կենսագրություն

Վիկտոր Համազասպի Համբարձումյան (5(18) սեպտեմբերի 1908 թ., Թիֆլիզ — 12 օգոստոսի 1996թ., Բյուրական).

Վիկտոր Համազասպի Համբարձումյան — ականավոր հայ խորհրդային գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը: Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի եւ միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի եւ գալակտիկաների տիեզերածնության եւ մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին: Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի: Վ. Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի Ազգային Հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգեւների: Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:

Բովանդակություն

  1. Գիտական հետազոտություններ. հիմնական ուղղությունները
  2. Մանկավարժական գործունեություն
  3. Գիտության կազմակերպում
  4. Հասարակական եւ քաղաքական գործունեություն
  5. Պարգեւներ եւ կոչումներ
  6. Մատենագրություն

Կենսագրական ակնարկ

Վ. Համբարձումյանը ծնվել է հայկական ընտանիքում Թիֆլիզում 1908 թ. սեպտեմբերի 5(18)-ին: Հայրը` Համազասպ Ասատուրի Համբարձումյանը եղել է բանասեր, բանաստեղծ, Հոմերոսի Իլիականի եւ Ոդիսականի թարգմանիչ դասական հունարենից արեւելահայ աշխարհաբարի: 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը եւ մեկ տարի անց տեղափոխվել Լենինգրադի Պետական համալսարան: 1926 թ., տակավին ուսանող, նա հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը` նվիրված արեգակնային ջահերին: Համալսարանն ավարտելուց հետո 1928 — 1931-ը Վ. Համբարձույանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում Ա. Ա. Բելոպոլսկու ղեկավարությամբ:

1930 թ. ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Համբարձումյանի հետ (ծնյալ` Կլոչիխինա, ծնունդով` Պերմի նահանգի Սոլիկամսկի գավառի Լիսվա գյուղից):

1934 թ., Լենինգրադի Համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Վ. Համբարձումյանը հիմնադրում եւ ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը:

1934 — 1941 թթ. Վ. Համբարձումյանը եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրենը:

1939թ. Վ. Համբարձումյանը ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, իսկ 1953 թ.` իսկական անդամ:

Հայրենական Մեծ պատերազմի սկզբում Վ. Համբարձումյանը զբաղեցնում էր Լենինգրադի Համալսարանի գիտական պրոռեկտորի պաշտոնը: Պատերազմի ամենասկզբում Համալսարանի գիտական աշխատանոցները տարհանվում են ռազմաճակատից հեռու Ելաբուգա քաղաքը Թաթարստանում, ուր Համբարձումյանը անց է կացնում չորս տարի` ղեկավարելով Համալսարանի գիտական մասնաճյուղը:

Պատերազմի ամենածանր փուլում` 1943-ին հիմնադրվում է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիան: Հավանաբար դա արվել էր իբրեւ շնորհակալություն Հայաստանին`պատերազմի տարիներին ցուցաբերած հավատարմության համար: Հ. Ա. Օրբելին դառնում է Ակադեմայի նախագահ, իսկ Վ. Համբարձումյանը ընտրվում է փոխնախագահ: 1947 թ. Վ. Համբարձումյանը ընտրվում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նախագահ եւ ապա վերընտրվում է այդ պաշտոնում ընդհուպ մինչեւ 1993 թ., որից հետո դառնում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի պատվավոր նախագահ:

1946 թ. Համբարձումյանը հիմնադրում է Բյուրականի աստղադիտարանը, որի անփոփոխ տնօրենն է լինում ընդհուպ մինչեւ 1988 թ.:

1961 — 1964 թթ. Վ. Համբարձումյանը եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ: Երկու անգամ (1968 — 1970 եւ 1970 — 1972 թթ.) ընտրվել է Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ:

Վ. Հ. Համբարձումյանը վախճանվել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում: Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը:

1.Գիտական հետազոտություններ. հիմնական ուղղությունները

Աստղերի թաղանթների եւ գազային միգամածությունների ֆիզիկա:

