություններին: Նյուտոնը և՛ քիմիկոս էր, և՛ ֆիզիկոս, և՛ մաթեմատիկոս, և՛ աստղագետ:

Ես կրտսերն էի և՛ տարիքով, և՛ կոչումով, քանի որ Համամիութենական Ակադեմիայում, որը մենք ներկայացնում էինք, ես միայն թղթակից-անդամ էի: Պետք է ընդգծեմ, որ Վինոգրադովը միակ խորհրդային գիտնականն էր, որն ուներ Լոնդոնի Թագավորական Ընկերության արտասահմանյան անդամի տիտղոս (Պյոտր Կապիցան նույնպես մտնում էր Լոնդոնի Թագավորական Ընկերության կազմի մեջ, բայց նա ընտրված էր իսկական անդամ, երբ ընտանիքով ապրում և աշխատում էր Անգլիայում):

Դա իմ առաջին արտասահմանյան ճանապարհորդությունն էր: Իմ երեք կոլեգաներից ես լավ էի ճանաչում միայն Վինոգրադովին: Չնայած դրան` ամբողջ խմբով մենք շատ բարեկամաբար կատարեցինք մեր ճանապարհորդությունը: Խորհրդային ինքնաթիռը, մի երկու ժամով կանգ առնելով Բեռլինում, մեզ պետք է հասցներ Փարիզ: Երբ գտնվում էի Բեռլինի օդանավակայանում, ինձ երազում էի զգում. շուրջս բոլորը միայն խորհրդային զինծառայողներ էին և ռուսերեն խոսակցություններ: Մեր զինվորականները կերակրեցին մեզ լավ ճաշով և նույն ինքնաթիռով ուղարկեցին Փարիզ: Փարիզում մնացինք մեկ օր և գիշեր: Պատերազմը նոր էր վերջացել, և ժողովրդի նյութական վիճակը բավականաչափ վատ էր: Այն ժամանակվա Փարիզին հատուկ էր կանացի փայտյա կոշիկների կտկտոցը փողոցների մայթերին: Գնացքով հասանք Կալե քաղաքը, որի կայարանը քանդված էր, իսկ այնտեղից նավով հասանք Դուվր, ապա` Լոնդոն:

Լոնդոնում մենք իջևանեցինք «Մես Ֆեր Հոթել» հյուրանոցում, որը գտնվում էր կենտրոնական փողոցում, և այնտեղից ոտքով հեշտ էր հասնել Բերլինգտոն Հաուս, որտեղ այն ժամանակ տեղավորված էր Թագավորական Ընկերությունը: Կայացան բազմաթիվ հանդիսավոր և գիտական նիստեր, ընդունելություններ, որոնք նվիրված էին Նյուտոնի կյանքին ու գործին: Չնայած Թագավորական Ընկերությունը մեծ ջանքեր էր ներդրել հոբելյանը հաջող անցկացնելու համար, մթնոլորտը թվում էր սառը և ձևական: Պատճառը, իմ կարծիքով, այն էր, որ չէին մտածել ամեն մի հյուրի իր մասնագիտության անգլիացի գիտնական կցելու, ինչպես նաև լեզվական դժվարությունները հաղթահարելու մասին: Մեր խմբից անգլերեն խոսում էինք միայն Վվեդենսկին և ես: Բայց իմ շուրջը ևս մեծ մասամբ լինում էին այլ մասնագիտությունների մարդիկ, և ծանոթությունները ձևական էին ստացվում:

Բոլորովին այլ էր մթնոլորտը, երբ մեզ ավտոբուսներով տարան Քեմբրիջ: Այնտեղ ինձ և Վինոգրադովին կցված էին ֆիզիկոս Դիրակը, թագավորական աստղագետ Սփենսեր Ջոնսը և մի քանի մաթեմատիկոսներ: Նրանք մեզ ցույց տվեցին Քեմբրիջի համալսարանական համալիրի մի քանի տեսարժան վայրեր, այդ թվում նաև այն եկեղեցին, ուր հաճախում էր Նյուտոնը: Տրինիտի քոլեջում` այն շենքում, որի հարկի տակ ապրել էր Նյուտոնը, կազմակերպված էր Ճաշկերույթ, որին մասնակցում էին մոտ 150 հոգի: Որպես խորհրդային գիտության նկատմամբ առանձին հարգանքի նշան` նախագահի կողքին հյուրերից նստեցրին միայն մեկին` ակադեմիկոս Իվան Վինոգրադովին: Բոլոր ներկաներին հագցրեցին քոլեջի անդամների թիկնոցներ:

Սեղանի վրա ամեն մի տեղի առաջ առանձին քարտի վրա նշված էր զբաղեցնողի ազգանունը, և ինձ ցույց տվեցին իմ քարտը: Նստելուց հետո ես նկատեցի, որ իմ աջակողմյան հարևանը դեռ չի եկել, իսկ նրա քարտի վրա գրված է «իշխան Օբոլենսկի»: Ես մտածեցի, որ այդ կարող էր արված լինել ինձ տհաճություն պատճառելու համար: Չէ՞ որ տիտղոսից պարզ էր, որ դա պետք է լիներ մեր երկրից հեռացած սպիտակգվարդիական: Ես սպասում էի, որ գալու է մի ծերունի, բայց մոտեցավ ռուսերեն հիանալի խոսող երեսուն տարեկան մի երիտասարդ: Նրա ծնողները իսկապես էմիգրանտներ էին եղել, բայց ինքը 1917 թվականին միայն մի քանի ամսական էր եղել և, հետևաբար, իր ուր գնալը չէր կարող որոշել: Պարզվեց, որ նա ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի աշխատակից է: Ինձ վրա մեծ տպավորություն գործեց նրա կատարյալ և միևնույն ժամանակ հյութեղ ռուսերենը: Ինչ էլ որ լինի, մտածեցի ես, երևի այս երիտասարդի ծնողները եղել են իրենց լեզվի այնպիսի սիրահարներ, որ իրենց ամբողջ ուշադրությունը նվիրել են որդուն ռուսերեն սովորեցնելու գործին: Մտքումս ափսոսեցի, որ այդպիսի մարդիկ, չհասկանալով իրողությունը, կամ վախի ազդեցության տակ, հեռացել են իրենց ժողովրդից: Խոսակցությունից պարզ դարձավ, որ հայրենական պատերազմի ընթացքում ստացած տպավորությունները շատ են փոխել նման մարդկանց հայացքները:

Անգլիայում օգտագործեցի իմ ծանոթությունը Սփենսեր Ջոնսի հետ և խնդրեցի նրան օգնել Բյուրականի համար գնելու Անգլիական Թագավորական աստղագիտական ընկերության կողմից կազմված ու բազմացված երկնքի` այն ժամանակվա լավագույն ատլասը: Այդ նպատակով մտադիր էի ծախսել այդ օրերին իմ խնայված անգլիական տարադրամը: Բայց Սփենսեր Ջոնսը այնպես կազմակերպեց գործերը, որ ընկերությունն այդ ատլասը նվիրեց ինձ: Այն երկար ժամանակ` մինչև Պալոմարի ատլասի լույս տեսնելը, օգտագործվեց Բյուրականում: Այժմ Սփենսեր Ջոնսն արդեն չկա, բայց նա ընդմիշտ մնաց իմ հիշողություններում:

Անգլիայում մնացինք մոտ տաս օր: Եկավ Խորհրդային Միություն վերադառնալու ժամանակը: 1946 թվականը Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման տարին էր: Միտքս զբաղված էր դրանով: Հարկավոր էր մտածել Բյուրականում տեղադրվելիք գործիքների մասին: Մասնավորապես, մտածում էի Ցայսի գործարանում` Յենայում, արտադրության ընթացքում գտնվող Շմիդտի տիպի մեկ մետրանոց աստղադիտակի մասին, որը, ինչպես ասել եմ, հատկացվել էր Բյուրականին:

Այսօր, երբ դիտակը աշխատել է արդեն մեկ քառորդ դար` և Սովետական Միության աստղաֆիզիկական դիտակների մեջ արդեն հայտնի է որպես ամենաարդյունավետը, երբ նրա միջոցով կատարվել են ռեկորդային քանակությամբ հայտնագործություններ, հետաքրքիր է հիշել նաև, թե ինչպես էր առաջացել նրա կառուցման գաղափարը:

Երեսնական թվականների վերջին երկու ֆաշիստական պետությունների` Գերմանիայի և Իտալիայի միջև հաստատվել էր մտերմություն: Գերմանիան այդ ժամանակ ուներ ուժեղ օպտիկա-մեխանիկական արտադրություն, իսկ Իտալիան այդպիսին համարյա չուներ: Սակայն աստղագիտական դիտումների տեսակետից Իտալիայի բնական պայմանները շատ ավելի նպաստավոր են: Գերմանիան (ի դեմս Կարլ Ցայսի գործարանի) որոշեց պատրաստել և Իտալիային նվիրել մի ամբողջ աստղադիտարանի ժամանակակից սարքավորում, որի մեջ ամենակարևորը պետք է լիներ օբյեկտիվ մեկ պրիզմայով մեկ մետրանոց Շմիդտի դիտակը: Մինչ այդ գերմանացիներն արդեն պատրաստել էին նման մի աստղադիտակ, որը նույնպես օբյեկտիվ պրիզմա ուներ, և տեղադրել էին Համբուրգի մոտ` Բերգեդորֆում: Նա աշխատեց Բերգեդորֆի սպեկտրալ շրջահայության վրա, որը հաջողվել էր ավարտել մինչև պատերազմը: Չնայած ստացված կատալոգի համեմատաբր լավ որակին, այդ կատալոգն աստղաֆիզիկայում մեծ կիրառություն չգտավ: Համբուրգի աստղագետները որևէ գաղափար չառաջարկեցին այդ կատալոգի օգտագործման վերաբերյալ և աստղագիտության պատմության մեջ այն համարյա չի հիշատակվում: Ինչևիցե, դրանից հետո գերմանացիները որոշել էին կառուցել ավելի մեծ գործիք (1 մետրանոց բացվածքով) և նվիրել այն Իտալիային: Համարվում էր, որ դա կլինի Հիտլերի նվերը Մուսոլինիին: Իսկ այժմ, 1946 թվականին, Ցայսի գործարանում շարունակվում էր մետրանոց Շմիդտի կառուցումը, սակայն արդեն Բյուրականի աստղադիտարանի համար:

Քանի որ մենք վերադառնում էինք Բեռլինով, որոշեցի օգտագործել հարմար առիթը և ծանոթանալ գործիքի պատրաստման վիճակի հետ:

Այն ժամանակ Արևելյան Գերմանիայում Խորհրդային հրամանատարությունն էր հանդիսանում հիմնական կարգադրիչ մարմինը: Այդտեղ կար նաև գիտության բաժին, որի ղեկավարը Զոլոտուխինն էր: Մինչև պատերազմը նա Լենինգրադի համալսարանի ռեկտորն էր, իսկ նրա օգնականը խորհրդային երիտասարդ աստղագետ Նիկիտինն էր, որը իմ ուսանողն էր եղել Լենինգրադում: Ահա թե ինչու հեշտությամբ կատարեցի իմ անելիքները Արևելյան Գերմանիայում: Մինչև անգամ օպերայում մի ներկայացում դիտեցի: Ցայսի գործարանում ինձ ընդունեց գործարանի ընդհանուր տնօրեն Ս. Ա. Զվերևը, որը հետագայում երկար տարիներ աշխատում էր որպես Խորհրդային Միության պաշտպանական արդյունաբերության նախարար: Ծանոթացա գործի վիճակին: Խոստացան մեկ-երկու տարում ավարտել գործիքը: Խոստումը ստանալով` մեկնեցի Բեռլին, իսկ այնտեղից` Մոսկվա և Երևան:

Սակայն Ցայսի գործարան կատարած իմ այցելությունից մի քանի ամիս անց դրությունը արմատապես փոխվեց: Որոշվել էր, որ ամբողջ գործարանը պետք է ապամոնտաժվի և նրա ամբողջ սարքավորումը տեղափոխվի Խորհրդային Միություն: Մասնավորապես, աստղագիտական գործիքների արտադրությունը պետք է գնար Լենինգրադի օպտիկա-մեխանիկական գործարան (ԳՕՄԶ, այժմ` ԼՕՄՕ): Բարեբախտաբար, այդ հրամանի կատարման ընթացքում Գերմանիայում էր գտնվում Հայաստանի Ակադեմիայից գործուղված Գևորգ Տեր-Ստեփանյանը (հետագայում ՀԽՍՀ Ակադեմիայի թղթակից-անդամ): Ակադեմիայի հանձնարարությամբ նա հետևեց, որ բոլոր արտադրված մասերի տեղափոխությունը կատարվի մեծ խնամքով: Նա հիանալի կատարեց այդ հանձնարարությունը:

Այնուամենայնիվ, նոր աստղադիտակի կառուցման և ավարտման գործը շատ ձգձգվեց: Ցայսում նախագծումն ու արտադրությունը ընթանում էին զուգահեռաբար: Այսինքն, նրանք սկսում էին արտադրական աշխատանքներն առանց սպասելու, որ տեխնիկական բոլոր նախագծերը պատրաստ լինեն: ԼՕՄՕ-ում ընդունված էր հակառակը: Առանց լրիվ տեխնիկական նախագծի արտադրությունն այնտեղ չէր սկսվում: Ստանալով մեկ մետրանոց աստղադիտակի պատրաստի մասերը և տեղեկանալով, որ ավարտված տեխնիկական նախագիծ չկա, ԼՕՄՕ-ում որոշվեց հետաձգել շարունակությունը և առաջին հերթին ավարտել այն տեխնիկական նախագծերը, որտեղ հիմնական գծագրերը լրիվ չէին: Նախագծի ավարտումը պահանջեց երկու տարի: Սակայն դրանից հետո ոչ ոք չէր ուզում շարունակել արտադրությունը: Գործարանում ասում էին, որ ավելի հեշտ է արտադրությունը սկսել սկզբից: Այդպես անցավ ևս մի քանի տարի: Վերջապես հաղթեց այն տեսակետը, որ նպատակահարմար է ամբողջ գործը սկսել նորից, այսինքն կազմել նոր, ամբողջովին խորհրդային նախագիծ և համաձայն դրա սկսել արտադրությունը: Նախագծի գլխավոր ղեկավար նշանակվեց շատ բարեխիղճ և բազմաշնորհ ինժեներ Դոբիչինը:

Գործն ուշանում էր, և ես խնդրեցի, որ միջամտի Մինիստրների Խորհրդի այն ժամանակվա նախագահի տեղակալ Դ. Ֆ. Ուստինովը: Նրա միջամտության շնորհիվ գործիքը 1960 թվականին պատրաստ էր, իսկ 1961 թվականին այն սկսեց աշխատել: Գերմանիայում պատրաստված մասերից օգտագործվեցին որոշ օպտիկական և մի քանի խոշոր մեխանիկական մասեր, իսկ հազարավոր այլ մասեր նախագծվեցին ու պատրաստվեցին Լենինգրադում: Պետք է ասել, որ Ցայսի ֆիրմայում ենթադրվում էր, որ գործիքը պետք է ունենա միայն մեկ օբյեկտիվ պրիզմա: Իսկ այժմյան գործիքը ունի երեք օբյեկտիվ պրիզմա, և այդ հանգամանքը վճռական նշանակություն ունեցավ գործիքի արդյունավետ աշխատանքի համար: Մեր նախորդ փորձը, որ մենք ունեցել էինք մինչև հիսունական թվականների վերջը, ցույց էր տվել, որ պետք է ձգտել ստանալ ավելի թույլ օբյեկտների սպեկտրներ: Իսկ դրա համար հարկավոր էր ունենալ ավելի փոքր անկյունով օբյեկտիվ պրիզմա: Ահա այդ պատճառով Բյուրականը ԼՕՄՕ-ին պատվիրեց պատրաստել փոքրանկյուն երեք պրիզմա, որոնցով հաջողվեց ստանալ Բերգեդորֆի շրջահայության համեմատ 5-6 մեծությամբ ավելի թույլ աստղերի ու գալակտիկաների սպեկտրներ: Այսպես ապահովվեց գործի մեծ հաջողությունը: Շնորհիվ ԼՕՄՕ-ի և, մասնավորապես, կոնստրուկտոր Դոբիչինի համառ աշխատանքի` ճիշտ է, ուշացումով, այդ գործիքը ստեղծվեց Խորհրդային Միությունում: Շահեց Հայաստանի գիտությունը, և Բյուրականի տեսական հետազոտությունների հետ մեկտեղ լայն ճանաչում գտան նաև մեր դիտողական աշխատանքները: Նոր դիտակի տեղակայումից հետո երկար ժամանակ մեր դիտարանին էր պատկանում շատ թույլ օբյեկտների սպեկտրների դիտման մենաշնորհը: Միայն 10-15 տարի հետո նման աշխատանքներ սկսվեցին այլ աստղադիտարաններում: Այսպիսով, կարելի է ասել, որ մետրանոց Շմիդտի տեղադրումը Բյուրականում մեր Ակադեմիայի մեծագույն հաջողություններից մեկն էր:

* * *

1947 թվականի սկզբին կայացան Գիտությունների Ակադեմիայի նախագահության երկրորդ ընտրությունները: Հ. Օրբելու ժամկետի ավարտման կապակցությամբ անհրաժեշտ էր ընտրել նոր պրեզիդենտ: Այդ ընտրությունների ժամանակ նախագահում էր Ավետիք Իսահակյանը: Նա առաջարկեց իմ թեկնածությունը: Նրա ճառը, որտեղ նա հիմնավորում էր իր առաջարկը, լսեցի մեծ հուզմունքով: Իսահակյանի խոսքը` ի պաշտպանություն իմ թեկնածության, շատ բարձր պատիվ էր ինձ համար, որովհետև խոսողը Իսահակյանն էր: Պատշաճ հարգանքով Վարպետը խոսեց նաև Հ. Օրբելու մասին:

Այնուամենայնիվ, նոր աստղադիտակի կառուցման և ավարտման գործը շատ ձգձգվեց: Ցայսում նախագծումն ու արտադրությունը ընթանում էին զուգահեռաբար: Այսինքն, նրանք սկսում էին արտադրական աշխատանքներն առանց սպասելու, որ տեխնիկական բոլոր նախագծերը պատրաստ լինեն: ԼՕՄՕ-ում ընդունված էր հակառակը: Առանց լրիվ տեխնիկական նախագծի արտադրությունն այնտեղ չէր սկսվում: Ստանալով մեկ մետրանոց աստղադիտակի պատրաստի մասերը և տեղեկանալով, որ ավարտված տեխնիկական նախագիծ չկա, ԼՕՄՕ-ում որոշվեց հետաձգել շարունակությունը և առաջին հերթին ավարտել այն տեխնիկական նախագծերը, որտեղ հիմնական գծագրերը լրիվ չէին: Նախագծի ավարտումը պահանջեց երկու տարի: Սակայն դրանից հետո ոչ ոք չէր ուզում շարունակել արտադրությունը: Գործարանում ասում էին, որ ավելի հեշտ է արտադրությունը սկսել սկզբից: Այդպես անցավ ևս մի քանի տարի: Վերջապես հաղթեց այն տեսակետը, որ նպատակահարմար է ամբողջ գործը սկսել նորից, այսինքն կազմել նոր, ամբողջովին խորհրդային նախագիծ և համաձայն դրա սկսել արտադրությունը: Նախագծի գլխավոր ղեկավար նշանակվեց շատ բարեխիղճ և բազմաշնորհ ինժեներ Դոբիչինը:

Գործն ուշանում էր, և ես խնդրեցի, որ միջամտի Մինիստրների Խորհրդի այն ժամանակվա նախագահի տեղակալ Դ. Ֆ. Ուստինովը: Նրա միջամտության շնորհիվ գործիքը 1960 թվականին պատրաստ էր, իսկ 1961 թվականին այն սկսեց աշխատել: Գերմանիայում պատրաստված մասերից օգտագործվեցին որոշ օպտիկական և մի քանի խոշոր մեխանիկական մասեր, իսկ հազարավոր այլ մասեր նախագծվեցին ու պատրաստվեցին Լենինգրադում: Պետք է ասել, որ Ցայսի ֆիրմայում ենթադրվում էր, որ գործիքը պետք է ունենա միայն մեկ օբյեկտիվ պրիզմա: Իսկ այժմյան գործիքը ունի երեք օբյեկտիվ պրիզմա, և այդ հանգամանքը վճռական նշանակություն ունեցավ գործիքի արդյունավետ աշխատանքի համար: Մեր նախորդ փորձը, որ մենք ունեցել էինք մինչև հիսունական թվականների վերջը, ցույց էր տվել, որ պետք է ձգտել ստանալ ավելի թույլ օբյեկտների սպեկտրներ: Իսկ դրա համար հարկավոր էր ունենալ ավելի փոքր անկյունով օբյեկտիվ պրիզմա: Ահա այդ պատճառով Բյուրականը ԼՕՄՕ-ին պատվիրեց պատրաստել փոքրանկյուն երեք պրիզմա, որոնցով հաջողվեց ստանալ Բերգեդորֆի շրջահայության համեմատ 5-6 մեծությամբ ավելի թույլ աստղերի ու գալակտիկաների սպեկտրներ: Այսպես ապահովվեց գործի մեծ հաջողությունը: Շնորհիվ ԼՕՄՕ-ի և, մասնավորապես, կոնստրուկտոր Դոբիչինի համառ աշխատանքի` ճիշտ է, ուշացումով, այդ գործիքը ստեղծվեց Խորհրդային Միությունում: Շահեց Հայաստանի գիտությունը, և Բյուրականի տեսական հետազոտությունների հետ մեկտեղ լայն ճանաչում գտան նաև մեր դիտողական աշխատանքները: Նոր դիտակի տեղակայումից հետո երկար ժամանակ մեր դիտարանին էր պատկանում շատ թույլ օբյեկտների սպեկտրների դիտման մենաշնորհը: Միայն 10-15 տարի հետո նման աշխատանքներ սկսվեցին այլ աստղադիտարաններում: Այսպիսով, կարելի է ասել, որ մետրանոց Շմիդտի տեղադրումը Բյուրականում մեր Ակադեմիայի մեծագույն հաջողություններից մեկն էր:

* * *

1947 թվականի սկզբին կայացան Գիտությունների Ակադեմիայի նախագահության երկրորդ ընտրությունները: Հ. Օրբելու ժամկետի ավարտման կապակցությամբ անհրաժեշտ էր ընտրել նոր պրեզիդենտ: Այդ ընտրությունների ժամանակ նախագահում էր Ավետիք Իսահակյանը: Նա առաջարկեց իմ թեկնածությունը: Նրա ճառը, որտեղ նա հիմնավորում էր իր առաջարկը, լսեցի մեծ հուզմունքով: Իսահակյանի խոսքը` ի պաշտպանություն իմ թեկնածության, շատ բարձր պատիվ էր ինձ համար, որովհետև խոսողը Իսահակյանն էր: Պատշաճ հարգանքով Վարպետը խոսեց նաև Հ. Օրբելու մասին:

Ընտրությունն անցկացնելուց հետո ես ձայն խնդրեցի և առաջարկեցի, որ այսուհետև Օրբելու նկարը միշտ կախված լինի Ակադեմիայի շենքում: Ինձ հաջողվեց գտնել Օրբելու լավ դիմանկար, որը և կախվեց Ակադեմիայի նախագահությունում, սկզբում հին շենքում, իսկ 1955 թվականից` նոր շենքում: Պրեզիդենտի ընտրություններից հետո ընտրվեցին նաև տեղակալները և նախագահության անդամների նոր կազմը:

1947 թվականի գարնանը Միության Գիտությունների Ակադեմիայի պրեզիդենտ Վավիլովից առաջարկ ստացա` հանդես գալու նոյեմբերին կայանալիք Հոկտեմբերյան Հեղափոխության երեսնամյակին նվիրված Ակադեմիայի հոբելյանական նստաշրջանում մի զեկուցմամբ, որը նվիրված պետք է լիներ աստղաֆիզիկայի հարցերին: Նախքան պատասխանելը երկար մտածեցի հնարավոր թեմայի մասին: Մի խնդիրը տանջում էր ինձ դեռևս երեսնական թվականների կեսերից:

Այն տարիներին նոր էի ավարտել իմ հետազոտությունները բաց աստղակույտերի դինամիկայի և նրանց տարիքի վերաբերյալ, երբ ուշադրություն դարձրի Բայդելմանի (Bidelman) մի հոդվածի վրա: Այնտեղ նա ուշադրություն էր դարձնում Պերսևս համաստեղության մեջ գտնվող կրկնակի («h» և «χ») աստղակույտի և նրա շուրջ գտնվող ջերմ աստղերի մի խմբի վրա, որի տրամագիծը մի կարգով ավելի մեծ էր, քան այդ երկու կույտերից ամեն մեկի չափը: Դուրս էր գալիս, որ այդ խումբը մի շատ նոսր աստղային համակարգ է, որի կենտրոնական մասում գտնվում են այդ երկու համեմատաբար խիտ կույտերը:

Չգիտեմ` ինչու, այդ փաստն ինձ շատ հուզեց: Պարզ էր, որ այն պետք է մեծ նշանակություն ունենար աստղերի էվոլյուցիայի խնդրի համար: Բայց ինձ չէր հաջողվում պարզ տրամաբանական բացատրություն տալ, թե ինչու է այդ փաստը հուզիչ, և ինչն է այդտեղ զարմանալին: Պարզապես բնազդով էի զգում, որ այդ փաստը շատ կարևոր է: Այնքան էի հուզվում, որ զանգ տվեցի իմ երիտասարդության ընկերոջը, որը միշտ առանձին ուշադրությամբ էր վերաբերվում ինձ հետաքրքրող հարցերին, բայց այս անգամ ստացա սառը պատասխան. «Հետո ի՞նչ»: Այսինքն, նա բոլորովին չհասկացավ, որ այդտեղ մի կարևոր գաղտնիք էր թաքնված:

Պատերազմից հետո ես ուշադրություն դարձրի Օտտո Ստրուվեի մի նոր հոդվածի վրա, որտեղ նա շատ հակիրճ ձևով նկարագրում էր աստղերի մի խմբավորում Կարապ համաստեղությունում, որը, ինչպես երևում էր տվյալներից, շատ ավելի նոսր էր, քան սովորաբար լինում են բաց աստղակույտերը: Բայց այս խմբի կենտրոնում, ի տարբերություն Պերսևսի դեպքի, ոչ մի սովորական աստղակույտ չկար:

Որոշեցի կենտրոնանալ այս խնդրի վրա և, եթե հաջողվեր, մի բան անել, այդ խնդրին նվիրել իմ զեկուցումը: Բախտի բերմամբ, նույն ամիսներին ուշադրությամբ ուսումնասիրում էի Ջոյի (Joy) աշխատությունները T-Ցուլի տիպի աստղերի վերաբերյալ: Ես ուշադրություն դարձրեցի մի հանգամանքի վրա, որը վրիպել էր Ջոյի ուշադրությունից: Դա այն էր, որ T-Ցուլի տիպի աստղերը կազմում են խմբեր, որոնք, ի տարբերություն սովորական աստղակույտերի, վերևում հիշված ջերմ աստղերի խմբերի նման շատ նոսր են:

Այս ամենն ինձ բերեց աստղասփյուռների գաղափարին: Շարունակելով ուսումնասիրությունս` եկա այն եզրակացության, որ ինչպես OB-աստղասփյուռները, այնպես էլ T-աստղասփյուռները կայուն լինել չեն կարող և նրանց գոյությունն իսկ արդեն վկայում է նրանց և նրանց մեջ մտնող աստղերի երիտասարդության մասին: Այսպես սկսվեց աստղասփյուռների, որպես երիտասարդ աստղախմբերի ուսումնասիրությունը:

Սկսեցի մտածել աստղերի առաջացման մասին: Առաջին թեզը, որին ես հանգեցի, դա աստղառաջացման խմբային բնույթն էր: Աստղերը առաջանում են խմբերով: Գոնե մեր դարաշրջանում: Կարևոր էր ոչ միայն Պերսևսի գերհսկաների փաստը: Ես ծանոթացա այն փաստերի հետ, որոնք վերաբերում էին T-Ցուլի տիպի աստղերի բաշխմանը: Պարզ դարձավ, որ նրանք հանդիսանում են երիտասարդ խմբերի անդամներ: Մի խոսքով, ես պատրաստեցի մի զեկուցում աստղերի առաջացման մասին` ապացուցելով այդ առաջացման խմբային բնույթը: Զեկուցումը, որ 1947 թվականի նոյեմբերին կարդացի Մոսկվայում` Ակադեմիայի ընդհանուր ժողովում, հաջող անցավ և զգալի հետաքրքրություն առաջացրեց: Նշված զեկուցումը մի փոքր ընդլայնված ձևով առանձին գրքույկով հրատարակվեց Երևանում` «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան» վերնագրով: Սակայն մասնագետների համար աստղասփյուռների մասին իմ գրած հոդվածը լույս տեսավ «Астрономический Журнал»–ում միայն 1950 թվականին: Իսկ 1952 թվականին այդ խնդրի մասին ես զեկուցեցի Հռոմում Միջազգային Աստղագիտական Միության համագումարում, որի որոշմամբ աստղակույտերի մշտական հանձնաժողովը վերանվանվեց «Աստղակույտերի և աստղասփյուռների» հանձնաժողով:

1953 թվականին Համամիութենական Ակադեմիան ինձ ընտրեց Ակադեմիայի իսկական անդամ: Երբ ընտրություններն ավարտվեցին, ես Ակադեմիայի շենքում էի: Իջնելով Ակադեմիայի աստիճաններով` խոսում էի իմ վաղեմի ծանոթ ու բարեկամ մաթեմատիկոս ակադեմիկոս Իվան Վինոգրադովի հետ: Տարբեր մարդիկ մոտենում էին և շնորհավորում ինձ` ակադեմիկոս ընտրվելու կապակցությամբ: Ես հայտնում էի շնորհակալությունս: Բայց Վինոգրադովը սաստիկ բարկացավ: Խախտելով համեստության սկզբունքը` բերեմ նրա խոսքերը. «Ինչո՞ւ եք շնորհակալություն հայտնում: Նրա՛նց է պետք շնորհավորել, որ այդ ընտրությամբ նրանք հավասարվեցին ձեզ»: Այդ եղավ ինձ համար մեծագույն գովեստը: Վինոգրադովը անսխալ տեսնում էր բոլոր նրանց, ում համար գիտությունը հասարակական դիրքի բարձրացման կամ պաշտոնների հասնելու մի գործիք էր: Երբ լինում էի Մոսկվայու, անհրաժեշտ էի համարում հանդիպել Վինոգրադովին, նրա հետ խորհրդակցել Հայաստանում մաթեմատիկայի զարգացման մասին: Նա ուրախանում էր, որ Հայաստանի Գիտությունների Ակադեմիան զգալի հաջողություններ ունի ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բնագավառում:

Ի միջի այլոց, Վինոգրադովը այն մարդն էր, որն իմ առաջ միշտ գովաբանում էր Մ. Վ. Կելդիշին և Մ. Ա. Լավրենտևին: Նա գիտնականից պահանջում էր միայն մի բան` ստեղծագործական ունակություններ: Այս տեսակետից ելնելով` ցածր էր դասում ակադեմիկոս Ս.Վավիլովին և համարում էր, որ նա չպետք է լինի Ակադեմիայի նախագահ: Այժմ տեսնում եմ, որ նա այս հարցում անցնում էր ծայրահեղության: Ես տարբերում եմ երկու հատկություններ` գիտական ստեղծագործական տաղանդ և տաղանդներ ճանաչելու ընդունակություն: Ճիշտ է, Ս. Վավիլովը, լինելով բարձր կրթության մարդ, օժտված չէր մեծ ստեղծագործական տաղանդով, բայց նա կարողանում էր տեսնել մարդկանց ընդունակությունները: Բնական է, որ հենց նրա ինստիտուտում կատարվեց լազերի հայտնագործումը Ն. Գ. Բասովի և Ա. Մ. Պրոխորովի կողմից:

Երբ Վավիլովը մահացավ, նրա փոխարեն պրեզիդենտ ընտրվեց Ա. Ն. Նեսմեյանովը: Նրանից հետո էլ` Մ. Վ. Կելդիշը: Վինոգրադովը և Լավրենտևը դժգոհ էին Նեսմեյանովի ընտրության պատճառով: Սակայն հենց Նեսմեյանովի ժամանակ հիմնադրվեց Ակադեմիայի Սիբիրի բաժանմունքը Նովոսիբիրսկում: Դա, անշուշտ, Լավրենտևի հերոսության արդյունքն էր: Նեսմեյանովը շատ լավ էր վերաբերվում Հայաստանի Գիտությունների Ակադեմիային:

* * *

Խաղաղության կողմնակիցների կոնֆերանսին Հելսինկիում, որտեղ մասնակցեցին հիսուն հոգի Խորհրդային Միությունից, ես լավ ծանոթացա ռուս գրող Ա. Ա. Ֆադեևի հետ: Դա պատահեց այսպես: Մենք Ֆադեևի հետ Հելսինկի էինք հասել մի երկու օր շուտ, քան մյուսները, և մեզ տեղավորեցին ոչ թե քաղաքում, այլ քաղաքից մի քանի կիլոմետրի վրա գտնվող ամառանոցում: Մեզ հետ էր նաև ռուս գրող Կ. Ա. Ֆեդինը: Ֆադեևը շատ արագ բացվեց իմ առաջ: Ե՛վ որպես մարդ, և՛ որպես մշակույթի գործիչ շատ դուր եկավ ինձ: Ուներ մի թերություն` խմում էր: Խորհրդային պատվիրակությունը ընդունելություն էր կազմակերպում խաղաղության կողմնակիցների կոնֆերանսի մոտ հարյուր այլ անդամների համար` հենց մեր ամառանոցում: Ընդունելության ժամանակ Ֆադեևը մի քանի հյուրերի տարավ առանձին ճաշասենյակ և սկսեց նրանց օղի հյուրասիրել: Ուշ երեկոյան, երբ համարյա բոլոր հյուրերը արդեն հեռացել էին, Ֆադեևը շարունակում էր նույն սենյակում խմել դեռևս մնացած մի քանի հյուրերի հետ: Հետո նաև այդ հյուրերը հեռացան, բայց Ֆադեևը շարունակում էր խմել և աշխատում էր հյուրասիրել նաև ինձ: Բայց ես զուսպ էի և մնացի զգաստ: Իմ բոլոր փորձերը` արգելել նրան խմելը, անցան ապարդյուն: Ֆեդինն էլ գնաց քնելու: Երբ մնացինք երկուսով, Ֆադեևը սկսեց պատմել իր կյանքից: Ինքը չի տուժել 1936-37 թվականներին, բայց նրա ընկերներից շատերը տանջվել էին բանտերում: Մասնավորապես, նա պատմեց, թե ինչ էր զգացել, երբ հիսունական թվականների սկզբներին նրան այցելել էր մի տիկին, որը վայելելիս է եղել նրա մեծ համակրանքը, բայց 1936-37 թվականներին բանտարկվել էր: Իհարկե, բոլոր տանջանքներից հետո այդ տիկինը կորցրել էր իր հմայքը: Ֆադեևը զղջում էր, որ մտերմություն է ունեցել երեսնական թվականների ղեկավարների հետ: Դա Ֆադեևի ապաշխարանքի, զղջման գիշերն էր:

Այդ մեր հանդիպումից մի տարի հետո Ֆադեևը ինքնասպանություն գործեց: Նրա նկատմամբ պահպանել եմ մեծ հարգանք:

* * *

Մինչև Ստալինի մահը (1953 թվականին) Հայաստանում առաջին քարտուղար էր Գրիգոր Հարությունյանը, որի մասին մի քանի խոսք արդեն ասվեց վերևում: Տարածված էր կարծիք, որ Հարությունյանը Ստալինի դրածոն է: Այդ պատճառով Ստալինի մահից հետո Հարությունյանի հակառակորդները ամեն միջոցի դիմեցին` նրան հանելու համար: Այդ նրանց վերջապես հաջողվեց 1953 թվականի աշնանը, և առաջին քարտուղար ընտրվեց Սուրեն Թովմասյանը: Նա մինչ այդ միշտ հակառակ էր Հարությունյանին, բայց նույնպես ազնիվ մարդ էր: Թովմասյանը երկար չմնաց իր պաշտոնում: 1957 թվականի սկզբներին (կամ 1956-ի վերջերին) նրան ազատեցին այդ պաշտոնից և ուղարկեցին Վիետնամ, որպես ԽՄ դեսպան: Սուրեն Թովմասյանը շատ էր հարգում գիտությունը: Նրան թվում էր, որ գիտության գործիչների և կառավարության ղեկավարների միջև պետք է լինեն անկեղծ և բարեկամական հարաբերություններ:

Քանի որ նա անկեղծ ցանկանում էր բարեկամանալ գիտնականների հետ, մի անգամ երեկոյան` գործնական խոսակցությունն ավարտելուց հետո, նրան հրավիրեցի մեր տուն` ընթրիքի: Տիկին Վերան նրան և ինձ հյուրասիրեց ռշտայով: Թովմասյանը շատ էր զարմացել` որտեղից իմ ռուս կինը ռշտա պատրաստել գիտի և ինչու է ակադեմիկոսը բավարարվում այդպիսի հասարակ կերակուրով: Մեղավորը ես էի, որ միշտ ռշտան համարել էի ամենալավ ուտելիքը Հայաստանում: Սրա շուրջ շատ ծիծաղեցինք, և նա հասկացավ, որ մեր տանը հարգի են առաջին հերթին ժողովրդական սովորություններն ու պարզ հարաբերությունները (հայկական կամ ռուսական):

* * *

Հիսունական թվականների սկզբներին Բյուրականում ստացանք Պալոմարի ատլասի մի օրինակ և սկսեցինք նրա վրա հետաքրքիր գալակտիկաներ փնտրել: Այլ գալակտիկաների թվում գտանք մեկը, որից դուրս էր գալիս մի շիթ, որն իր վերջում պարունակում էր ծայրահեղ կապույտ մի կորիզ: Այդ հայտնագործությանը մասնակցեց Ռոմելա Շահբազյանը, որը օգնում էր ինձ Պալոմարի քարտեզների մանրամասն զննման գործում: Նշված շիթը սկսվում էր NGC 3561-ի կենտրոնում: NGC 3561-ը լավագույն օրինակն էր իմ այն գաղափարի, որ գալակտիկաների կորիզները կարող են դուրս շպրտել տիեզերական օբյեկտներ, այդ թվում և շիթեր, ինչպես նաև ամբողջ գալակտիկաներ: Քանի որ կապույտ այդ կորիզը (շիթի վերջում) հայտնաբերված էր Պալոմարի քարտեզներից մեկում, ապա երբ 1956 թվականին եղա Պալոմարի աստղադիտարանում, իմ զեկուցման մեջ ես պատմեցի այդ երևույթի մասին: Ցվիկին, որը ներկա էր զեկուցմանը, ելույթ ունեցավ և հայտարարեց, որ ինքը համոզված է, որ Պալոմարի քարտեզի վրա չկա ոչ մի կապույտ արտագալակտիկ գոյացում: Սեմինարի ժամանակ բավականին աշխույժ վիճաբանություն սկսեցինք: Դուրս գալով սեմինարից` Ցվիկիի հետ գնացինք ապակեդարան, որտեղ պահպանվում էին Պալոմարի ատլասի լուսանկարները: Ցվիկին նայեց, բայց շարունակեց վիճել ինձ հետ: Սակայն մի քանի օրից հետո, երբ արդեն Լիկի աստղադիտարանում էի, հեռախոսով հայտնեց այն մասին, որ նրանց հաջողվել է որոշել նկարների վրա NGC 3561-ի մոտ գտնված խտացման գույնի ցուցիչը: Այն, իրոք, բացասական գույնի ցուցիչ էր: Ինքը անկեղծ ուրախացել էր և շնորհավորում էր ինձ: Այդ ժամանակվանից մենք շատ մտերմացանք: Ցվիկին նաև այցելեց մեզ Բյուրականում` այստեղ կայացած սիմպոզիումներից մեկին մասնակցելով: Տեսա, որ մեր մոտեցումները գիտության նկատմամբ որոշ գծերով մոտ են իրար. նա դեմ էր establishment-ի պահպանողականությանը:

Այժմ մի քանի խոսք գիտական սկզբունքների մասին:

Գիտության զարգացման ընթացքում սովորաբար տեղի է ունենում հետևյալը: Որևէ մի նոր խնդրի կամ բնագավառի հետազոտման ընթացքում ձեռք բերված հենց առաջին հաջողություններից անմիջապես հետո այդ խնդրի վերաբերյալ հաստատվում է ամենից լայն ընդունված մի տեսակետ, հաստատվում է, այսպես ասած, կոնսենսուս: Հետո այդ կոնսենսուսը հաճախ սկսում է դառնալ դոգմա, որը չպետք է խախտվի: Պատահում է, սակայն, որ այդ դոգման տարածվում է խնդիրների ավելի լայն դասի վրա, քան սկզբնականը: Այդ պատճառով պետք է պարբերաբար վերանայել «ընդունված» տեսակետները: Ահա թե ինչու եմ ես սիրում կասկածներ հարուցել որոշ դոգմաների, նրանց կիրառման ծավալի նկատմամբ: Իմ բոլոր հաջողությունները, հատկապես երկնային մարմինների առաջացման և զարգացման վերաբերյալ, հետևանք են եղել այդպիսի մոտեցման: Իհարկե, այս ճանապարհի վրա կարող են լինել և սխալներ: Դրանք պատահել են ինձ ևս: Սակայն թո՛ղ տաս անգամ սխալվեմ, բայց մի անգամ գտնեմ կարևոր ճշմարտություն: Համակրում եմ ընդունված տեսակետները ժխտողներին, բայց միայն` երբ նրանք քննարկվող հարցերին լավատեղյակ են և բանիմաց: Բայց տանել չեմ կարող նրանց, ովքեր ժխտում են ընդունվածը իրենց տգիտության պատճառով:

* * *

Բյուրականի մետրանոց Շմիդտը լավ օգտագործվեց Բ. Մարգարյանի և Մ. Ղազարյանի կողմից կապույտ գալակտիկաները փնտրելու գործում: Երբ հայտնաբերվեցին առաջին կապույտ գալակտիկաները, մենք Խաչիկյանին գործուղեցինք Միացյալ Նահանգներ, որպեսզի այնտեղի աստղադիտակների վրա այդ գալակտիկաների սպեկտրներն ստանա ավելի մեծ դիսպերսիայով (ճեղքային սպեկտրոգրաֆներով): Մեր առաջնությունը պահպանելու համար ես հրահանգեցի Խաչիկյանին, որպեսզի Բյուրականում հայտնաբերված կապույտ գալակտիկաների դասը անվանի «Մարգարյանի գալակտիկաներ»: Խաչիկյանը կատարեց այդ հանձնարարությունը: Առաջին իսկ սպեկտրները, որ Խաչիկյանը ստացավ Միացյալ Նահանգներում Վիդմանի հետ, ցույց տվեցին պայծառ գծերի առկայություն: Ապացուցվեց նաև, որ Մարգարյանի գալակտիկաների զգալի տոկոսը բնույթով Սեյֆերտյան են: Հենց իրենց առաջին հոդվածում այդ մասին, ինչպես նաև հոդվածի վերնագրում, այդ գալակտիկաները կոչվեցին «Մարգարյանի գալակտիկաներ»: Այդ գալակտիկաներն ընդհանուր հետաքրքրություն առաջացրին, իսկ անվանումն ընդունվեց բոլոր աստղագետների կողմից:

Հիսունական թվականների իմ աշխատություններում գալիս էի այն եզրակացության, որ տիեզերքում պետք է գոյություն ունենան գերզանգվածեղ մարմիններ, և որ շատ դեպքերում հենց այդպիսի գերզանգվածեղ և գերխիտ մարմինները գտնվում են գալակտիկաների կենտրոններում հանդիսանալով կենտրոնական միջուկների կորիզներ:

1963 թվականին աստղագիտական մի գիտաժողով տեղի ունեցավ Կանբերայում (Ավստրալիա): Խորհրդային Միությունից հրավիրված էինք ես և Կուկարկինը: Ճանապարհին մենք երկու կամ երեք կանգառ ունեցանք, որտեղ փոխում էինք ինքնաթիռը: Ճանապարհի վերջին հատվածում մեզ հետ թռչում էր նույն գիտաժողովին մասնակցելու, ծագումով հոլանդացի, ամերիկյան աստղագետ Մաարտեն Շմիդտը, որը այն ժամանակվանից մինչև հիմա աշխատում է Պասադենայում: Նա հայտնեց, որ ինքը և Գրինշտեյնը հայտնաբերել են քվազարներ: Շնորհավորեց ինձ, որ դրանք այն գերզանգվածեղ մարմիններն են, որոնց գոյությունը ես էի կանխատեսել:

Նույն տարվա ամռանը ինձ հրավիրել էին Միացյալ Նահանգների Ակադեմիայի (NAS) հարյուրամյակի տոնակատարությանը: Հոբելյանը տոնվում էր Վաշինգտոնում, և ներկաների առաջ դահլիճում զեկուցումով հանդես եկավ պրեզիդենտ Քեննեդին (շատ չանցած նրան սպանեցին):

Ամերիկյան այլ ակադեմիկոսների թվում ներկա էր նաև Գրինշտեյնը, որն ինձ պատմեց օպտիկական քվազարների մասին: Նա ևս շնորհավորեց ինձ, քանի որ նույնպես համարում էր, որ ես կանխատեսել էի այդպիսի գերզանգվածեղ և գերխիտ մարմինների գոյությունը:

1961 թվականին Ամերիկայում (Բերկլիում) կայացավ Միջազգային Աստղագիտական Միության հերթական համագումարը, որտեղ ինձ ընտրեցին այդ կազմակերպության (ՄԱՄ) պրեզիդենտ, և որտեղ կարդացի ընդարձակ զեկուցում գալակտիկաների միջուկների ակտիվության մասին: Եկել էին այնքան ցանկացողներ, որ կազմակերպիչները ստիպված էին հատկացնել ևս մի դահլիճ, որտեղ բարձրախոսների միջոցով մարդիկ կարող էին լսել ինձ:

* * *

1961 թվականը նշանակալից էր նաև նրանով, որ Հայաստան այցելեց Ն. Ս. Խրուշչովը: Կուսակցական քարտուղար Զարոբյանը նրան բերեց Բյուրական և կազմակերպեց հանդիպում հայ գիտնականների հետ Այն ժամանակ Խրուշչովը շատ խիստ պահանջում էր զարգացնել «Մեծ Քիմիան»: Իմ ջանքերը` նրա ուշադրությունը շուռ տալ դեպի «նուրբ քիմիա», անցան ապարդյուն:

Խրուշչովի գնալուց հետո սկսվեցին կենտկոմի հարձակումները Ակադեմիայի վրա «Մեծ Քիմիային» ընդդիմության կապակցությամբ: Իմ դժվարությունը նրանումն էր, որ Ակադեմիայում ևս կային «Մեծ Քիմիայի» ավելի լայն զարգացման կողմնակիցներ: Բայց հետագայում «Մեծ Քիմիայի» դեմ սկսեց բողոքել ամբողջ ժողովուրդը, և Ակադեմիայի դեմ հարձակումները դադարեցին: Վերջին տարիներին ժողովուրդն այնքան է բողոքում «Մեծ Քիմիայի» դեմ, որ Ակադեմիան ստիպված է արդեն որոշ չափով օգնել զսպելու այդ տրամադրությունները և բացատրել, որ ամեն մի քաղաքակիրթ ժողովուրդ պետք է ունենա զգալի քիմիական արտադրություն: Ուրիշ բան է, որ պետք է ամեն ինչ անել, որ վնասակար արտանետումները լինեն նվազագույն չափերի:

* * *

1950 թվականի օգոստոսին Բյուրականում ավարտվեց տնօրենի առանձնատան շինարարությունը, ուր տեղափոխվեցի Բյուրականի ժամանակավոր տնակներից մեկից: Արդեն քառասունմեկ տարի է, որ ես ապրում եմ այդ առանձնատանը: 1988 թվականին ազատվելով տնօրենի պարտականություններից` պարտավոր էի ազատել այս առանձնատունը, բայց նոր տնօրենը` Խաչիկյանը, չհամաձայնեց: Այն հանգամանքը, որ ժամանակի մեծ մասը լինում եմ այստեղ` Բյուրականում, որտեղ և գրում եմ ներկա հիշողություններս, շատ նպաստավոր է իմ տրամադրության համար: Օդը մաքուր է, և մարդ կարող է ամբողջ ազատ ժամանակը հանձնվել մտքերին և գործին: Միևնույն ժամանակ, այստեղ կարող եմ օգտվել մասնագիտական հարուստ գրադարանից: Բացի դրանից, այստեղ իմ անձնական հասցեով շատ երկրներից գալիս են բազմաթիվ պարբերական հանդեսներ և այլ գիտական գրականություն:

Այդ թույլ է տալիս հետևել գիտության հաջողություններին: Մեր գրքերի մի մասը գտնվում է Երևանի բնակարանում, որտեղ մենք ավելի քիչ ենք լինում: Ռուսաց և արտասահմանյան գեղարվեստական գրականության մեծ մասն այնտեղ ենք պահում: Իսկ մասնագիտական գրքերը և պարբերականները, ինչպես նաև հայ դասականների (գեղարվեստական) գրքերը պահում ենք գլխավորապես Բյուրականում:

* * *

Այժմ մի քանի խոսք ազգային զգացմունքների մասին: Հայրս ձգտում էր, որ ընտանիքում ամեն ինչ չափավոր լինի: Դա վերաբերում էր և ազգային տրամադրություններին: Բացառությունն էր` հայոց լեզուն: Կրթությունն ստանալով Լենինգրադի համալսարանում, հիանալի տիրապետելով ռուսերենին և երկար տարիներ ապրելով Ռուսաստանում` պահանջում էր, որ մենք` երեխաներս, տանը միշտ խոսենք հայերեն:

Ամուսնանալուց չորս ամիս հետո իմ տիկինը` Վերա ֆյոդորովնան, արդեն այնքան տիրապետեց հայերենին, որ մորս և մեզ այցելող հյուրերի հետ խոսում էր հայերեն: Այժմ` վաթսուն տարի անց, տիկինս ասում է, որ հայերենին տիրապետեց Հայաստանում, երբ մենք տեղափոխվեցինք այստեղ: Բայց ես լավ հիշում եմ, որ մեր հյուրերն արդեն 1932 թվականի կեսերին գովում էին նրա հայերեն արտասանությունը: Իհարկե, կյանքը Հայաստանում թույլ տվեց նրան ավելի լավ տիրապետել մինչև անգամ այն բառերի գործածությանը, որոնք հազվագյուտ են օգտագործվում առօրյա խոսակցության մեջ: Բայց արդեն այն ժամանակ (1932 թվականին), ես հիանում էի նրա արտասանության որակով: Երևան տեղափոխվելուց հետո (1944 թվականին), անցնելով աշխատանքի որպես անգլերենի դասախոս Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, նա բոլոր բացատրությունները տալիս էր արդեն հայերեն: 1932 թվականին նույնպիսի հեշտությամբ տիկինս հայերենին զուգահեռ տիրապետեց նաև անգլերենին:

Այժմ վերադառնանք Հայաստան: Մոտենում էր 1965 թվականի ապրիլի 24-ը` Մեծ Եղեռնի 50-ամյակը: Ապրիլի սկզբներին ինձ հրավիրեց Կենտկոմի քարտուղար Զարոբյանը և խնդրեց «Պրավդայի» համար հոդված նախապատրաստել 1915 թվականի ցեղասպանության վերաբերյալ: Այդպիսի հոդված գրեցի և, որքան հիշում եմ, այն տպագրվեց «Պրավդայում»: Հայաստանի ԿԿ Կենտկոմը որոշեց նաև զոհերի հիշատակին նվիրված սգո նիստ անցկացնել օպերայի դահլիճում: Այդ նիստին պետք է մասնակցեին, այսպես կոչված, «ակտիվի» մարդիկ: Զեկուցումը հանձնարարվեց ինձ: Ապրիլի 24-ին ես կարդացի այդ զեկուցումը: Երբ ավարտում էի զեկուցումը, նկատեցի, որ նիստի ղեկավարությունում ինչ-որ շփոթ է տիրում: Պարզվեց, որ ուսանողությունը, ինչպես և երիտասարդ բանվորության մի մասը Եղեռնի 50-ամյակի կապակցությամբ դուրս է եկել փողոց` ցույցի: Երիտասարդությունը ցանկանում է իր դիրքորոշումն արտահայտել անկախ կենտկոմի միջոցառումներից:

Ցուցարարներին հաջողվեց օպերայի դահլիճ մտնել նիստի ավարտից հետո, երբ նիստի նախագահությունն այնտեղից հեռացել էր: Զարոբյանին համոզում էին, որ երիտասարդ ցուցարարներին պետք է բրանդսպոյտներով ցրել, բայց Զարոբյանը թույլ չտվեց և, ընդհանրապես, իրեն խելացի պահեց: Հետաքրքիր է, որ դուրս գալու ժամանակ ինձ մոտեցավ Երևանի ադրբեջանական թերթի խմբագիրը և խնդրեց, որ ինձ հետ միասին գնա տուն: Ես, իհարկե, համաձայնեցի: Մենք հաջողոթյամբ հասանք մեր տները:

Այդ դեպքերից հետո կառավարությունը կառուցեց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մեծ հուշարձանը, և ամեն տարի` ապրիլի 24-ին, կառավարության անդամները և ամբողջ ժողովուրդն այցի են գնում այդ հուշարձանին:

* * *

Պետք է խոստովանեմ, որ սկսած 1965 թվականից իմ գիտական ակտիվությունն սկսեց զգալիորեն թուլանալ: Բայց տարբեր երկրներում ստացվող դիտողական նոր տվյալները շատ համոզիչ կերպով հաստատում էին իմ կողմից առաջադրված նոր տեսակետները աստղերի և գալակտիկաների զարգացման վերաբերյալ: Գալակտիկաների էվոլյուցիայի խնդիրը դարձավ ամենաարդիական խնդիրներից մեկը: Որպես օրինակ կարելի է բերել ռադիոգալակտիկաների առաջացման խնդիրը կամ, ավելի ճիշտ, որոշ գալակտիկաների հզոր ռադիոճառագայթման առաջացման հարցը:

Մինկովսկին, որը համագործակցում էր Բաադեի հետ, ենթադրում էր, որ գալակտիկաների ուժեղ ռադիոճառագայթումը առաջանում է երկու գալակտիկաների բախման հետևանքով: Այս տեսակետը արդեն տարածվել էր, և «բախման տեսության» մասին հարյուրավոր հոդվածներ էին լույս տեսել և՛ Խորհրդային Միությունում, և՛ հատկապես արտասահմանում:

Քննելով այս հարցը` ես համոզվեցի, որ բախումների տեսակետը ոչ մի կապ չունի իրականության հետ, և ինձ հաջողվեց ժխտել այս տեսակետը: Քանի որ «բախման տեսությունը» արդեն շատ էր տարածված, իմ կողմից դրա ժխտումը մեծ տպավորություն գործեց ոչ միայն աստղագետների, այլև հարակից գիտությունների ներկայացուցիչների վրա: Գալակտիկաների բախումների մասին ինչքա՜ն էին խոսել գիտաժողովներում և ամսագրերում: Բայց պարզվեց, որ բախման տեսությունը սխալ է: Մինկովսկու ջանքերը, գոնե առանձին գալակտիկաների նկատմամբ պաշտպանելու բախման տեսակետը, ապարդյուն անցան: Այս բոլորը հիմք ծառայեց մի շարք գիտնականների համար, որ իմ թեկնածությունն առաջադրեն Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի (ICSU) նախագահի պաշտոնի համար: Նախագահի պաշտոնում ընտրվեցի 1968 թվականին Փարիզում:

Իմ գործունեությունը ICSU-ում, սկսած 1966 թվականից, բավականին ժամանակ էր խլում: 1970 թվականին մասնակցեցի ICSU-ի հերթական կոնգրեսին, որ տեղի ունեցավ Մադրիդում: Մադրիդի կոնգրեսին նախագահում էի ես, իսկ խորհրդային պատվիրակությունը գլխավորում էր ակադեմիկոս Կելդիշը: Թեև այն ժամանակվա պաշտոնների սանդղակում Հայաստանի Ակադեմիայի նախագահն ինչ-որ չափով համամիութենական Ակադեմիայի պրեզիդենտի ենթական էր համարվում, բայց Կելդիշը հսկում էր, որ Մադրիդի կոնգրեսում խորհրդային պատվիրակությունը չխանգարի ինձ: Այդ կապակցությամբ հիշում եմ մի հետաքրքիր դեպք: Քննարկվում էր հաջորդ կոնգրեսի հավաքման վայրի հարցը: Քննարկումից հետո մնացին երկու հրավերներ: Դրանք Անկարա և Հելսինկի քաղաքների թեկնածություններն էին: Կոնգրեսի գործադիր կոմիտեի նիստում ես կարողացա համոզել, որ կանգ առնեն Հելսինկիի վրա: Ինձ համար դժվար էր համաձայնվել հաջորդ կոնգրեսի համար Թուրքիա գնալ: Բայց գործադիր կոմիտեն պետք է այդ հարցը ներկայացներ կոնգրեսի ընդհանուր ժողովին: Իսկ կոնգրեսի ընդհանուր ժողովում Թուրքիան կրկնեց իր հրավերը: Եղավ քվեարկություն: Այստեղ արդեն Թուրքիան բավականին թվով կողմնակիցներ ուներ: Ինչ վերաբերում էր խորհրդային պատվիրակությանը, նրա անունից պետք է քվեարկեր ակադեմիկոս Ա. Պ. Վինոգրադովը (երկրաքիմիկոս): Ես նախագահում էի, բայց այդ րոպեներին միայն դիտողի դերում էի, քանի որ քվեարկությունը անց էր կացնում հաշվիչ հանձնաժողովը: Հանկարծ տեսնում եմ, որ ակադեմիկոս Վինոգրադովը ձեռք է բարձրացնում Անկարայի օգտին: Բայց մինչև հաշվիչների մոտենալը խորհրդային պատվիրակության տեղերին, Կելդիշը հանկարծ Վինոգրադովի ձեռքը ներքև քաշեց և ինչ-որ բան ասաց նրան: Դրանից հետո խորհրդային պատվիրակը քվեարկեց Հելսինկիի օգտին: Կելդիշը, ըստ երևույթի, նրան բացատրեց, որ Համբարձումյանը հարմար չի գտնում Անկարայի թեկնածությունը: Արդյունքում անցավ Հելսինկին:

1970 թվականին Անգլիայում կայացավ Աստղագիտական Միջազգային Միության հերթական համագումարը: Այդ ժամանակ Անգլիայի լուսավորության նախարարը տիկին Մ. Տեչերն էր: Բացման նիստում նա բավականին երկար ողջույնի ճառ կարդաց: Դրանից հետո ռեստորանում ճաշկերույթ տվեց պատվիրակությունների ղեկավարների պատվին: Ռեստորանի դահլիճում հրավիրվածները նստեցին մի քանի առանձին սեղանների շուրջ: Ես, որպես ICSU-ի այն ժամանակվա նախագահ, հրավիրված էի այդ ճաշին: Տիկին Տեչերը հրավիրեց ինձ և Օորտին իր սեղանին: Ընդհանուր զրույցը վերաբերում էր միջազգային գիտական համագործակցության խնդիրներին: Երբ ճաշկերույթն ավարտվեց, այնպես ստացվեց, որ տիկին Տեչերը և ես միասին ռեստորանի փայտյա աստիճաններով իջանք ծովափնյա փողոց: Ինձ հետ խոսելով, նա ցույց տվեց իր լավտեղյակ լինելը գիտության զարգացման հարցերին: Հրաժեշտ տալիս մի քանի սիրալիր խոսք ասացի նրան: Ասացի, որ միայն իր հետ խոսելիս հասկացա, թե ինչու տորիները (պահպանողականները) հաղթեցին վերջին անգլիական ընտրությունների ժամանակ: Այն ժամանակվա համար, երբ Խորհրդային Միության իշխանությունները մեզ արգելում էին արտասահմանում այդքան ազատ մտքեր արտահայտել, իմ խոսքերը շատ համարձակ էին:

Մյուս օրը, երբ ռադիոաստղադիտարան այցելելու համար գնացի Ջոդրել Բենք, պրոֆեսոր Լովելին պատմեցի իմ այդ սիրալիր արտահայտության մասին: Լովելը մնաց շատ զարմացած, հնարավոր է` իմ խոսքերը շատ համարձակ գտավ: Ըստ երևույթին, նա էլ ուներ «խորհրդային մարդու» մասին տարածված պատկերացում:

* * *

70-ական թվականների վերջերին հրավիրվեցի Ալմա-Աթա` ակադեմիական տոնակատարության: Որոշեցինք գնալ կնոջս հետ: Պետք է ասեմ, որ Ղազախստանի Ակադեմիայի առաջին պրեզիդենտին` Սատպաևին ես շատ էի հավանում: Նա համարվում էր լավ երկրաբան և Ղազախստանի նշանավոր պետական գործիչ: Քառասունական թվականների վերջերին նա բանտարկվեց` մեղադրվելով նացիոնալիզմի մեջ, բայց շուտով ազատ արձակվեց: Մահացավ 1964 թվականին Ակադեմիայի պրեզիդենտի պաշտոնում: Նրան փոխարինեց Կունաևը, որը բոլոր տվյալներով շատ լուրջ գիտնական չէր և շուտով դարձավ հանրապետության ղեկավար: Հետո Ակադեմիայի ղեկավար դարձավ Կունաևի կրտսեր եղբայրը: Եվ հենց այդ ժամանակ էր կատարվում տոնակատարությունը:

Ես հուսով էի, որ Ակադեմիայի հիմնադիր Սատպաևի ծառայությունները այդ տոնակատարության ժամանակ կնշվեն պատշաճ մակարդակով: Սակայն այդպես չեղավ: Սատպաևի մասին համարյա ոչինչ չխոսվեց, մինչև անգամ հանդիսավոր ընթրիքի ժամանակ: Ես չդիմացա և առաջարկեցի հարգել Սատպաևի հիշատակը: Ստացվեց, որ ես անտակտություն արեցի այդ ժամանակվա պրեզիդենտ Կունաևի նկատմամբ: Համենայն դեպս, կենացս հնչեց, թեև որոշ մարդկանց դեմքերը մռայլվեցին: Բայց ընթրիքից հետո ինձ մոտեցան ընթրիքի մի շարք ղազախ մասնակիցներ, տարիքավոր մարդիկ և ինձ շնորհակալություն հայտնեցին իմ քայլի համար: Հետագա տարիներին պատմական արդարությունը, իհարկե, հաղթեց և այսօր Սատպաևին Ղազախստանում շատ են հարգում` որպես նորագույն շրջանի ամենանշանավոր գիտնականի և Ակադեմիայի առաջին պրեզիդենտի:

* * *

1978 թվականին պրեզիդենտների «կոորդինացիոն խորհրդի» ժողով անցկացվեց Երևանում և համընկավ իմ յոթանասունամյակի օրերի հետ: Նախագահում էր Ա. Պ. Ալեքսանդրովը: Նիստը շատ հանդիսավոր էր, քանի որ Հայաստանի ղեկավարությունը ուզում էր նշել իմ 70-ամյակը: Ես անհարմար էի զգում, բայց Մոսկվայի Ակադեմիայի նախագահ Ալեքսանդրովը մեծ վարպետ էր այդ գործերում, և նա դասավորեց ամեն ինչ: Եկել էին Ռուսաստանից մեծ թվով ակադեմիկոսներ: Ինձ համար շատ հաճելի էր ակադեմիկոս Ն. Գ. Բասովի ներկայությունը, որը եկել էր իր տիկնոջ հետ: Ալեքսանդրովը չէր սիրում Բասովին, իսկ ես շատ բարձր էի գնահատում նրան: Իհարկե, մենք աշխատեցինք ինչպես հարկն է ընդունել երկուսին էլ: Երբ մի քանի տարի անց Բասովը դարձավ 60 տարեկան, Ալեքսանդրովը նրան ներկայացրեց Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանի: Ես իմացա այդ մասին, և նիստերից մեկում, որտեղ նախագահում էր Չերնենկոն` այն ժամանակվա կուսակցության ղեկավարը, մոտեցա նրան և ուղղակի ասացի, որ Բասովը արժանի է Աշխատանքի Հերոսի երկրորդ Աստղի: Նա խոստացավ ընդառաջել, և Բասովը ստացավ Հերոսի երկրորդ Աստղը: Նման դեր էի խաղացել և ավելի վաղ, երբ Բասովն ակադեմիկոս էր ընտրվում: Այսպիսով, գիտական բյուրոկրատիայի ջանքերը Բասովին ինչ-որ հարցում վնասելու ուղղությամբ ապարդյուն անցան:

Ալեքսանդրովը քիչ էր խառնվում, ավելի ճիշտ, համարյա չէր խառնվում Հայաստանի Ակադեմիայի գործերին: Հիշում եմ միայն մի դեպք, երբ Միության Ակադեմիան խառնվեց մեր գործերին: Դա կապված էր Ալիխանյանի, որպես Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտի ղեկավարի, գործունեության հետ: Այդ ինստիտուտը միայն վարչական տեսակետից էր մտնում մեր Ակադեմիայի ցանկի մեջ, իրականում այն պատկանում էր Միության ատոմային գերատեսչությանը: Այնուամենայնիվ, Ակադեմիան միշտ կարող էր Հայաստանի կառավարության միջոցով ազդել նրա գործունեության վրա: 70-ական թվականների կեսերից պարզ դարձավ, որ Ալիխանյանի դեմ ապստամբել են իր ղեկավարած ինստիտուտի շատ աշխատակիցներ: Դրությունը ծանր էր: Երբ ես փորձեցի ազդել նրա գործունեության վրա, Ալիխանյանը գնաց Մոսկվա և գանգատվեց Ալեքսանդրովին ու Կելդիշին: Եվ մենք ստիպված Ալիխանյանին թողեցինք իր պաշտոնում: Բայց մոտ երկու տարի անց Ալեքսանդրովը ինքը հասկացավ, որ Ալիխանյանը չի կարող մնալ տնօրենի պաշտոնում, և նշանակվեց մի մեկ այլ տնօրեն:

Ալիխանյանը շատ ընդունակ մարդ էր, իրազեկ էր տիեզերական ճառագայթների բնագավառում: Նույնիսկ նրա սխալը, երբ հայտարարեց «վարիտրոնների» գո յութ յան մասին, մեզ չէր դրդի հեռացնել այդ տաղանդավոր մարդուն իր պաշ տո նից: Սա կայն դժվար էր համաձայնել նրա ղեկավարման որոշ մեթոդների հետ: Կարելի է ասել, որ նա մեծ գործ սկսեց, բայց ինչ-որ պահից սխալներն էլ չէին հատուցվում իր կողմից ստացված գիտական արդյունքներով: Սակայն պետք է բարձր գնա հա տել նրա նախաձեռնությունը Երևանում արագացուցիչ կառուցելու գործում:

1985 թվականին Ալեքսանդրովին ազատեցին համամիութենական Ակադեմիայի նախագահի պաշտոնից: Նրա տեղը նշանակվեց ակադեմիկոս Գ. Ի. Մարչուկը, որն այդ պաշտոնում մնաց մինչև 1991 թվականը, երբ համամիութենական Ակադեմիան վերածվեց Ռուսական Ակադեմիայի: Մարչուկի հետ իմ հարաբերությունները շատ լավ էին: 1988 թվականի երկրաշարժից հետո նա անմիջապես եկավ Հայաստան, և մենք միասին այցելեցինք երկրաշարժի գոտին:

* * *

Պատմեմ ավելի վաղ կայացած իմ հունաստանյան այցելությունների մասին: Հու նաս տանը ինձ շատ է հետաքրքրում այն տեսակետից, որ հույն ժողովուրդը հա ճախ հալածվել է նույն ժամանակա միջոցներում և նույն ուժերի կողմից, ինչպես և հայ ժողովուրդը: Այդ պատճառով մեծ համակրանք եմ տածում հույների հանդեպ: Հետագայում համոզվեցի, որ հույները նույն զգացումներն ունեն հայերի նկատ մամբ: Իհարկե, խոսքս գիտակից և հայրենասեր հույների մասին է: Այժմ չեմ հիշում, երբ էր այդ կոնֆերանսը Սամոս կղզում` (այսօր քրքրեցի գրքերը իմ գրադարանում, բայց տվյալներ չգտա): Համենայն դեպս, դա եղել է 60-ականների վերջերին, և նվիրված էր աստղագիտության պատմության հարցերին: Կազ մա կեր պիչը Կոպալն էր, որը ազգությամբ չեխ է, բայց ապրում է Անգլիայում, որտեղ հրապարակում է աստղագիտական մի ամսագիր: Կոպալին հաջողվեց ջերմ մթնոլորտ ստեղծել:

Սամոս կղզի հասնելու համար Մոսկվայից թռա Աթենք, դիտեցի Աթենքը, ապա ինքնաթիռով հասա Սամոս: Սամոս կղզու ամբողջ բնակչությունը հույներ են: Պարզվեց, որ կա նաև երեք հայ ընտանիք: Ես չայցելեցի նրանց տները, բայց օդանավակայանում ծանոթացա մի շատ գործունյա և բարեհամբույր օրիորդի հետ, որը շատ կրթված ու շնորհքով հայուհի էր: Նա աշխատում էր ավիատոմսեր վաճառող` լինելով ավիաընկերության պաշտոնյա: Պետք է ասել, որ նա էր օդանավակայանում ամեն ինչ կազմակերպում: Ես, իհարկե, հարցրի իր կրթության մասին, և նա պատասխանեց, որ Կիպրոսում ավարտել է Մելքոնյան վարժարանը: Չգրեցի ինձ համար նրա անունը: Բայց մինչև հիմա մտածում եմ` ինչքա՜ն այդպիսի շնորհալի և գործիմաց օրիորդներ ու երիտասարդներ ունենք մենք, որոնք ստիպված են սպասարկել օտարների:

Երկրորդ անգամ Հունաստանում եղա միջազգային աստղագիտական հա մա գու մա րի կապակցությամբ, որը կայացավ Պատրասի համալսարանի տարածքում: Երևի 1982 թվականն էր: Ես մեծ ակտիվություն չէի ցուցաբերում, շատ նիստեր բաց էի թողնում: Պարզվեց, որ մոտավորապես նույն վերաբերմունքն ունի Ի. Ա. Շկլովս կին: Այնպես որ, նստած հյուրանոցի հարևան պարտեզում, մենք հաճախ նրա հետ խոսում էինք աստղագիտության հարցերի և աստղագետների մասին:

Այդ ժամանակ ինձ առողջ չէի զգում: Ես ունեի քար, որը անհրաժեշտ էր հեռացնել, և դա մեկ-մեկ զգացնել էր տալիս: Հենց որ հասանք Պատրաս, ինձ շատ վատ զգացի այդ քարի պատճառով: Գիշերը հազիվ դիմանալով` առավոտյան գնացի առաջին հանդիպած բժիշկի մոտ, որն ապրում էր հյուրանոցից ոչ հեռու: Ընդունում էր իր բնակարանում: Ցավս վերացրեց, բայց երբ բժիշկին դրամ առաջարկեցի, հրաժարվեց և ասաց, որ ինքը հայից փող չի վերցնի: Շատ էի զգացված և հուզված:

Սակայն դրանից հետո, երբ դուրս եկա, որ գնամ համագումարի անցկացման վայրը, շատ ցրված էի: Իջնելով տաքսիից` վճարելու ժամանակ շփոթեցի դրամներս և նրա պահանջած հունական դրամի քանակի փոխարեն վճարեցի նույնքան դոլար: Այդպես մնացի համարյա առանց դրամի: Իսկ վարորդը վերցնելով դոլարները, ոչինչ չասաց (հետո մտքումս կատակեցի, թե` հավանաբար չհասկացավ, որ ես հայ եմ): Ինձ փրկեց Աբասթումանի աստղադիտարանի տնօրենը` Խարաձեն: Այդ օրերին նա նոր էր ստացել հունական դրամով ճանապարհածախսը, բայց մինչ այդ Մոսկվայում արդեն ձեռք էր բերել վերադարձի տոմս: Այդ պատճառով ազատ դրամ ուներ: Չնայած հետագայում նրան հանդիպելիս ես միշտ պահանջում էի, որ ետ վերցնի իմ պարտքը, նա ոչ մի կերպ չէր համաձայնվում: Այդպես էլ մնացի նրան պարտական:

https://teknonebula.info/