1932 թ. Թագավորական Աստղագիտական ընկերության «Monthly Notices» հանդեսը հրատարակեց Վ. Համբարձումյանի « On the radiative equilibrium of a planetary nebula» հոդվածը, որն այժմ համարվում է գազային միգամածությունների ժամանակակից տեսության անկյունաքարը: Այդ խնդրին է նվիրված Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք, որոնցում ստեղծված է աստղերի գազային թաղանթների եւ գազային միգամածությունների տեսության հենքը եւ բացատրված են դրանց սպեկտրերի մի շարք առանձնահատկություններ: Նրա մշակած եղանակները կիրառվել են անկայուն աստղերի գազային թաղանթների հետազոտման համար: Այդ աշխատություններից մեկում (Ն. Ա. Կոզիրեւի հետ համատեղ) հաջողվել է առաջին անգամ գնահատել նոր աստղերի արտանետած գազային թաղանթների զանգվածները: Այդ զանգվածների գնահատականը շատ էական դեր ունեցավ աստղերի զարգացման խնդիրները դիտարկելիս: Մասնավորապես, այն հնարավորություն ընձեռեց հայտնաբերել աստղային անկայունության ամենաաննշան դրսեւորումները:

Աստղային համակարգերի դինամիկա եւ վիճակագրական մեխանիկա:

Կիրառելով վիճակագրական մեխանիկայի ինքնատիպ եղանակներ, Վ. Համբարձումյանը ստացել է կարեւոր արդյունքներ, որոնց մեջ հատկապես նշանակալի են հետեւյալները: 1936 թվականին Վ. Համբարձումյանը նրբագեղ լուծում տվեց անգլիացի նշանավոր աստղագետ Արթուր Էդինգտոնի առաջադրած մաթեմատիկական խնդրին` գտնել աստղակույտի աստղերի տարածական արագությունների բաշխումը`ունենալով դրանց տեսագծային արագությունների բաշխումը: Այդ խնդրի լուծումը տպագրվեց «Monthly Notices» հանդեսում հենց Ա. Էդինգտոնի ներկայացմամբ: Տասնամյակներ անց այդ նույն խնդիրը վերստին ի հայտ եկավ`բժշկական համակարգչային ախտորոշման կապակցությամբ: Ի վերջո (1979 թ.), այդ մաթեմատիկական խնդրի լուծումը նշանավորվեց բժշկության բնագավառի Նոբելյան մրցանակով` «Համակարգչային տոմոգրաֆիայի մշակման համար»: Աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի եղանակները Վ. Համբարձումյանին հնարավորություն տվեցին գնահատել աստղային համակարգերի տարիքները: Մասնավորապէս, 1935 — 1937 թթ. Համբարձումյանը գիտական բանավեճ ունեցավ անգլիացի նշանավոր գիտնական Ջեյմս Ջինսի հետ` մեր աստղային համակարգի` Գալակտիկայի տարիքի առիթով եւ ապացուցեց, որ մեր Գալակտիկայի տարիքը առնվազն 1000 անգամ փոքր է համընդհանուր ընդունելություն ունեցող` Ջ. Ջինսի տված գնահատականից: Աստղային համակարգերի դինամիկայի եւ վիճակագրության վերաբերյալ Վ. Համբարձումյանի աշխատությունները ընկած են աստղային համակարգերի արդի վիճակագրական մեխանիկայի հիմքում: 1995 թվականին` իրենց սկզբնավորումից 50 տարի անց այդ հետազոտությունները պսակվեցին Ռուսաստանի Դաշնության Պետական Մրցանակով ` գիտնականի մահից մեկ տարի առաջ:

Միջաստղային նյութի բնույթը եւ ելեւէջումների (ֆլուկտուացիաների) տեսությունը:

Վ. Համբարձումյանի աշխատությունների մի ամբողջ շարք նվիրված է Գալակտիկայում միջաստղային նյութի հետազոտությանը: Վ. Համբարձումյանը ստացավ սզբունքորեն նոր արդյունք, համաձայն որի, Գալակտիկայում կլանող նյութն ունի պատառաձեւ բաշխում եւ լույսի կլանման պատճառը միջաստղային տարածության մեջ բազմաթիվ գազա-փոշային ամպերի առկայությունն է: Միջաստղային ամպերի ամբողջության հետազոտման հզոր միջոց եղավ ելեւէջումների (ֆլուկտուացիաների) տեսությունը, որ նոր ուղիներ բացեց աստղագիտության մեջ:

Պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Վ. Համբարձումյանը ստեղծեց պղտոր միջավայրում լույսի ցրման նոր տեսություն, որ հիմնված էր իր առաջարկած` ինվարիանտության սկզբունքի վրա: Կիրառելով այդ նրբագեղ մաթեմատիկական հնարքը, Համբարձումյանը լուծեց լույսի ցրման ոչգծային խնդիրների մի ամբողջ շարք: Ինվարիանտության սկզբունքը ներկայումս լայնորեն կիրառվում է մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ ճյուղերում: R.E.Bellman, R.E.Kalaba and M.C.Prestrud-ը իրենց «Ինվարիանտ համադրում. ճառագայթային տեղափոխումը վերջավոր լայնության շերտերում» գրքում գրում են. «Այդ նորարարական աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձան վերլուծական մոտեցումներ եւ պարզ թվային լուծումներ: Հետագայում այդ գաղափարները զարգացվեցին եւ ընդհանրացվեցին Չանդրասեկհարի կողմից` վերջինիս հիմնարար հոդվածների շարքի եւ 1950 թ. գրքի մեջ… Լուծվեցին բազմաթիվ խնդիրներ, որ չէին լուծվում այլ եղանակներով, եւ կատարվեց մեծ առաջընթաց» (American Elsevier Publishing Co., 1963, p1.): 1946 թ. պղտոր միջավայրում լույսի ցրման տեսութունն ստեղծելու համար Վ. Համբարձումյանը պարգեւատրվեց առաջին Ստալինյան Մրցանակով:

Աստղասփյուռներ եւ աստղերի էվոլյուցիան:

Գալակտիկայում աստղային համակարգերին վերաբերող դիտողական նյութի տեսական վերլուծության միջոցով Վ. Համբարձումյանը հայտնաբերեց նոր տիպի աստղային համակարգեր: Դրական էներգիայով այդ լայնացող համակարգերը նա անվանեց «աստղասփյուռներ» եւ ապացուցեց դրանց «երիտասարդ» լինելը: Դա հեղաշրջում էր աստղերի տիեզերաբանության մեջ, քանի որ այստեղից հետեւում էր, որ աստղառաջացման գործընթացը Գալակտիկայում շարունակվում է նաեւ ներկայումս, եւ աստղերը առաջանում են խմբերով: Աստղասփյուռների հայտնաբերման եւ հետազոտության համար 1950 թ. Վ. Համբարձումյանը պարգեւատրվեց երկրորդ Ստալինյան Մրցանակով:

Երիտասարդ աստղերի ֆիզիկա եւ աստղերի էներգիայի աղբյուրները:

Շատ ուշագրավ են երիտասարդ T Ցուլի տիպի եւ բռնկվող աստղերի սպեկտրերում դիտվող այսպես կոչված «անընդհատ առաքման»ը վերաբերող` Համբարձումյանի հետազոտությունները: Այդ հետազոտությունները հանգեցրին աստղերի էներգիայի աղբյուրների բնույթի վերաբերյալ կարեւոր եզրակացությունների: Վ. Համբարձումյանը առաջարկեց նախաստղային նյութի նոր հայեցակարգ: Դասական վարկածը ենթադրում է, որ աստղերը առաջանում են ցրված նյութի խտացման միջոցով: Նոր վարկածը, նախորդին հակառակ, ընդունում է անհայտ բնույթի զանգվածեղ մարմինների` նախաստղերի գոյությունը: Նախաստղերի պայթյուններով տրոհման գործընթացը հանգեցնում է աստղերի առաջացմանը աստղասփյուռներում:

Արտագալակտիկական աստղագիտություն:

Վ. Համբարձումյանի աշխատությունների մի մեծ շարք նվիրված է մեր Գալակտիկայի նման հսկայական աստղային համակարգերի` գալակտիկաների էվոլյուցիայի խնդիրներին: Ի մասնավորի` հարկ է նշել գալակտիկաների կորիզների (կենտրոնական խտացումների) ակտիվության մասին նոր հայեցակարգը: Ըստ այս հայեցակարգի գալակտիկաների կորիզները վճռորոշ դեր են կատարում գալակտիկաների եւ դրանց համակարգերի ծագման եւ էվոլյուցիայի մեջ: Այս հետազոտությունների շնորհիվ արտագալակտիկական աստղագիտության գլխավոր խնդիրը դարձավ գալակտիկաներում դիտվող ահռելի չափերի անկայունության երեւույթների ուսումնասիրությունը: Այս շարքին են հարում նաեւ Վ. Համբարձումյանի եւ իր աշակերտների կարեւոր հետազոտությունները` նվիրված հսկա գալակտիկաների կորիզներից կապույտ արտանետումների, նոր տիպի գալակտիկական համակարգերի` այսպես կոչված` կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբերի հայտնաբերմանն ու ուսումնասիրությանը: Գալակտիկաների կորիզների պայթյունների մասին 1958 թ. Վ. Համբարձումյանի առաջին Սոլվեյյան դասախոսությունը ահռելի ազդեցություն ունեցավ: Այդ դասախոսությունը եւ դրա հետեւանքները նկարագրված են Ջերսի Նոյմանի «Հիշողություններ տիեզերաբանության մեջ հեղափոխական շրջափուլի մասին» հոդվածում (Problems of Physics and Evolution of the Universe, Publishing House of the Armenian Academy of Sciences, Yerevan, 1978, pp.243-250): Ինչպես հիշում է Ջ. Նոյմանը, հակառակ սկզբնական թերահավատությանը, «Համբարձումյանի փաստարկները եւ համակողմանի ապացույցները ներկա գտնվող գիտնականներին ստիպեցին մտմտալ, որին հետեւեց միջազգային բազմաբնույթ մեծ գործունեությունը…»: Նոյմանը եզրակացնում է. «Այժմ Համբարձումյանի վարկածի օգտին եղած տվյալները շշմեցնում են: Սրտագին շնորհավորանքս պրոֆեսոր Համբարձումյանին` Կոպերնիկոսյան Հեղափոխականին»:

Հետաքրքիր տվյալներ:

Քաղվածք Նոբելյան դափնեկիր Ա. Կորմակի «Computed tomography: some history and recent developments» (Proc. of Symposia in Applied Mathematics, Vol 29, p 35, 1985) հոդվածից. «… Ռադոնի խնդիրը արագությունների եռաչափ տարածության մեջ… Համբարձումյանը տվեց դրա լուծումները երկու եւ երեք չափումների համար այն ձեով, ինչ եւ Ռադոնը: Ավելին, նա վերցրեց երեք սպեկտրային դասերի աստղերի խմբեր` յուրաքանչյուրում 400 — 500-ական աստղով եւ օգտագործեց իր տեսական արդյունքները` տեսագծային արագությունների բաշխումից արագությունների բաշխումը ստանալու համար: … Դա Ռադոնի ձեւափոխության առաջին թվային հակադարձումն է, եւ դա հերքում է տարածված պատկերացումը այն մասին, թէ իբր համակարգչային տոմոգրաֆիան անհնար է առանց համակարգչի: Այդ հաշվարկի մանրամասները բերված են Համբարձումյանի հոդվածում, եւ դրանք հանգեցնում են այն մտքին, որ մինչեւ իսկ 1936 թվականին համակարգչային տոմոգրաֆիան ի զորու պիտի լիներ օժանդակել, ասենք, ուղեղի ուռուցքների ախտորոշմանը… Շատ հնարավոր է թվում, որ Համբարձումյանի թվային եղանակները պիտի կարողանային մեծապես օժանդակել բժշկությանը, եթե դրանք կիրառվեին 1936 թվականին»:

2.Մանկավարժական գործունեություն:

Համբարձումյանը գիտական աշխատանքը զուգակցել է աշխույժ մանկավարժական գործունեության հետ: Նա հեղինակն է Տեսական աստղաֆիզիկա առարկայի` ԽՍՀՄում առաջին դասագրքի (1939) եւ հեղինակակիցն է «Տեսական աստղաֆիզիկայի» դասընթացի (1952), որ թարգմանված է բազմաթիվ լեզուների: 1931-ից դասախոսություններ է կարդացել Լենինգրադի Համալսարանում: 1934-ին Լենինգրադի Համալսարանում հիմնել է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը, որ ղեկավարել է մինչեւ 1947 թ.: 1939 — 1941 թթ. եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրենը, իսկ 1940-ից` նույն համալսարանի գիտական պրոռեկտորը: 1941 — 1943-ը եղել է Լենինգրադի Համալսարանի տարհանված գիտական մասնաճյուղի վարիչը Ելաբուգայում : 1944-ին աստղաֆիզիկայի ամբիոն է հիմնում Երեւանի Համալսարանում: Վ. Հ. Համբարձումյանը գիտական դպրոցներ է հիմնել Լենինգրադում եւ Բյուրականում, որոնք զգալի հետք են թողել աստղագիտության տարբեր ճյուղերի զարգացման վրա: Վ. Համբարձումյանը նաեւ գիտության ժողովրդականացման-տարածման ջատագով է, հեղինակ է աստղաֆիզիկայի զանազան խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածների եւ գրքերի:

3. Գիտա-կազմակերպչական գործունեություն:

Վ. Համբարձումյանը եղել է գիտության երեւելի կազմակերպիչ Հայաստանում, Ռուսաստանում եւ միջազգային ասպարեզում: Նա եղել է Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն ու տնօրենը, Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի փոխնախագահն ու նախագահը, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի նախագահության անդամ, Միջազգային Աստղագիտական Միության փոխնախագահ (1948 — 1955) եւ նախագահ (1961 — 1964), ապա երկու անգամ ընտրվել է Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ (1968 — 1970, 1970 — 1972):

4. Հասարակական-քաղաքական գործունեություն:

1940 թ. Վ. Համբարձումյանը դարձել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության (ԽՄԿԿ) անդամ: 1947-ին ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: Նա ընտրվել է 1950 — 1990 թթ. բոլոր գումարումների ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր: Վ. Համբարձումյանը եղել է ԽՄԿԿ 19, 22 — 25-րդ համագումարների պատգամավոր: 1989-ին ընտրվել է ԽՍՀՄ Ժողովրդական Պատգամավորների Համագումարի պատգամավոր: 1948 — 1989 թթ. Վ. Համբարձումյանը Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ է եղել եւ եղել է Հայաստանում գիտության պետական հովանավորության քաղաքականության պատասխանատուն:

5.Պարգեւներ եւ կոչումներ:

Վ. Հ. Համբարձումյանին շնորհվել են երկու Ստալինյան մրցանակներ, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ եւ ԽՍՀՄ ԳԱ Լոմոնասովի անվ. ոսկե մեդալ, Վ. Հ. Համբարձումյանը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական Աշխատանքի Հերոսի կոչման, պարգեւատրվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով: Վ. Հ. Համբարձումյանը արժանացել է Հայաստանի Ազգային Հրոսի կոչման եւ պարգեւատրվել Հայրենիքի շքանշանով: Վ. Հ. Համբարձումյանը ընտրվել է մի շարք ակադեմիաների արտասահմանյան կամ պատվավոր անդամ. ԱՄՆ, Ավստրիայի, Ադրբեջանի, Բելգիայի, Բուլղարիայի, ԳԴՀ, Դանիայի, Իտալիայի, Լոնդոնի Թագավորական Ընկերության, Նիդերլանդների, Շվեդիայի, Վրաստանի, Ֆրանսիայի, Բոստոնի Արվեստների եւ Գիտությունների Ամերիկյան Ակադեմիայի, Նյու Յորքի Գիտությունների Ակադեմիայի, Հալեի Բնագետների Գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի, Անգլիայի եւ Կանադայի Թագավորական աստղագիտական ընկերությունների,Ամերիկյան աստղագիտական ընկերության, Քեմբրիջի փիլիսոփայական ընկերության: Եղել է պատվավոր դոկտոր Լյեժի, Ավստրալիայի ազգային, Լա-Պլատայի, Փարիզի, Պրահայի, Տորունի` Ն. Կոպերնիկոսի անվ. համալսարանների :

Վ. Համբարձումյանը արժանացել է Խաղաղօվկիանոսյան եւ Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերությունների Ոսկե մեդալներին, Սլովակյան Գիտությունների Ակադեմիայի ոսկե մեդալին, Ֆրանսիական աստղագիտական ընկերության Ժանսենի անվ. ոսկե մեդալին, Բեռլինի Գերմանական Գիտությունների Ակադեմիայի Հելմհոլցի անվ. ոսկե մեդալին: Վ. Հ. Համբարձումյանի անվամբ է կոչված թիվ 1905 փոքր մոլորակը (Ambartsumian), որ հայտնաբերվել է Տ. Մ. Սմիռնովայի կողմից Ղրիմի աստղադիտարանում 1972 թ. մայիսի 14-ին:

6.Մատենագրություն:

  • В. А. Амбарцумян, Научные труды. [В трех томах]. Под редакцией В.В.Соболева. Издательство АН Армянской ССР. Т. 1 и Т. 2-1960 г., Т. 3-1988 г.
  • Ambartsumian, V.A. A life in astrophysics: selected papers of Viktor Ambartsumian. 1998 Allerton Press, Inc.
  • [http://www.krugosvet.ru/articles/68/1006810/1006810a1.htm Биография]
  • В. А. Амбарцумян, Философские вопросы науки о вселенной. Сборник докладов, выступлений и статей. Издательство АН Армянской ССР. 1973 г.
  • В. А. Амбарцумян, Эпизоды жизни. Издательство «Гитутюн» НАН РА. 2001г.
  • Վ. Հ. Համբարձումյան, Կյանքի դրվագներ, ՀՀ ԳԱԱ հրատ., Երեւան, 2002: